Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հայաստանին ճանաչում բերած գյումրեցի չեմպիոններին`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին ընդունելուց ու հրապարակային շնորհակալություն հայտնելուց հետո, նրանց պատվին բացեց շամպայնի շշերը:
Այդտեղ հավաքված էին տարբեր սպորտաձևերում հաղթած գյումրեցի չեմպիոններ ու հայտնի մարզիչներ: Վերջիններս բաժակ-բաժակի խփեցին ու մի լավ քննադատեցին Հ1-ի սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին: «Կարեն Գիլոյանի բերանը չի բռնե մի հատ ըսե, թե հաղթող մարզիկը գյումրեցի է», -նեղսրտեց հավաքվածներից մեկը:
Հիշեցնենք, որ այդ նույն քննադատությունը մի քանի տարի առաջ`2009 թվականի նոյեմբերի 30-ին, հնչեցրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ ժամանակ Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի էր ունենում աշխարհի առաջնությունը, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր և որին մասնակցում էր նաև Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Նազիկ Ավդալյանը: Նա հենց այդ ժամանակ դարձավ անկախ Հայաստանի առաջին ծանրամարտի աշխարհի չեմպիոնը: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ, մասնակցելով Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը համընկավ Նազիկ Ավդալյանի չեմպիոն դառնալու հետ, հրապարակավ խայտառակեց սպորտային մեկնաբաններին`Գյումրի անունը եթերով չհնչեցնելու համար: «Բա էն սպորտային մեկնաբանը, մի հատ Գյումրու անունը չտվեց, տղա ջան, գյումրեցիներից ապրել սովորեցիք, ամեն ինչ գյումրեցիներից փախցրեցիք տարաք, նույնիսկ առաջին համալսարանը, հիմա զլանում եք հա՞ մի հատ Գյումրի անունը հնչեցնել, ամոթ է, ամոթ է», -նեղսրտել էր Գյումրու ամենակոլորիտով քաղաքապետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ