Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազությունը սխալ հայտարարություն է տարածել. «Զինդատախազն անհավասար պայմաններ էր թելադրում»

Օգոստոս 21,2013 18:14

Օրերս ՀՀ զինդատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե ինչպիսի մթնոլորտում է ընթացել բանակում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ըստ այդ հաղորդագրության, աշխատանքային այդ խմբում ընդգրկվելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն, ծավալվել է ակտիվ քննարկում, ձեւավորվել են աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները:

Սակայն դա միայն զինդատախազության տպավորությունն է՝ այդ հանդիպումից: Aravot.am-ի հետ զրույցում աշխատանքային խմբում ընդգրկված կազմակերպություններից մեկի՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հ/կ նախագահ Ժաննա Ալեքսանյանը պատմեց, որ իրենց փաստաբանը մասնակցել է այդ նիստին. «Այդ հանդիպման ընթացքում քննարկում չի եղել աշխատանքային խմբի անելիքների, ձեւաչափի մասին: Ակնհայտորեն զինդատախազությունը թելադրում էր իր պայմանները»:

Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ զինդատախազությունը հայտարարություններ է արել, իր տեսակետն է ներկայացրել եւ թելադրել իր պայմանները. «Մենք, իհարկե, մտածում էինք, որ կքննարկվի ձեւաչափը եւ ոչ միայն 2011-ից հետո գործերը, այլ՝ 2000 թվականից սկսած կարելի էր ներառել այդ խմբի աշխատանքների մեջ: Մինչեւ այդ խմբի առաջին նիստը շատ ողջամիտ առաջարկներ էր արել օմբուդսմենի գրասենյակը՝ ավելի մեծ թվով գործեր  վերանայելու համար, սակայն նրանք այլեւս չեն հրավիրել օմբուդսմենի գրասենյակին: Նրանք առհասարակ որեւէ պայման չեն քննարկել հ/կ-ների հետ, թե որն է ընդունելի, որն ընդունելի չէ, ինչ կարելի է անել, մասնակցությունն ինչպես է որոշումների վրա ազդելու, հ/կ-ների առաջարկներն անցնելու են, թե ոչ: Նման հարցեր չեն քննարկվել: Ես դեռ վերջնական պատասխան չեմ տվել մասնակցության առումով, բայց տրամադրված չեմ, այսպես ասեմ: Նաեւ ասեմ, որ զինվորական դատախազն անհավասար պայմաններ է թելադրում՝ ակնհայտորեն առավելությունը տալով զինդատախազությանը: Ակնհայտ անհավասար պայմաններ էր ստեղծված կողմերի միջեւ»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ կարելի էր դրանց վրա ուշադրություն չդարձնել, եթե առաջարկները ողջամիտ լինեին եւ իրոք քննարկվեր,  Փաստաբանների պալատը մասնակցեր, Օմբուդսմենի գրասենյակը. «Ես միշտ կողմ եմ ոչ թե հայտարարություններ անելուն, այլ բերել մեր մասնակցությունը եւ տեսնել, թե որքանով է արդյունավետ: Եթե այդ արդյունավետությունը չի ապահովվի, միշտ կարելի է դա անել: Չի բացառվում, որ առաջիկայում մենք դուրս գանք, եթե տեսնենք, որ այդ ձեւաչափով են շարունակելու աշխատել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031