Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Կամո Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսին հյուրընկալվելով իր զոքանչի` Բերդ քաղաքի բնակիչ Ռոզա Դանիելյանի բնակարանում եւ իմանալով վերջինիս տանը պահվող գումարի եւ արժեքավոր իրերի պահման վայրը, 2013թ. մայիսի 20-ի երեկոյան գաղտնի պահոցից հափշտակել է 600 հազար դրամ եւ այն ծախսել իր անձնական կարիքների համար:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ժամանակ Ռոզա Դանիելյանը դատարանին խնդրել է ազատազրկման չդատապարտել Կամո Միրզոյանին, ով նախկինում դատված է: Կամո Միրզոյանն ունի անչափահաս երեխա: Ռոզա Դանիելյանը դատարանում պահանջել է, որպեսզի փեսան վերականգնի իրեն պատճառված վնասը: Օգոստոսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Կ. Միրզոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով») եւ նրան դատապարտել է 800 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռել է, որ Կ. Միրզոյանը պետք է վերականգնի Ռ. Դանիելյանին պատճառված վնասը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ