Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր Գյումրիին միջազգային ասպարեզում մեծ ճանաչում բերած չեմպիոններին. հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող գյումրեցիներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին:
«Սաղ չեմպիոններն այստեղ են հա ՞», -ներս մտնելով՝ հպարտ-հպարտ ասաց քաղաքապետը:
Վերջինս նաև ասաց, որ քանի դեռ ինքը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է ու Գյումրու քաղաքապետը, երազում է, որ Գյումրին գոնե աշխարհի մի չեմպիոն ունենա:
Այնուհետ ավագանու որոշմամբ Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհեցին հունահռոմեական ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Հակոբի Սարգսյանին, որը մարզել է օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ տասնյակ չեմպիոնների, այդ թվում՝ նաև Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին: Նշենք, որ մարզիչը այժմ բնակվում է Մոսկվայում:
Կարդացեք նաև
Մարզիչը իր հերթին շնորհակալություն հայտնելիս կատակով ասաց. «Լավ է ուշ, քան երբեք»: Այնուհետ ակնարկեց, որ հայերը հայրենասիրության պակասից չէ, որ գնում են արտագնա աշխատանքի:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին էլ հատուկ ողջունեցին ադրբեջանցի մրցակցին ոչնչացնելու ու 15 հազար դոլարից զրկելու համար:
Aravot.am-ը Հենրիկ Սարգսյանին հարցրեց, թե ի՞նչ 15 հազար դոլարի մասին է խոսքը: Չեմպիոնը պատասխանեց, որ Ադրբեջանում մշակվել է պետական մի քաղաքականություն, համաձայն որի՝ միջազգային մրցումների ժամանակ հայ սպորտսմենին (անկախ նրանից, թե հայը որ երկրի կողմից է հանդես գալիս, ում դրոշի տակ), հաղթած ադրբեջանցին պարգևատրվում է 15 հազար դոլարով: Մեր մարզիկը հպարտ էր, ուրախ, որ ադրբեջանցուն զրկել է պայքարից, հետևաբար՝ 15 հազար դոլար ստանալու հաճույքից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
”Վերջինս նաև ասաց, որ քանի դեռ ինքը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է ու Գյումրու քաղաքապետը, երազում է, որ Գյումրին գոնե աշխարհի մի չեմպիոն ունենա:”
Շատ լավ է գրված, հենց չեղավ էդ պաշտոններում, չի երազելու: Շատ բնորոշ է Գյումրու քաղաքապետին:
Այ մարդ հազիվ նորմալ մարդ է ընկել ձեռներս մի բամբասեք էլի, թողեք թող քաղաքը սարքի