Նախօրեին խորհրդարանական ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հանդես էին եկել բուհերում ուսման վարձավճարները թանկացնելու թեմայով խորհրդարանում լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ:
«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադառնալով այդ նախաձեռնությանն` ասել էր. «Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ շատ հաճախ նրանց կուսակցական շահերը, ցավոք սրտի, չեն համընկնում ո՛չ պետական, ո՛չ հանրային շահերի հետ։ Բուհերի ռեկտորները ապրիլ-մայիս ամիսներին էին վարձավճարների բարձրացման որոշումներ կայացրել, բայց այդ ընթացքում քաղաքական ուժերից ոչ մեկը այդ հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարց չբարձրացրեց, չառաջարկեց քննարկել խնդիրը։ Սպասում էին, որ լիներ քաղաքացիական շարժում, բողոքական որոշակի զանգված, որ փորձեին վերմակն իրենց վրա՞ քաշել։ Չեմ ուզում այլ որակումներ տալ, բայց փաստն ինքնին բավական խոսուն է»:
Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն Արտակ Դավթյանի արտահայտած մտքերի վերաբերյալ ասաց. «Ես ճանաչում եմ Արտակ Դավթյանին, լավ կարծիք ունեմ իր մասին եւ չեմ կարծում, որ այդքան պրիմիտիվ կարող է արձագանքել մեր առաջարկին»:
Մեր զրուցակիցը նկատում է, որ բարեբախտաբար հայրենի խորհրդարանում դեռ կան ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ, ովքեր պարտավոր են արձագանքել իրենց ընտրողների բարձրացրած հարցերին. «Թե ես, թե, կարծում եմ հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում նաեւ Արտակ Դավթյանը, ստացել ենք նման նամակներ, բողոքներ, դիմումներ: Ու նկատի ունենալով հարցի հնչեղությունը, շատ բնական է, որ ԱԺ-ն եւ ոլորտային հանձնաժողովը պետք է անդրադառնա այդ հարցին»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ապրիլ-մայիս ամիսներին, երբ բուհերի ռեկտորները վարձավճարները բարձրացնելու որոշումներ կայացրեցին, խորհրդարանական ոլորտային հանձնաժողովն ու քաղաքական ուժերը նախաձեռնություններ չցուցաբերեցին: Պարոն Հակոբյանն ասաց. «Այն ժամանակ, եթե հիշում եք, հասարակության եւ նույն ուսանողության կողմից ընդհանրապես նման արձագանք չեղավ: Հիմա է այդ արձագանքը եւ բավականին լայն ու սուր հնչեղություն է ձեռք բերել: Հետեւաբար, շատ բնական է, որ մեր հանձնաժողովը պետք է անդրադառնա դրան: Ամեն դեպքում, ես կխնդրեի, որ մեկ անգամ էլ այդ հարցը տայիք Արտակ Դավթյանին: Հավանաբար այդ հարցազրույցի ժամանակ ինչ-որ թյուրիմացություն է եղել: Ես չեմ պատկերացնում, որ նա կարող է այդ տոնով պատասխանած լիներ մեր առաջարկությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ