«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) օգոստոսի 13-ին դատական գործ է սկսել ընդդեմ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի:
«Առավոտի» հետ զրույցում ԻԱԿ-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանը (լուսանկարում) նշեց, որ հարցում են ուղարկել ՀՀ ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան՝ Երևանի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի պատճենը ստանալու համար: Ոստիկանությունը հղում է կատարել Երևանի քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը իր հերթին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին.
«Փարկինգ Սիթի Սերվիսը» նույնիսկ հրաժարվել է մերժել՝ պատճառաբանելով, որ հանրային մարմին չի և հանրությանը տեղեկություն չի տրամադրում: Փաստորեն՝ ստեղծվել է փակ շղթա, և եթե ընկերությունը հանրությանը տեղեկություն չի տրամադրում, ապա ինչո՞ւ է քաղաքապետարանը հղում կատարել նրանց և ինչո՞ւ ենք մենք վճարում իրենց: «Փարկինգ Սիթի Սերվիսը» ունի հանրային նշանակություն՝ նա միակն է, ով տրամադրում է նման ծառայություն: Նաև ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի՝ տեղեկության տնօրինող են համարվում նաև տրանսպորտի ոլորտում հանրությանը ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպությունները»:
Կարդացեք նաև
Իսկ «Փարկինգ Սիթի Սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանը մեր զրույցում միայն նշեց, որ ծառայություն է մատուցում քաղաքապետարանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Վազգեն Հարությունյանի լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»