Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժին է տեղափոխվել այսօր Կոմիտաս 5 հասցեում իր երակները վնասած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը:
Այս մասին Aravot.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նա խոսել է երակները կտրած ակտիվիստի հետ, ասաց, որ վիճակը կայուն էր. «Հիվանդանոցից հենց նոր բերեցին այստեղ: Խոսեցի հետը, ասաց` պինդ եմ, խորհուրդ տվեցի ոչ մի բան չստորագրել: Մի քանի ժամից իր հետեւեից մարդ կուղարկենք, որ նրան տեղափոխեն տուն»:
Պարոն Խզմալյանի խոսքերով, Անուշավանը Նախախորհրդարանից չէ, քաղաքացիական ակտիվիստ է. «Պայքարող մարդ է եւ նրան պետք է վերաբերվենք որպես գործընկերոջ»:
Կարդացեք նաև
Պարոն Խզմալյանը տեղյակ չէ, իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկությունը, թե Անուշավանը հոգեբուժարանում հաշվառված է, ինչպես այսօր վստահեցնում էր Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը. «Նրանք չեն խորշի մեր շարժումը պիտակավորելու համար գժի թուղթ էլ կհանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ