Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գնորդներն անգամ տեղյակ չէին, որ «Արզնի կաթի» արտադրանքի վրա կա արգելանք

Օգոստոս 21,2013 16:28

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը: Արգելքը դրվել էր օգոստոսի 8-ին, վերը նշված արտադրանքները փորձաքննության ենթարկելուց հետո՝ դրանցում հայտնաբերելով որոշակի խախտումներ:

Շրջելով Երեւանի սուպերմարկետներում եւ վաճառողներից հետաքրքրվելով, թե այս ամսվա ընթացքում «Արզնի կաթի» արտադրանք վաճառքում միշտ եղե՞լ է, թե՞ ոչ, համոզվեցինք, որ արգելքի ընթացքում այն, միեւնույն է, արտադրվել է եւ փոխանցվել խանութներին: Վաճառողուհիներից մեկը վստահեցրեց, որ իրենց խանութում ապրանքը միշտ եղել է, եւ որ իրենք երբեք ժամկետանց ապրանք չեն վերցրել.«Մենք ամեն օր, պարտադիր կերպով, ընկերության տարբեր ապրանքներ էինք ստանում»:

Երեւանի մի քանի սուպերմարկետների հաճախորդները Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ անգամ տեղյակ էլ չէին, որ կաթնամթերքի վրա արգելանք է դրված եղել: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են օգտվում այդ արտադրանքից եւ արդյոք երբեք բողոքներ չե՞ն եղել, պատասխանը գրեթե նույնն էր. «Որովհետեւ 10-20 դրամով ավելի էժան է, քան մյուս ընկերությունների կաթնամթերքները»:

«Միշտ օգտվել եմ, երբեք չեմ էլ նկատել համի որեւէ փոփոխություն, միշտ նույնն է եղել: Մի քանի օր առաջ էլ գնեցի, էլի նույն համն էր, անգամ չգիտեի էլ, որ չպետք է լինի վաճառքում»,- ասաց մի գնորդուհի, որը չցանկացավ ներկայանալ:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ եթե որեւէ ընկերությունում գրանցվում է նման դեպք, սպառողը պետք է հենց առաջինը տեղեկացվի նման իրադրության մասին՝ լրացուցիչ զգուշավորություն ցուցաբերելու նպատակով:

Բաբկեն Պիպոյանն ասում է, որ պետք էր հետեւողական լինել այն ժամանակ, երբ երկու լաբորատորիաներ նույն մթերքի վերաբերյալ տվեցին տարբեր եզրակացություններ.«Մեկն ասաց, որ եզրակացությունը բացասական է եւ արտադրանքը վտանգավոր է, իսկ մյուսն էլ՝ անվտանգ: Այս դեպքում, եթե մենք ունենք լաբորատորիայի կողմից գրանցած թեկուզ մի փոքր շեղում, ապա սպառողը պետք է իրազեկվի այդ մասին»:

Կազմակերպության նախագահի խոսքերով՝ խնդիրը տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարումն է. «Նույն «Արզնի» ընկերությունը հերքեց՝ ներկայացնելով լաբորատոր փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ իր ապրանքը ի սկզբանե եղել է լավը եւ ոչ մի խնդիր չի ունեցել»:

Մեր այն հարցին, թե ինչու գնորդների մեծ մասը տեղեկացված չէր ընկերության կաթնամթերքի վրա դրված արգելքի մասին, պարոն Պիպոյանը պատասխանեց, որ դրա միակ պատճառը հեռուստաընկերությունների եւ կայքերի հետ ընկերությունների գովազդային քաղաքականությունն է: «Ես այն կարծիքին եմ, որ սննդամթերքի գովազդը ՝ լինի դա հեռուստատեսությամբ կամ համացանցով, ընդհանրապես պետք է դուրս գա: Մենք այս դեպքում գործ ենք ունենում մարքեթինգային քաղաքականության հետ: Խոշոր ընկերություններն այսօրվա տվյալներով 70-80 միլիոն դրամի գովազդ են պատվիրում հեռուստաընկերությանը: Հետագայում, եթե ունենում են բրենդի հետ կապված կոնկրետ խնդիրներ, հեռուստաընկերությունը չի լուսաբանում եւ չի իրազեկում հանրությանը առկա խնդիրների մասին իր իսկ շահի համար՝ հաշվի չառնելով հասարակության շահը: Այս դեպքում, եթե հասարակությունը տեղեկանա արտադրանքի անորակության մասին, ապա դա ընկերության համար կլինի տուգանքից ավելի ծանր պատժամիջոց: Նման մի երեւույթ էլ հենց տեղի է ունենում «Արզնի» ընկերության հետ»,-վստահեցրեց պարոն Պիպոյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է այդքան կարճ ժամկետում արգելանքը վերացնել եւ դառնալ անվտանգության չափանիշներին համապատասխան, պատասխանեց, որ հնարավոր է. «Կարող է որոշ ցուցանիշներ շեղումներ ունենան եւ դրանք շտկելուց հետո խնդիրը վերացված լինի: Սակայն պետք է հասկանալ, թե, առաջին հերթին, որոնք են եղել անվտանգության ցուցանիշների խախտման պատճառները: Այս պատճառները դեռ պետք է խորը ուսումնասիրությունների ենթարկվեն»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ արգելք լինելու ժամանակ անթույլատրելի է վաճառել որեւիցե ապրանք: Պարոն Պողոսյանը կարծում է, որ ընկերությունների արտադրանքների նկատմամբ օբյեկտիվության միակ ապահովողները սպառողներն են եւ հասարակական կազմակերպությունը: Սակայն նա նշում է, որ Հայաստանում նման խնդրահարույց իրավիճակներում բացարձակապես հաշվի չեն առնում ոչ մեկի, ոչ էլ մյուսի կարծիքը:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031