2013 թվականին Եգիպտոսում ցույցերից հետո սկսվեցին պատերազմական գործողություններ նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակամարտության արդյունքում, 2013 թվականի օգոստոսի 21-ի տվյալներով, մահացել է ավելի քան 900 մարդ:
Երկրի կառավարությունը անհանգստացած է զբոսաշրջիկների թվի խիստ անկումով: Եգիպտոսի տուրիզմի նախարարը հայտարարել է, որ պատերազմական գործողությունները ընթանում են խոշոր քաղաքներում, իսկ Կարմիր ծովի հանգստավայրերում իրավիճակն ապահով է: Չնայած նախարարի հայտարարությանը, շատ երկրներ, որոնց թվում է Ռուսաստանը, հորդորում են իրենց քաղաքացիներին չմեկնել Եգիպտոս:
Ինչպես հայտնում է ռուսական կայքերից մեկը՝ ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների մոտ 90%-ը հրաժարվել է տուր փաթեթից:
Ֆինլանդիայի և Ադրբեջանի կառավարությունները սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին:
Կարդացեք նաև
Պարզելու համար` արդյոք Հայաստանում տուրիստական գործակալությունները տրամադրում են տուրիստական փաթեթներ դեպի Եգիպտոս, «Առավոտ»-ը հարցում անցկացրեց Երևանում գտնվող տուրիստական գործակալությունների շրջանում:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ գործակալությունների մեծամասնությունը պատրաստ է կազմակերպել տուրեր Եգիպտոսում, սակայն ցանկացողներ չկան:
«Այժմ Հայաստանից Եգիպտոս մեկնողները շատ քիչ են: Մեր գործակալությունը փորձում է շրջանցել այդ երկիրը: Երբ հաճախորդ է գալիս մեզ մոտ, մենք նրան ասում ենք, որ Եգիպտոսում պատերազմական իրավիճակ է: Ճիշտ է, այն վայրերում, որտեղ մենք հանգստյան փաթեթներ ենք առաջարկում, իրավիճակը հանգիստ է, բայց ամեն դեպքում մենք զգուշացնում ենք»,- ասացին տուրիստական գործակալությունում:
Այն հարցին` արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ հաճախորդը վերցրել է տուր փաթեթը, բայց հրաժարվել է մեկնել, պատասխանեցին. «Ոչ, նման դեպքեր չեն եղել: Մարդիկ հենց սկզբից հրաժարվում են: Լինում են անվախ մարդիկ,որոնք չնայած ամեն ինչի գնում են»:
Հարցմանը մասնակցած տուրիստական գործակալություններից միայն երկուսն են, որ հաշվի առնելով Եգիպտոսում տիրող իրավիճակը, այլևս տուրեր չեն տրամադրում այդ երկիր: Բացի այդ, դադարել են Երևան-Եգիպտոս ուղիղ չվերթները:
Նշենք, որ ներկայումս Եգիպտոսի մեծ քաղաքներում իրավիճակը շատ լարված է, իսկ օգոստոսի 14-ից Եգիպտոսում մեկ ամիս արտակարգ իրավիճակ է հայտարարված:
Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ
Լուսանկարը՝ https://worldnews.nbcnews.com-ից