Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Հակաքաղաքագիտական եմ համարում Գուրգեն Եղիազարյանի առաջարկը»

Օգոստոս 21,2013 15:24

«Դա ընդհանուր մի նախադասություն է, որը բոլոր քաղաքական գործիչները տարվա տարբեր եղանակներին ասել են: Չունենալ, թե ինչից են փրկում երկիրը, ինչպես են փրկում, ես չգիտեմ, փողոցում անընդհատ ցույց անելո՞վ ենք փրկելու, իշխանությունը տապալելով, ռեժիմը տապալելո՞վ ենք փրկելու, ի՞նչ ենք անելու: Մինչեւ կոնկրետություն չլինի, ես չեմ կարող դրա մասին խոսել եւ դրա շուրջ հավաքվել, առավել եւս՝ «Ժառանգության» անունից»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանի առաջարկը:

Հիշեցնենք, որ պարոն Եղիազարյանն առաջարկել էր ընդդիմադիր գործիչներին, որ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու, փրկելու համար համախմբվեն, բայց նախապես պայմանագիր ստորագրեն, որ որեւէ մեկը պաշտոնի չի գնալու, մաքուր նպատակներով են հավաքվելու:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, անհասկանալի է իր համար Գուրգեն Եղիազարյանի առաջարկը. «Ի՞նչ ենք անելու՝ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին հեռացնելու ենք ու թողնելու ենք, որ բոլոր աթոռները դատա՞րկ մնան: Ո՞վ է գալու»:

Մեր դիտարկմանը, որ աթոռները կարող են զբաղեցնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Ստյոպա Սաֆարյանն ընդդիմացավ. «Քաղաքացիական հասարակությունը չի կարող քաղաքական ուժի գործառույթ կատարել: Նա կարող է անցում կատարել քաղաքացիական հասարակությունից դեպի քաղաքական կյանք, բայց չի կարող քաղաքական իշխանությունն իրականացվել քաղաքացիական հասարակության կողմից: Այդպիսի բան չկա եւ չի եղել աշխարհում: Դա լավ բան չի, որ լինի:

Վրաստանում դա աղետալի հետեւանքներ ունեցավ, Վարդերի հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության դաշտում ստեղծվեց մի մեծ վակուում: Քաղաքացիական հասարակության բոլոր կարկառուն դեմքերը դարձան նախարարներ, պաշտոնյաներ եւ երկրում քաղաքացիական հասարակություն չմնաց, որպեսզի վերահսկի իշխանությանը:

Հիմա Հայաստանում գոնե լավ կլինի մի հատ բացեն քաղաքագիտության գիրք կարդան եւ հասկանան, որ քաղաքացիական հասարակությունը առանձին մարմին է, քաղաքական կուսակցությունները՝այլ սեկտոր են, եւ երկուսն իրարից արմատապես տարբերվում են: Քաղաքացիական հասարակությունը երբեք չի ձգտում գալ իշխանության, իսկ քաղաքական ուժերը պարտավոր են գալ իշխանության, պետք է ձգտեն դրան: Այն քաղաքական ուժը, որն իշխանության չի ձգտում, ուրեմն ուրիշ բանով է զբաղված, ուրեմն առեւտրով է զբաղված, իմիտացիայով է զբաղված»:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հակաքաղաքագիտական է համարում Գուրգեն Եղիազարյանի այդ առաջարկը, որ կարելի է պայքարել, իշխանությունից ազատվել եւ չգալ իշխանության ու իրականացնես այն ծրագիրը, որին դու հավատում ես եւ վստահ ես, որ երկիրը կփոխվի. «Բա ո՞վ պիտի գա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ինձ թվում է,որ Գ.Եղիազարյանի առաջարկությունը բավականին ռացիոնալ է՝գոնե քաղաքական ուժերի համախմբման և դրանով իսկ գործող իշխանության դեմ ուժեղ բռունցք ստեղծելու իմաստով,որը մեր քաղաքական ուժերին մինչև այժմ չի հաջողվել իրականացնել:Գուցե նախքան այդպիսի՝ կատեգորիկ-իմպերատիվ տոնով այդ առաջարկը մերժելը, արժեր? ,,Ժառանգություն,,կուսակցությունում կամ մյուս ընդդիմադիր ուժերի հետ քննարկել այդ առաջարկությունը, ուղղումներ կամ լրացումներ մտցնել և այլն(не надо рубить с плеча): Տեսականորեն՝ դասագրքային իմաստով,Ս.Սաֆարյանը գուցե և ճիշտ է, սակայն լինում են դեպքեր,երբ անհրաժեշտ է գործել իրավիճակից ելնելով,խախտելով բոլոր դասագրքային ու քաղաքագիտական ճշմարտությունները:Արդյոք, սա այդ դեպքը չի:Այստեղ ոչ մի ավանտյուրա չկա:Սա լուրջ քննարկման առարկա է:Իսկ ինչ վերաբերվում է պ-ն Ս.Սաֆարյանի՝ ,,բա ով պիտի գա?,,հռետորական հարցին,ապա պետք չի ,,ձևեր թափել,,:Պատասխանը առավել քան պարզ է՝ դուք,էլ ով?Միավորվեք,հաղթեք,մնացածը տեխնիկայի հարց է:Իսկ նախորոք ,,բարաթ պահանջելը,, , ինչպես հիմա ընդունված է ասել, կոռեկտ չէ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031