Յոգա բառը շատերին է ծանոթ, սակայն ոչ բոլորը հստակ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ: Շատերը կարծում են, թե յոգան կրոն է կամ մարմնամարզության տարբերակ,սակայն ըստ Հրանտ Դանդուրովի, ով «Դհարմա» յոգայի դպրոցի հիմնադիր-ղեկավարն է և ավելի քան 10 տարի զբաղվում է յոգայով կարծում է, որ յոգան կյանքի գիտություն է և միայն այն խորապես ուսումնասիրելով կկարողանաս հասկանալ դրա կարևորությունը: Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» զրուցեց նրա հետ և փորձեց պարզել, թե ինչ է իրականում յոգան և բացի գեղեցիկ կազմվածքից՝ ի՞նչ կարող է այն տալ:
Ի՞նչ է յոգան և դուք ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել յոգայով:
Յոգայով սկսեցի հետաքրքրվել այն ժամանակ, երբ մեկն էլ էի Թայլանդ՝ «Ват Асока Рам» վանք: Գնացել էի 2010թ-ին ուսումնասիրելու բուդդայական մեդիտացիա: Չնայած դեռ 10 տարի առաջ ես արդեն ուսումնասիրում էի Ձեն (ուսմունք և բուդդիզմ), այն բուդդայական դպրոց էր, որը նույնպես ուներ նմանություններ յոգայի հետ: Ես կարծում եմ, որ յոգան ապրելակերպ է, որը տալիս է ինձ առողջ մարմին, ամուր և հավասարակշռված մտածողություն և ուժ, էներգիա, որպեսզի հաղթահարեմ այդ ամենը և ես զբաղվում եմ հաթհա յոգայով: Հաթհա յոգան ապահովում է կատարյալ հավասարակշռություն մարմնի մտքի և էներգիայի միջև:
Այսօր Հայաստանում այդ ուղղություններից որո՞նք են ավելի տարածված:
Հաթհա յոգան իհարկե և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Հաթհա յոգայում օգտագործվում է ասանան, որը մարմնի դիրքն է, մարմնի վարժությունները: Իսկ պրանայաման՝ շնչառական վարժությունները: Իհարկե կարևոր է պահպանել նաև ճիշտ ապրելակերպը և ճիշտ սնունդը:
Դա հավանաբար կլասիկ յոգան է :
Այդպես կարելի է համարել: Բայց ամեն դեպքում, դա միայն մեթոդ է, որը համընկնում է մարդկության մեծ մասի հետ: Որպես առանձին ճյուղ՝ կլասիկ յոգա գոյություն չունի, որովհետև յոգան ինքնին արդեն կլասիկա է:
Ովքե՞ր են հետաքրքրված յոգայով, յոգան ավելի շատ կանա՞նց է հետաքրքրում, թե՝ տղամարդկանց: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ պատկերացումներ ունեն այսօր մարդիկ յոգայի վերաբերյալ:
Հետաքրքրությունը յոգայի հանդեպ գնալով աճում է և դա ակնհայտ է: Յոգայով հետաքրքրվում են հիմնականում կրթված, ինտելեկտուալ, միջին խավի մարդիկ և մտավորականներ: Յոգան ավելի շատ կանանց է հետաքրքրում, որովհետև տարածված կարծիք կա, որ յոգան գեղեցկացնում է մարմինը և դա իհարկե այդպես է: Մարդիկ, հիմնականում յոգա ասելով, հասկանում են սպորտաձև, սակայն, երբ ուսումնասիրում են առավել խորությամբ, սկսում են հասկանալ, որ յոգան մեծ և լուրջ թեմա է, յոգան կյանքի գիտություն է:
Իսկ ինչպիսի՞ ուսուցում է կատարվում և ի՞նչ հիմունքներով: Բացի ֆիզիկական ուսուցումից՝ արդյո՞ք յոգայի մասին խորքային գիտելիքներ տալի՞ս եք :
Այո՛, իհարկե: Յուրաքանչյուր դասընթացի սկզբում ես տալիս եմ կարճ ինֆորմացիա փիլիսոփայական յոգայից վերցրած ինչ-որ առարկայի մասին, հետո ասանա, պրանայամա և ամենավերջում մեդիտացիա: Այդպես վերջերս մենք ավարտեցինք Հնդիկ իմաստուն Պատանջալի 8 աստիճանների ծանոթությունը: Մենք նաև հաճախ կազմակերպում ենք լեկցիաներ, մաստեր կլասեր, հրավիրում ենք դասախոսների և ավելի խորքային գիտելիքներով ինֆորմացնում մեր աշակերտներին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում մեդիտացիան, ի՞նչ դեր ունի այն յոգայի մեջ:
Իրականում ասանաների և հաթհա յոգայի միջոցով մարդը պատրաստվում է անել մեդիտացիաններ: Մեդիտացիան աշխատանք է մտքի հետ, դա մեթոդ է թափանցելու ինքդ քո մեջ, հասկանալու համար, թե ով ես դու իրականում, մեդիտացիայի միջոցով դու կարողանում ես տարբերակել քո ներքին հոգեբանական խնդիրները: Իսկ երբ տարբերակում ես, դառնում ես միանշանակ առողջ և երջանիկ մարդ:
Քանի՞ տարեկանից կարելի է զբաղվել յոգայով, կամ յոգայի մեջ կա՞ տարիքային սահմանափակում:
Այժմ կան նաև կուրսեր շատ փոքրիկների, նույնիսկ 2-3 տարեկան երեխաների համար: Տարեցները նույնպես հաճույքով զբաղվում են: Մեր առավոտյան խմբում մենք ունենք մի կին, որը 60 տարեկան է: Ուստի կարելի է ասել, որ յոգայի մեջ տարիքային սահմանափակումներ չկան:
Իսկ այդքան փոքր տարիքի երեխաների համար ո՞րն է յոգայով զբաղվելու խորհուրդը:
Յոգան սովորեցնում է կենտրոնանալ, կարգավորել մտքերը, կոփում է մարմինը և այն դարձնում ճկուն: Հիմա պատկերացրեք, որ այդ ամենը մենք ունենում ենք դեռ մանկուց, ես որ շատ կցանկանայի 🙂
Ինչ-որ ժամկետներ կա՞ յոգայով զբաղվելու համար, թե՞ կարելի է զբաղվել ողջ կյանքի ընթացքում:
Ոչ թե կարելի է, այլ պե՛տք է զբաղվել յոգայով ամբողջ կյանքի ընթացքում: Ինչպես ասենք՝ սնվում եք քանի դեռ ողջ եք: Անգամ երբ մարդը չի կարողանում այլևս շարժվել, նա կարող է մեդիտացիա անել:
Այսօր շատերը զբաղվում են յոգայով՝ միայն մտածելով իրենց կազմվածքի մասին: Ձեզ մոտ այդպիսիք գալի՞ս են:
Ինձ մոտ այցելում են ավելի պատրաստված և կրթված մարդիկ, ովքեր հասկանում են, որ յոգան միայն ճիշտ քաշ ու գեղեցիկ մարմինը չէ:
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր յոգա ասելով՝ հասկանում են միայն գեղեցիկ կազմվածք :
Այդ մարդիկ յոգայից կստանան այն, ինչի համար որ եկել են:
Ցանկանու՞մ եք գեղեցիկ սպորտային կազմվածք, կստանաք դա: Ցանկանու՞մ եք հասկանալ, թե ո՞վ եք դուք իրականում, փորձեք, ջանք թափեք և կհասկանաք ինքներդ ձեզ:
Ի՞նչ դեպքերում խորհուրդ չի տրվում զբաղվել յոգայով:
Ինչպես արդեն ասացի ՝մեդիտացիա անել կարելի է բոլորին և միշտ՝ դա ռաջա յոգայում: Իսկ ինչ վերաբերում է Հահթա յոգային, այնտեղ կան մի քանի սահմանափակումներ, օրինակ՝ հակացուցված է հոգեկան խանգարում, սիրտ-անոթային խնդիրներ, ողնաշարային խատումներ ունեցող կամ էպիլեպսիկ հիվանդություններով տառապողներին: Բայց նույնիսկ այս դեպքերում լավ ուսուցչի և ամուր կամքի շնորհիվ կարելի է հասնել արդյունքի:
Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր որոշել են, որ պետք է զբաղվեն յոգայով, սակայն ինքնավստահություն չունեն կամ չգիտեն՝ ինչպե՞ս սկսել:
Նախ սկզբում պետք է փորձել ինքնուրույն՝ տանը: Համացանցում շատ են սկսնակների համար յոգայի հոլովակները: Սկզբում փորձեք դանդաղ և առանց շտապելու, և միայն այդ ժամանակ դուք կզգաք արդյունքը և կցանկանաք յոգան ուսումնասիրել մանրամասնորեն: Ապա փնտրեք փորձառու ուսուցիչ և առա՛ջ:
Խուրհուրդ ուսուցիչ փնտրելու համար.
այցելեք տվյալ խումբ և սկսեք մանրամասն ուսումնասիրել աշակերտներին, հատկապես նրանց, ովքեր արդեն բավական ժամանակ է՝ սովորում են այդ ուսուցչի մոտ: Դա ամենահավաստի ձևն է՝ հասկանալու համար ձե՞րն է այդ ուսուցիչը, թե՝ ոչ, որովհետև ապագայում դուք նմանվելու եք այդ աշակերտին:
Օվսաննա Սիմոնյան