Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կես ժամ էր տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել էր կտրել երակները:
Ակտիվիստի հետ բանակցում էին ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները:
Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել էր այսօր առավոտյան:
Նա իր թեւը կապել էր պարանով եւ աշխատեցնում էր բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով:
Կարդացեք նաև
Արաբկիր համայնքի ոստիկանության պետի տեղակալ Պետրոսյանը «Առավոտին» հայտնեց, որ տվյալ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում:
Քիչ առաջ Անուշավան Պետրոսյանը կտրեց երակները եւ այժմ կանգնել է՝ ձեռքերը վեր պարզած: Այս պահին շտապօգնությունն է ժամանել: Բնակիչներն արտասվելով խնդրում են ոստիկաններին միջամտել՝ վախենալով, որ Անուշավանն արյունաքամ կլինի: Սակայն ոստիկաններն առայժմ ոչ մի քայլ չեն ձեռնարկում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ