Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե օգնության կարիք ունեն, այլ հավասար հնարավորությունների»

Օգոստոս 21,2013 14:22

Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե օգնության կարիք ունեն, այլ հավասար հնարավորությունների: Այդ մասին այսօր Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի` հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա տեղեկացրեց, որ նախարարության մշակած օրենքի նոր նախագծով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ, նրանց հասարակություն ինտեգրել:

«Այսինքն` մենք ոչ թե ունենք խնդիր զուտ սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու, այլ հավասար հնարավորություններ ստեղծելու. դա միջավայրն է, տրանսպորտի հետ կապված խնդիրներն են, աշխատանքի հնարավորություններն են, եւ այլն, որոնց համար առաջին հերթին անհրաժեշտ են օրենսդրական գործնական մեխանիզմներ»,-նշեց Արտեմ Ասատրյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ, խոսելով ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու մասին, որպես գործնական քայլ՝ մի քանի օրինակ բերեց նախարարության գործելաոճից:

«Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում են 26 հաշմանդամություն ունեցող անձինք: Եվս չորս աշխատակիցներ նախատեսում ենք ունենալ: Այսինքն` մենք 30 աշխատատեղ ենք բացել մեր սայլակներով հաշմանդամների համար»:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Լոռու մարզում եւս կունենանք 9-11 ծառայությունը, որտեղ նույնպես նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովել:

«Այստեղ էլ մենք պատրաստ ենք սայլակավոր հաշմանդամներ ընդունել աշխատանքի, երեքից հինգ մարդ սկզբնական փուլի համար»,-եզրափակեց Արմեն Երիցյանը` նկատելով, որ ժամանակն է` մյուս մարզերը, մյուս նախարարությունները, գերատեսչությունները, ծառայությունները եւս վարակվեն իրենցից, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի տեղ ունենան:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031