Այս պահին Կոմիտասի 5 հասցեում խառնաշփոթը դեռեւս շարունակվում է, շինհրապարակի դարպասների մոտ հավաքված բնակիչները դեռ շարունակում են վիճել ոստիկանների հետ եւ մեղադրել նրանց՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարելու եւ շինարարի օգտին աշխատելու մեջ:
Այսօր ավելի վաղ «Նախախորհրդարանի» մի խումբ ակտիվիստներ Տիգրան Խզմալյանի հետ մտել էին շինհրապարակ՝ արգելելու սկսված շինարարությունը:
Ըստ բնակիչների՝ այսօր նոր տեխնիկա է բերվել շինհրապարակ եւ շինարարությունը նոր թափով էր ընթանում:
Ինչպես արդեն տեղեկացրինք, քիչ առաջ «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանին բռնի ուժով տեղափոխեցին ոստիկանություն, նրա հետ շինհրապարակ մտած մի քանի ակտիվիստներ էլ ինքնակամ դուրս եկան շինհրապարակից:
Կարդացեք նաև
Այս պահին շինհրապարակում մնացել է միայն մեկ ակտիվիստ, որը հենց շինարարության կենտրոնում բավականին վտանգավոր տեղում է կանգնած՝ խողովակների վրա եւ մի կերպ բռնվել է, որ վայր չընկնի: Այստեղ իրավիճակը վերահսկում են ԱԻՆ աշխատակիցները եւ կարմիրբերետավորները:
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանները պատրաստվում են բռնի ուժով բերման ենթարկել նաեւ շինհրապարակում այս պահին գտնվող ակտիվիստին:
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Հետքի»