Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը օրերս վերադարձել է Բաթումում կայացած հյուրախաղերից: Տեղի պետական երաժշտական կենտրոնում սունդուկյանցիները թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի բեմադրությամբ ներկայացրել են Բրեխտի «Կովկասե կավճե շրջան» եւ Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» ստեղծագործությունները: Այս մասին «Առավոտին» հայտնեց թատրոնի մամուլի քարտուղար Վահե Մովսիսյանը: Նրա հավաստիացմամբ՝ հիշյալ բեմադրությունները ջերմորեն են ընդունվել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների եւ ամառային հանգիստը այնտեղ անցկացնող հովեկների կողմից:
«Մանավանդ «Հարյուր տարի անց» դրամայի ներկայացման ժամանակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, մենախոսություններն ու երկխոսությունները ընդմիջվում էին ծափահարություններով: Օգոստոսի 13-ին՝ անվանի դերասան Ազատ Գասպարյանի ծննդյան 70-ամյակի օրը, նրա հիշատակին նվիրվեց «Հարյուր տարի անցը», որտեղ նա մարմնավորել էր Ջեմալ փաշային, իսկ հյուրախաղի ընթացքում այդ կերպարով հանդես եկավ Տիգրան Գասպարյանը»,- հայտնեց Վահե Մովսիսյանը:
Հավելեց նաեւ, որ ներկայացմանը ներկա է եղել Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմենը, որը ներկայացման ավարտից հետո ինքնաբուխ բեմ է բարձրացել ու իր երախտագիտությունը հայտնել թե ստեղծագործության հեղինակին եւ թե դերասաններին:
Վահե Մովսիսյանը նշեց նաեւ, որ հյուրախաղերի վերջին օրը Աջարիայում ՀՀ հյուպատոս Արամ Գեւորգյանը տպավորված լինելով սունդուկյանցիների խաղով ու տեսնելով տեղացի հայերի ոգեւորությունը Մայր թատրոնի հյուրախաղերի առիթով, ասել է, որ դա իսկապես հայապահպանության, մայրենի լեզվի, ինչպես նաեւ մեր գրականության ու ճանաչված արտիստների հետ շփման հիանալի առիթ է եւ պետք է աշխատել, որ նման այցերը դառնան հաճախակի:
Մամուլի քարտուղարը հավելեց, որ տեղի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոցը եւ ներկայացումներից մեկին ներկա եկեղեցու հովիվը դերասաններին հրավիրել է եկեղեցի ու նրանց պատվին երգչախումբը հնչեցրել է հոգեւոր երաժշտություն, Կոմիտաս:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Նկարում` Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը՝ «100 տարի անց» ներկայացման մեջ: