Կան ոլորտներ, որտեղ մարդը ընտրելով իր մասնագիտությունը, դատապարտված է ամբողջ կյանքում զբաղվել դրանով: Օրինակ, հոգեւոր, զինվորական ծառայություն, սպորտ, պարարվեստ եւ այլն: Մշակութային ոլորտում, մասնավորաբար՝ երաժշտապարային թատրոնների դեպքում, մեր հանդիսատեսի ընտրությունը խիստ սահմանափակ է. ունենք ընդամենը մեկ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն: Ստացվում է, որ, օրինակ, բալետային ներկայացումների «մասով» մեր հանդիսականի սպասելիքները կախված են մեկ արվեստագետից՝ Ռուդոլֆ Խառատյանից, ում հետ հանդիպեց «Առավոտը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի համար գալիք թատերաշրջանը 5-րդն է: Այդ ընթացքում խորեոգրաֆն իրականացրել է դասական եւ ժամանակակից բալետային բեմադրություններ, այդ թվում՝ «Կրքեր ըստ Բախի», Պերգոլեզի՝ «Ստաբաթ Մատեր», Ռավել՝ «Բոլերո», Վիվալդի՝ «Տարվա եղանակներ», Պրոկոֆեւ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայի երաժշտությամբ՝ «Ձոն հավերժության», «Վարդանանք»՝ Էդգար Հովհաննիսյանի 2-րդ սիմֆոնիայի երաժշտությամբ եւ Gotan Projekt խմբի ալբոմից՝ «Տանգո» եւ Հայաստանում ամերիկյան դեսպանատան հետ համատեղ՝ հանրահայտ «Bad Bays of Dance» հայաստանյան հյուրախաղերը:
Ռուդոլֆ Խառատյանը մեզ ներկայացրեց նոր ծրագրերը:
«Ցանկություն ունեմ հրավիրել ամերիկացի ճանաչված խորեոգրաֆներ Էդի Լիանգին, Թրեյ Մակենթայերին, որոնք մեր թատրոնում կիրականացնեն բեմադրություններ, այդ թվում՝ աշխարհահռչակ Բալանչինի բալետներից «Սերենադը»: Եվ այս ծրագիրը կներկայացվի «Ամերիկյան բալետի երեկո» խորագրի ներքո: Հավանաբար նոյեմբերին, դարձյալ ցանկություն ունեմ, որ հայաստանցի հանդիսատեսը ականատեսը լինի «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ, մեր հայրենակիցներ Վանեսա Զահովյանի եւ Դավիթ Կարապետյանի արվեստին եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Գլխավոր բալետմայստերն ասաց, որ վերջապես նոր թատերաշրջանում կներկայացվի համաշխարհային բալետային գրականության մեջ իր կշիռն ունեցող Ադանի «Ժիզելը»: Երբ նշեցինք, որ մեր թատրոնում այն առաջին եւ միակ անգամ բեմադրել է մոսկվաբնակ խորեոգրաֆ Մարկ Մնացականյանը, պարոն Խառատյանը հայտնեց. «Ժիզելը» առաջին անգամ բեմ է բարձրացել 1841թ., խորեոգրաֆներ, համաշխարհային դեմքեր Պերոյի, Կորալիի, փոքր-ինչ ուշ՝ Պետիպայի բեմադրությամբ, իսկ Մարկ Մնացականյանը խմբագրել է դա եւ որպես հիմք ընդունել Մոսկվայի «Բոլշոյ թատրոնի» ներկայացումը: Ընդհանրապես բալետային արվեստում այսպես է կարգը: Կայանալիք «Ժիզելը» բեմադրվելու է կամ վերականգնվելու իմ խմբագրմամբ»:
Մեր զրուցակցին հայտնեցինք, որ շատ է խոսվում, թե ինչո՞ւ մեր թատրոնը չի վերականգնում Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: Պարոն Խառատյանը հավաստիացրեց, որ «Անտունին» կվերականգնվի 2015թ.՝ Մեծ եղեռնի 100-ամյակի առիթով:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է «արդարացնում» առաջին անգամ անցյալ թատերաշրջանում Հայաստանում իր կողմից հիմնված բալետային հիմնադրամը: Մեր զրուցակիցը ներկայացրեց փաստեր, որոնք իրականություն են դարձել նաեւ այդ հիմնադրամի շնորհիվ. «Անցյալ թատերաշրջանում, երբ մեր թատրոնը փակ էր բեմը տեխնիկապես վերազինելու կապակցությամբ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեր արտիստները Մայր թատրոնում հանդես եկան «Բալետային երեկո» ծրագրով եւ թեեւ ոչ շատ, բայց վարձատրվեցին հիմնադրամից: Իսկ ընդհանրապես, հիմնադրամի նպատակներից մեկն էլ, թեեւ ոչ լիովին, ապա մասամբ աջակցելն է արտերկրից հրավիրված մասնագետների, ինչպես նաեւ մեր արտիստների արտերկրյա հյուրախաղերի կազմակերպման աշխատանքներին»: Նաեւ հավելեց, որ կոնկրետ հայ բալետի արտիստների ամերիկյան հյուրախաղերի կապակցությամբ վերջերս Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել տարբեր կազմակերպությունների հետ: «Սեպտեմբերի սկզբին էլ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացմամբ պատրաստվում ենք մեկնել Քաթարի Հանրապետություն»,- հայտնեց Ռուդոլֆ Խառատյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խնդրում եմ պարոն Խառատյանին, որ բալետ հասկացողությունը չնույնացնի խորեոգրաֆիա հասկացողության հետ: Բալետի հեղինակը կոմպոզիտորն է, իսկ խորեոգրաֆիան` արտահայտչամիջոցը: Հարգանքով` Ա. Բաբայան
,,Ժիզել,,-ը մեր թատրոնի երկացանկում միշտ էլ եղել է և երբեք մեր հասարակության կողմից առանձնահատուկ հետաքրքրության չի արժանացել: Ինչու՞ նոր բան չեք բեմադրում…Հարգանքով` Աննա