Առաջիկայում «Արմավիայի» տեղը զբաղեցնող «Էյր Արմենիայի» հույսը հայի թասիբն է
Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթն, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից կլինի, առայժմ մրցույթի անցկացման համար խորհրդատվական աշխատանքներ են տարվում, եւ պետք է սահմանվեն այն չափանիշները, ըստ որոնց՝ տեղական 3 ընկերություն կարող է հաղթող լինել ու 14 ուղղություններով չվերթներ իրականացնել:
«Էյր Արմենիա» ընկերությունը հաստատ մասնակցելու է մրցույթին, «Առավոտի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը թեեւ ասաց, որ ավիաշուկայում շա՜տ դժվար է լինելու աշխատել եւ մրցակցել օտարերկրյա գիգանտ ընկերությունների հետ, բայց, ինչպես պարոն Ավետիսյանն ասաց՝ «թասիբի հարց է մրցույթին մասնակցելը»:
Մրցույթի պահանջներում ինչ պետք է հաշվի առնվի, որպեսզի տեղական ավիաընկերությունները կարողանան աշխատել, նորմալ մրցակցել ու չհայտնվել սնանկացած «Հայկական ավիաուղիների» եւ «Արմավիայի» վիճակում, «Առավոտի» հետ զրույցում «Էյր Արմենիայի» տնօրենը չնայած խուսափեց նշել իրենց նախընտրելի պայմանները, բայց վստահեցրեց, որ սնանկացած ավիաընկերությունների բախտին իրենք չեն արժանանա. «Հայկական ավիաուղիների խնդիրները սկսել են 1998-ից, որտեղ եղել են մի քանի բացասական խնդիրներ՝ սկսած ռուսական ռուբլու դեֆոլտից, վերջացրած «Հայկական ավիաուղիներից» մի շարք ձեռնարկությունների առանձնացնելը, որ բերեց նրա եկամտային մասի կրճատմանը ու սկսվեցին խնդիրները:
2008-ին «Արմավիայի» ու մեզ մոտ սկսեցին բացասական երեւույթներ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված: Մենք 2010 թվականին սկսեցինք տարանցիկ փոխադրումներ անել, ոտքի կանգնեցինք, ու «թու-ու-թու», Աստծուն փառք, նորմալ շահութաբերությամբ ենք աշխատում: Իսկ «Արմավիան» շարունակեց նույնն անել, ինչ նախկինում էր անում՝ մինչ ճգնաժամը ու չդիմացավ, իհարկե, սուբյեկտիվ խնդիրներ էլ են եղել: Մենք բիզնեսը վերանայեցինք ու նոր ծրագիր արեցինք, եթե իրենց պես անեինք, 5 տարի հետո նույն ճակատագրին կարժանանայինք»:
Որպեսզի տեղական ընկերությունները, պարոն Ավետիսյանի խոսքերով ասած՝ մոնստր ավիաընկերությունների հետ կարողանան մրցել, այն էլ այն դեպքում, երբ, ասենք օտարերկրյա ընկերությունները հանդիպակաց ուղղություններով որքան ուզեն՝ այնքան թռիչք կարող են իրականացնել, որոշակի արտոնություն է անհրաժեշտ: Այս առնչությամբ «Էյր Արմենիայի» տնօրենն ասաց՝ «Տեղականի հանդեպ չպիտի դնեն այնպիսի սահմաններ, որ ի սկզբանե արդեն առավելություն կտա հանդիպակաց օդանավակայանից եկող ավիաընկերություններին: Այսինքն, եթե տեղականին ասում են՝ բացի շահութահարկից դու պիտի վճարես նաեւ իքս գումար, դա նշանակում է՝ ի սկզբանե ստիպում են հայկականին, որ ինքնարժեքն ավելի բարձր լինի, քան ասենք՝ «Աերոֆլոտինը» կամ «Ավստրիական ավիաուղիներինը»: Հակառակը՝ պիտի ասեն՝ ժողովուրդ ջան, աշխատեք, հետո, երբ կկարողանաք կվճարեք:
Կարդացեք նաև
Երբ «Հայկական ավիաուղիները» փակվում էր, մենք արեցինք շատ սահուն տեղափոխություն ուղեւորների դեպի «Արմավիա», ուղեւորներից քչերն են զգացել դա, ու հետո լիովին հանձնվեց «Արմավիան»: Իսկ այսօր վակուումն արդեն արված է, «Արմավիան» չի թռնում, իսկ շուկան ամբողջությամբ օտարերկրյա ընկերություններ են գրավել, ու այսօր մեզանից ցանկացածի համար շատ դժվար է լինելու հետ բերել այդ շուկան»: Մեր այն դիտարկմանը՝ գուցե սակագներում տեղականներին արտոնություն տրվի, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա շատ վտանգավոր կլինի. «Երբ հայկականը կդնի իր փոխադրման ինքնարժեքը 100 դոլար, դիմացինը՝ օտարերկրյան, կդնի 99 դոլար: Նրանք անհամեմատ հարուստ են, առաջին հերթին դեմպինգային քաղաքականության դեմ պետք է պայքարի պետությունը: Իսկ սակագները ազատ թողնելով բնական է, որ մեկը պետք է դոմինանտ դեր ունենա, դրա պատճառով կգնա դեմպինգի, քանի որ նրա մեկ շրջանառու միջոցները հավասար են «Արմավիայի» կամ «Էյր Արմենիայի» մեկ տարվա շրջանառու միջոցներին:
Օրինակ՝ «Աերոֆլոտը» կամ մեկ այլ ընկերություն, մի հատ Երեւան-Մոսկվա-Երեւան թռիչքի վրա, ամեն թռիչքին 5000 դոլար կորցնելն իրենց համար ոչինչ է, ինքը կդնի այնպիսի սակագներ, որ մենք ընդհանրապես չկարողանանք ոտքի էլ կանգնել: Ու նորից մենք շուկայից դուրս կգանք, իրենք էլ նորից հետո կդնեն այն սակագինը, որով հետ կբերեն իրենց մի քանի անգամ կորցրած 5000 դոլարական վնասները»:
Մեր այն հարցին, նման դաժան պայմաններում ինչո՞ւ է «Էյր Արմենիան» փորձում ոլորտ մտնել եւ մասնակցել մրցույթին, պարոն Ավետիսյանն ասաց՝ «Թասիբի հարց է: Անկեղծ եմ ասում՝ ես բառիս բուն իմաստով ամաչում եմ, որ ասօր Հայասանում ավիափոխադրումները չեն իրականացնում հայկական ավիաընկերությունները: Իսկ թասիբի հարցով մեր հույսը մեր հայերի վրա է, որ ասեն՝ ախեր, եկեք թռնենք մեր հայկական պերեվոզչիկով, էս գումարը, որ վճարում ենք, սրանից հայկական համ բորտուղեկցորդն է աշխատավարձ ստանալու, համ օդաչուն, տեխնիկական անձնակամզը, իսկ, երբ նրանց ենք տալիս, ստեղ նրանք ոչ մի աշխատատեղ չեն բացում, չհաշված իրենց հայաստանյան գրասենյակի 4-5 անձը»:
Հաշվի առնելով, որ «Արմավիայի» սնանկացման պատճառներից մեկը, ինչպես նշել էր ավիաընկերությունը, «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների բարձր սակագներն էին, արդյոք օտարերկրյա ընկերությունների հետ դաժան մրցակցության պարագայում «Էյր Արմենիային» ձեռնտու կլինի «Զվարթնոցի» սակագներով աշխատել, մեր այս հարցին էլ պարոն Ավետիսյանն ասաց. «Եթե «Արմավիան» ժամանակին կատարեր իր վճարումները, օդանավակայանը կգնար նորմալ պայմանավորվածության սակագների առումով: Եթե ես մեկին պարտք եմ, չեմ գնա իրենից զեղչ ուզեմ, իսկ երբ ժամանակին ամեն ինչ վճարեմ, կարող եմ գնալ թելադրել իմ պայմանները: Բիզնեսում կատեգորիկ ոչինչ չկա, իմ կարծիքով «Զվարթնոցն» էլ, ավիացիայի մյուս բոլոր ստրուկտուրաներն էլ կգնան զիջումների, եթե պարտաճանաչ վճարենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ ո՟վ ասաց, որ մեզ ընդանրապես պետք է այսպես կոչված ‘ազգային փոխադրողը’; Գուցե հայկական տիեզերանավ էլ է պետք: Մեր չափերն ունեցող երկրներից քանի՟սն ունի ‘ազգային փոխադրող’: Խոսքը կարգին պետությունների մասին է, այլ ոչ թե նախքին ԽՍՀՄ-ի հանրապետությունների հին կառույցների: Փոքր երկրի փոքր ավիաընկերությունը չի կարող արդար կերպով մրցակցել մեծերի հետ: Քանի անգամ կարելի է նույն սխալն անել. Հայկական ավիաուղիներ, Արմավիա, …և ո՟վ է հաջորդը;