Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ այսօրվա հարաբերությունների մակարդակը չի մտահոգում պաշտոնական Մոսկվային

Օգոստոս 21,2013 13:32

Ըստ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի, մինչդեռ, ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների հետագա խորացումը կարող է մտահոգել ՌԴ-ին

 
– Օրերս commonspace.eu-ի թղթակից Ջոզեֆ Ուրսոյի հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր՝ «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»։ Իշխանությունների կողմից հաստատակամություն է նկատվում՝ մինչեւ վերջ գնալու եւ ստորագրելու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Ռուս փորձագետների, նախկին դեսպանի կողմից բավական սուր հայտարարություններ, ակնարկներ, «խայթոցներ» են հնչում այս թեմայով, ի՞նչ եք կարծում, պարոն Վարդանյան, քննադատությունները, հոգեբանական ճնշումները կարո՞ղ են ազդել իշխանությունների որոշման վրա:

– Ճիշտն ասած, մինչ այժմ չեմ տեսել որեւէ համոզիչ վերլուծություն, որտեղ կապացուցվի, որ այն, ինչ պատրաստվում է Հայաստանը ստորագրել Վիլնյուսում՝ դա ռուսական շահերին չհամապատասխանող է։ Չեմ կարծում, թե Եվրոպայի հետ հարաբերությունների այդ մակարդակը, որը առաջիկայում կհաստատվի ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ, որեւէ ձեւով հարվածում է ՌԴ-ին: Մինչդեռ, ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների հետագա խորացումը կարող է մտահոգիչ լինել ՌԴ-ի համար: Ռուս փորձագետների որոշ դեպքերում ջղաձիգ մեկնաբանությունները ավելի շատ պրեւենտիվ դեր ունեն: Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները առանց որեւէ խնդրի նշում են, որ պատրաստ են ստորագրել:

Մաքսային միության հետ կապված կա որոշակի անորոշություն եւ հիմնվելով տարբեր մեկնաբանությունների վրա, կարծես թե այսօր հետեւյալ միտումը կա, որ Մաքսային միության հետ ինչ-որ հատուկ հարաբերություններ պետք է հաստատվեն, այսինքն, լիարժեք անդամակցության մասին խոսք չի գնում: Այդ պատճառով էլ ՀՀ պաշտոնյաները հայտարարում են, որ Մաքսային միությունը հակասում է Ասոցացման համաձայնագրին:
Իսկ թե՝ հոգեբանական ճնշումները կշարունակվե՞ն, ապա դա կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, միջազգային հարաբերություններում: Այդ հոգեբանական ճնշումները՝ հաշվի են առնում բոլոր այդ զարգացումները, այսինքն, դրանք կիրառվում են, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում ազդեցություն ունենան: Իսկ այդ ինչ-ինչ պայմանները կապված են ավելի լայն դաշտում տեղի ունեցող էական փոփոխությունների հետ:

Կլինե՞ն այդպիսի փոփոխություններ, օրինակ՝ ՌԴ-ն ավելի՞ կամրապնդվի, կամ, Արեւմուտքը ինչ-որ քաղաքական ճգնաժամի մեջ կհայտնվի՞, այդ դեպքում հնարավոր է, որ այդ ճնշումներն արդեն ազդեցություն կունենան: Այդ հոգեբանական ճնշումները, կարծում եմ, ավելի երկարաժամկետ նպատակներով են արվում, որովհետեւ կարճաժամկետ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, ՀՀ-ԵՄ այսօրվա հարաբերությունների մակարդակը չեն մտահոգում պաշտոնական Մոսկվային:

– Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Ադրբեջան: Որպես այցի նպատակներ տարբերակներ են նշվում՝ զուտ տնտեսական, հարաբերությունները խորացնելուն ուղղված, կամ, Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելը: Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը:

– Այցը որոշակիորեն, որպես երկրորդական նշանակություն ունեցող մի փաստ՝ հոգեբանական ճնշման տարր պարունակում էր իհարկե: Բայց դա չէր հիմնական մեսիջը: ՌԴ-ն փորձում է հզորացնել իր դիրքերը Հարավային Կովկասում: Վրաստանում վարչապետ Իվանիշվիլիի պաշտոնավարումից սկսած հակառուսական քաղաքականություն չի վարվում Վրաստանի կողմից, ինչը ՌԴ-ին ձեռնտու է, եւ ՌԴ-ն ձգտում է իր փոքր ներկայությունը Վրաստանում ավելի խորացնել, փորձում է բարելավել հարաբերությունները: Հայաստանի հետ ՌԴ-ն խնդիրներ չունի, տարածաշրջանում ամենավստահություն ներշնչող երկիրը դա Հայաստանն է, որը շատ է կախված Մոսկվայից:

Վերջին շրջանում Ադրբեջանն էր որոշակի խնդիրներ հարուցում իր՝ հաճախ արեւմտամետ քաղաքականությամբ: ՌԴ-ն հիմա փորձում է գոնե այնպես անել, որպեսզի այդ արեւմտամետությունը չվերածվի հակառուսականության: Պուտինի այցը ձեռնտու էր նաեւ Ադրբեջանին, Ադրբեջանն էլ խորացնում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Բայց այդ այցով խնդիր չէր դրվել, որպեսզի Ադրբեջանը դառնա բացառապես ՌԴ-ի քաղաքական գործընկերը: Դա երկու կողմերին էլ ձեռնտու այց էր, բայց չէի ասի, թե կողմերը մեծ ձեռքբերումներ ունեցան, սակայն մյուս կողմից էլ՝ զուտ պրոտոկոլային այց չի կարելի համարել:

– Սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու, ընդդիմությունից միայն «Ժառանգությունն» է առաջադրել թեկնածու, մյուս հիմանական ուժերը չեն մասնակցում ընտրություններին՝ պատճառաբանելով Սյունիքում դեռեւս տիրող մթնոլորտը, իշխանությունների կողմից՝ նորից ընտրակեղծիքներ անելու պատճառը: Որքանո՞վ է այս պասիվությունն արդարացված:

– Ընդհանրապես նման իրավիճակում ընտրություններին մասնակցելը իմաստ ունի այն դեպքում, երբ նախապես ընդդիմությունը իր ներսում կարողացել է ապահովել բավականին բարձր ինքնակազմակերպման մակարդակ, եւ եթե դա կա, մասնակցելը իմաստ ունենում է․ հասարակության հետ աշխատանք է տարվում, PR է իրականացվում, հասարակության առջեւ երեւալու համար առիթ է եւ սեփական ուժերը գործնականորեն փորձարկելու դաշտ են ստեղծում ընտրությունները: Այս առումով, անկախ արդյունքներից՝ իսկապես մասնակցությունը իմաստ ունի բոլոր ընտրություններին, եթե մինչեւ ընտրությունները կա ինքնակազմակերպման բարձր մակարդակ, եւ ընդդիմությունը գիտակցում է, թե ինչ ռեսուրսների է տիրապետում, ինչ ռազմավարություն ու մարտավարություն ունի: Եթե սա չկա, հասկանում ես, որ պարտվելու ես, որեւէ ձեռքբերում չես ունենալու՝ անիմաստ է մասնակցելը։

Երկրորդը՝ հնարավոր է, որ կազմակերպված բոյկոտը նույնպես արդյունք տա, բայց այդ բոյկոտն էլ պետք է լինի կազմակերպված: Բոյկոտն իր մեջ ներառում է կամպանիա, եւ եթե չես մասնակցում ընտրություններին, նշանակում է չմասնակցելու կամպանիա ես իրականացնում, եւ եթե չմասնակցելու կամպանիա չես իրականացնում, պարզապես չես մասնակցում ընտրություններին՝ դա էլ է անիմաստ: Բոյկոտը լուրջ քաղաքական եւ քաղաքացիական գործընթաց է, եւ շատ դեպքերում բոյկոտով արդյունքի հասնելը ավելի դժվար է, քան գուցե ընտրություններով հաղթելը: Հայաստանում այսպիսի գրագետ բոյկոտ մենք չենք տեսնում, եւ, այդ իսկ պատճառով բոյկոտն էլ է իմաստազրկվել ինչ-որ իմաստով: Այսինքն, թե՛ մասնակցելը, թե՛ չմասնակցելը ընտրություններին առանձին վերցված՝ արդեն ոչ մի բան է․․․

Քաղաքական ուժերի պասիվությունը պայմանավորված էր նրանով, որ քաղաքական ակտիվության ինչ-որ փուլը լուրջ արդյունքներ չարձանագրեց՝ պայմանավորված վերջին ընտրություններով: Բոլոր ուժերը վերաիմաստավորման, ուժերի վերագնահատման փուլում էին գտնվում, եւ քաղաքական պասիվության փոխարեն դրսեւորվում էր քաղաքացիական ակտիվությունը։ Կարծում եմ, աշնանը ընդդիմադիր քաղաքական ուժերը կակտիվանան, ակտիվանալու հայտ են ներկայացրել արդեն հիմնական ընդդիմադիր ուժերը: Աշունը, պետք է որ թեժ լինի:

– Պարոն Վարդանյան, տրանսպորտի ուղեվարձի գնի բարձրացումից քաղաքացիական պայքար սկսվեց՝ քաղաքապետարանի դիմաց շարունակվող ակցիաներով: Ոմանք այդ պայքարի անկեղծությունը կասկածի տակ չեն դնում, ոմանք նշում են, թե իշխանությունների կողմից վերահսկվող գործընթաց է: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Հասարակությունում ձեւավորվել է որոշակի շերտ, այն կարելի է կոչել՝ քաղաքացիականապես հասուն, ակտիվ քաղաքացիների շերտ, որն իր ետեւում ունի արդեն որոշակի լոկալ հաղթանակներ, ի տարբերություն ընդդիմադիր քաղաքական ուժերի, որոնք ավելի գլոբալ խնդիրներ են իրենց առջեւ դրել, բայց չեն կարողացել այդ խնդիրները լուծել: Մյուս կողմից՝ այդ քաղաքական դաշտում տիրող պասիվությունը՝ հետընտրական փուլից հետո, պարարտ հող էր ստեղծել քաղաքացիական ակտիվության համար, եւ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը պարզապես հարմար առիթ էր, դա պատճառ չէր: Դա այնպիսի մի հարց էր, որը հուզում էր բոլորին, որոշումը՝ խիստ կասկածելի էր, եւ այդ որոշման դեմ գործողություններ իրականացնելը տեխնիկապես ավելի հեշտ իրագործելի էր, ավելի արդյունավետ: Դա նպաստեց նրան, որպեսզի հաջողություն արձանագրվի, բոլորը գիտակցեցին, որ դա կարող են անել՝ ուղղակի չվճարելով 150 դրամը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031