Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը՝ ինքնասպանությունների ու լուսաբանումների մասին. «ԶԼՄ-ները չպե՛տք է մարդկանց սթրեսի մեջ գցեն»

Օգոստոս 21,2013 13:02

Aravot.am-ը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանին խնդրեց իբրեւ մասնագետ կարծիք հայտնել՝ արդյոք ինքնասպանությունների թի՞վն է աճել, թե՞ դրանց լուսաբանումներն են շատացել:

«Քանի որ մեզանում ազատականությունը արդեն թեւակոխել է ԶԼՄ-ներ, հնարավորինս շատացել են այդ թեմայով լուսաբանումները: Եվ եթե նախկինում աշխատում էին լրատվամիջոցներով մարդկանց չգցել սթրեսային վիճակների մեջ, հիմա դա չափից ավելի անզուսպ է դարձել՝ մեկնաբանությունները հաճախ դաժան ձեւով են ներկայացվում, մարդկանց մի տեսակ հուսալքության մեջ են գցում: ԶԼՄ-ները իսկապես պետք է լավ մտածեն՝ ինչպես նման թեմաներով նյութերը մատուցել, որովհետեւ նաեւ էթիկական հարցեր կան»,- ասում է հոգեբանը:

Նրա ձեւակերպմամբ, չպետք է ժխտել ինքնասպանությունների գոյությունը մեր օրերում, բայց մյուս կողմից էլ, արժի խորանալ պատճառների, սոցիալական ցնցումների հիմքերի մեջ. « Չի կարելի փաստերը կոծկել, պետք է ներկայացնել ըստ ամենայնի, բայց որոշակի սահմաններում եւ այն մատուցմամբ, որ կանխարգելիչ ձեւ ընդունի, նաեւ գիտությունը պետք է դրանով զբաղվի, հոգեբանները, մանկավարժները լծվեն այդ հարցը լուծելուն, իսկ ԶԼՄ-ները իրենց հարցադրումներով հակվեն պատճառականությունը պարզելուն»:

Իսկ ի՞նչը կարող է ինքնասպանության քայլի դիմելու դրդել մարդուն: Մասնագետի խոսքով, կան գոյաբանական հարցադրումներ.«Վերջին հաշվով, մարդը շրջապատված լինելով մարդկանցով, ներքին զգացողություններում միայնակ է զգում, չի կարողանում վստահել արտաքին աշխարհին, իրեն շրջապատող մարդկանց, ներկայի միջոցով է ուզում դիտարկել ապագան… Հաճախ անվստահություն ունի շրջապատի հանդեպ, եւ իրեն թվում է, թե իբր թշնամաբար են տրամադրված, մեղքը գցում է շրջապատի վրա եւ խուսափում է լույս սփռել իր սեփական ներքին անձի հատկությունների վրա, այդ իսկ պատճառով էլ մարդը փակուղու առջեւ է հայտնվում, ուզում է իրեն ուղարկել անէության մեջ: Նման մոտեցումը ինքնասպանության գնալու պատճառներից մեկը պետք է համարել, բայց դրանից բացի կան իրական սոցիալական ցնցումներ, որոնք չպետք է լղոզվեն ստահոդ փաստերով, մարդու չես կարող ասել, թե ամեն ինչ լավ է, եթե իրոք ամեն ինչ լավ չէ: Ուղղակի պետք է հնարավորություն տալ իր ներքին ռեսուրսներով գոյատեւելու միջոցները փնտրել եւ դուրս գալ փակուղուց, այսպես կոչված՝ ներքին թակարդից:

Միգուցե ԶԼՄ-ները սրա վրա ծանրանան, թե չէ մերկապարանոց հարցերը մեջտեղ բերելով բան չի փոխվում. մարդիկ ուզում են հասկանալ խորքային պատճառները, օրինակ, ինչո՞ւ մարդ կա՝ ծանր պայմաններում կարողանում է ելքեր գտնել, մյուսը՝ ոչ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031