«Բացարձակապես համաձայն չեմ պարոն Դավթյանի` վերմակը մեր վրա քաշելու ձեւակերպման հետ: Կարծում եմ, անհաջող ձեւակերպում է արել »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին:
«Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ շատ հաճախ նրանց կուսակցական շահերը, ցավոք սրտի, չեն համընկնում ո՛չ պետական, ո՛չ հանրային շահերի հետ։ Բուհերի ռեկտորները ապրիլ-մայիս ամիսներին էին վարձավճարների բարձրացման որոշումներ կայացրել, բայց այդ ընթացքում քաղաքական ուժերից ոչ մեկը այդ հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարց չբարձրացրեց, չառաջարկեց քննարկել խնդիրը։ Սպասում էին, որ լիներ քաղաքացիական շարժում, բողոքական որոշակի զանգված, որ փորձեին վերմակն իրենց վրա՞ քաշել։ Չեմ ուզում այլ որակումներ տալ, բայց փաստն ինքնին բավական խոսուն է»,-«Հայոց աշխարհին» հարցազրույցում խոսելով ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունների` բուհերում ուսման վարձավճարները թանկացնելու թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնության մասին, ասել է պարոն Դավթյանը:
Աղվան Վարդանյանը հիշեցնում է, որ խորհրդարանում բազմիցս արծարծվել է բուհերի ուսման վարձերը բարձրացնելու թեման, այդ թվում նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում:
Պարոն Վարդանյանը նաեւ հավելեց, որ այն ակտիվիստները, որոնք այսօր պայքարում են ուսման վարձերի թանկացման դեմ, հենց իրենք էին առաջարկել, որպեսզի խորհրդարանում լսումներ անցկացվեն, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունն էլ ընդառաջ են գնացել այդ ցանկությանը. «Այստեղ որեւէ այլ բան տեսնելը,կարծում եմ, կոռեկտ չէ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկումը` եթե ակտիվիստների առաջարկը չլիներ, խորհրդարանական ընդդիմությունն այդ նախաձեռնությունը չէ՞ ր ցուցաբերի, Աղվան Վարդանյանը որակեց «սխալ», հավելելով, որ հարցը խորհրդարանում իրենք արծարծել են` սկսած հանձնաժողովի քննարկումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ