Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվան սիրում է արցունքներ

Օգոստոս 21,2013 12:23

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առաջիկայում Սերժ Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Պաշտոնապես այս տեղեկատվությունը ոչ հերքվում է, ոչ հաստատվում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած աշխատանքային այցից հետո, Ադրբեջանին՝ հարձակողական զինտեխնիկայի վաճառքի ծավալների նոր լույսի ներքո (մինչ Պուտինը Բաքվում էր, Ալիեւը հարկ համարեց բացել փակագծերը ու պարզվեց, ոչ թե մեկ, այլ չորս միլիարդ դոլարի է հասնում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի ծավալները), պաշտոնական Երեւանը դիմեց հակաքայլի։

«Ազատություն» ռ/կ-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչեւ 130 կիլոմետրի: Խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, դրանց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ՌԴ-ի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:

Հայկական կողմից վերոնշյալ տեղեկատվության հրապարակայնացման պահը՝ լինելով ճշգրտորեն ընտրված եւ հաշվարկված, իհարկե, դրական քայլ կարելի է համարել՝ ադրբեջանական քարոզչական ճնշմանը հակազդելու առումով: Բայց՝ ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ Ռուսաստանին էր ուղղված ուղերձը, որտեղ Ադրբեջանի հետ գործարքները միայն «բիզնես» էին որակում: Հազիվ թե չինական արտադրության AR1A համալիրների մասին Մոսկվան տեղեկացած լինի ընդամենը երկու օր առաջ՝ հայաստանյան մամուլից, սակայն այն փաստը, որ Երեւանն այս տեղեկատվության արտահոսքը կազմակերպեց Պուտինի այցի արդյունքում՝ ինքնին ուշագրավ փաստ է:

Եթե առաջիկայում իսկապես Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, կարելի է ենթադրել, որ օրակարգը՝ բովանդակային առումով խիստ ուշագրավ է լինելու: Հայաստանի իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են հայտարարել, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է ստորագրել, ավելին` անգամ շեշտում են , թե՝ Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը:

Մյուս կողմից՝ ռուսական հարձակողական զինտեխնիկայի ծավալների մասին վերջին շաբաթներին անվերջ շարունակվող քննարկումներին հայկական կողմը վերջակետ դրեց՝ չինական արտադրության հրթիռային նոր համալիրների մասին տեղեկատվությամբ․․․ Ասել է, թե՝ Մոսկվայում Սարգսյանին բավական հետաքրքրական թեմաների շուրջ քննարկումներ են սպասում:

Հիշարժան թեմաներից մեկը՝ նախկին խորհրդային հանրապետությունների կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարն է: ՌԴ իշխանությունների համար այն արդեն կարծես դարձել է բացահայտ շանտաժի թեմա: Նախօրեին Մոսկվան սպառնացել է խստացնել մաքսային ընթացակարգերը, եթե Կիեւը ստորագրի ԵՄ համաձայնագիրը: Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը հստակ հայտարարել է, որ «այդ փաստաթուղթը ինքնակործանիչ կդառնա Ուկրաինայի համար»: Ապա Գլազեւը հավելել է․ «Այդ ստուգումները դեռեւս միանգամյա բնույթ էին կրում, ներկայումս իրավիճակը կարգավորվել է, սակայն մենք ամեն դեպքում պատրաստվում ենք խստացնել մաքսային վերահսկողությունը, եթե հանկարծ Ուկրաինան կատարի այդ` ինքնասպանության տանող քայլն ու ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը»: Ռուս պաշտոնյան բացատրել է, թե ինչու են այդպես վարվում՝ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու դեպքում ուկրաինական շուկայում կհայտնվի եվրոպական, թուրքական ու այլ ապրանքների ահռելի քանակություն, որը հետո վերստին կներմուծվի ՌԴ, ինչը Մոսկվային ձեռնտու չէ:

Այս հայտարարությունից օրեր առաջ, հիշեցնենք, որ ՌԴ Մաքսային ծառայությունը առանց նախազգուշացման Ուկրաինայից ներկրվող ողջ ապրանքը ներառեց «ռիսկային» խմբում:

Պուտինի՝ Մաքսային միության գաղափարը, ինչպես երեւում է, արդեն առանց ձեւականությունների, դարձել է մահակ, որով ցանկացած պահի սպառնում են «անհնազանդներին»: Որքան դեռ կկարողանա դիմակայել Ուկրաինան, դժվար է ասել, բայց կախված Ուկրաինայի հնարավոր զիջումից՝ կարող են մեծանալ նաեւ Հայաստանի իշխանություններից ակնկալվող Մոսկվայի պահանջները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031