Երեկ՝ առավոտյան, Արարատի մարզի Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեւաբույր համայնքների ավելի քան 100 բնակիչներ փակել էին Արարատի մարզի մայրուղին։ Վերջիններս դժգոհում էին, որ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները, ըստ էության, զրկվում են ուղիղ ճանապարհով Մասիս քաղաք մտնելու հնարավորությունից։ Ավելին, մայրուղու կառուցումից հետո նրանք չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի– Բավրա մայրուղիներն ու միանում վրացական դեպի Փոթիի ու Բաթումի նավահանգիստներ տանող ճանապարհային ցանցին։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով։ Այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր։
Նոր Կյուրինի համայնքապետ Գեւորգ Օհանյանի խոսքով՝ վերը նշված չորս գյուղերի համար մեծ նշանակություն ունի Մասիս քաղաքը, իսկ կառուցվող այս մայրուղին փակելու է Մասիս տանող ամենակարճ ճանապարհը։
Երեկ չորս գյուղերի բնակիչները գյուղապետերի հետ միասին համապատասխան գրություն են ուղարկել ՀՀ կառավարություն՝ պահանջելով լուծել խնդիրը։ «Մենք առաջարկում ենք մեքենաների համար ստորգետնյա կամ էլ վերգետնյա անցում կառուցել, որպեսզի կարողանանք գնալ Մասիս քաղաք։ Մեր ուղարկած գրությունը պետք է մարզպետը ներկայացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Մայրուղու կառուցումից հետո մեր կապը Մասիս քաղաքի հետ կտրվում է։ Բայց մեր բոլոր խնդիրները կապված են Մասիս քաղաքի հետ. հիվանդանոցը, հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը, բանկերը, մարդկանց համար կարեւոր բոլոր այս անհրաժեշտ կառույցները Մասիս քաղաքում են։ Ի դեպ, այս ճանապարհից օգտվում են նաեւ Արտաշատ քաղաքին մոտ գտնվող շատ համայնքներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Գեւորգ Օհանյանը։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ galatv.am-ի