Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան․ «Ներգրավվել քաղաքացիների, ոչ թե՝ ամբոխի»

Օգոստոս 20,2013 22:30

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի գնի բարձրացումից հետո շարունակվող քաղաքացիական պայքարին, նրանց՝ հաջողության հասնելու պատճառներին՝ կարեւորեց հետեւյալը, որ պայքարը միայն ակտիվիստների նեղ շրջանակի մեջ չամփոփվեց, այլ՝ դարձավ համընդհանուր:

«Պայքարի մեջ ներգրավվեց ոչ թե զանգված, այլ ներգրավվեցին բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ, ապագայում էլ, եթե Հայաստանի ընդդիմադիր հանրությունը ցանկանում է այլ հարցերում հաջողություններ արձանագրել՝ ճիշտ է, որ կիրառվի պայքարի այս մոդելը, երբ պայքարը այնպես ես կազմակերպում, որ կարողանաս ներգրավել բազմաթիվ քաղաքացիների եւ խնդիր չես դնում ներգրավվել ուղղակի ամբոխ, զանգված, որովհետեւ զանգվածը մեկ միավոր է: Որոշ դեպքերում այդ մեկ միավորը պետք է, բայց, երբ այնպիսի դաշտ ես ստեղծում, որպեսզի ներգրավվեն բազմաթիվ առանձին քաղաքացիներ՝ դա նշանակում է մի ամբողջ բանակ ունես, որտեղ ամեն մի զինվոր, ամեն մի սպա կոնկրետ գործողություն է իրականացնում, յուրաքանչյուր խումբն առարկայորեն պայքարում է, գործողության մեջ է, անկախ նրանից, թե նույն գործողությունն է իրականացնում, թե այլ։ Սա էր, որ հանգեցրեց հաջողության: Եթե աշնանը քաղաքական, քաղաքացիական սուբյեկտները ձգտելու են բողոքի նոր ալիք ձեւավորել՝ ճիշտ կլինի վերլուծեն այս ամենը, եւ ռազմավարությունն ու մարտավարությունը մշակեն հենց այս փորձի հիման վրա», նշեց Էդգար Վարդանյանը:

 

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031