Լրահոս
Օրվա լրահոսը

«Թասիբի հարց է». «Էյր Արմենիայի» տնօրենը ավիափոխադրողների մրցույթին մասնակցելու մասին

Օգոստոս 20,2013 21:01

Մոտ 2 ամիս առաջ կառավարությունը որոշում էր կայացրել օդային փոխադրողների ոլորտն ազատականացնել փուլ առ փուլ, որի համար պետք է քաղավիացիան մրցույթ անցկացնի 3 ուղղություններով եւ հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների իրականացնել չվերթներ: Մրցույթի մասնակցության չափանիշները դեռեւս սահմանվում են եւ հստակեցված չէ, թե ինչ պահանջներ են դրվելու ավիաընկերությունների առջեւ:

Հիշեցնենք, որ «Mckinsey & company» ընկերության եւ Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից  իրականացվում են  խորհրդատվություններ մրցույթի անցկացման վերաբերյալ, այս աշխատանքների ավարտից հետո այն պետք է ներկայացվի կառավարություն, ապա կորոշվի մրցույթի հետագա ընթացքն ու օրը:

Բայց քաղավիացիան խոստանում է`իրատեսական պայմաններ են լինելու: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը: Իսկ որո՞նք են այդ իրատեսական պայմանները, մեր այս հարցին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Որպեսզի ընկերությունները կարողանան ապահովել անվտանգ եւ կանոնավոր չվերթներ, որպեսզի չվացուցակի խախտումներ եւ հետաձգումներ չլինեն»:

Պարոն Հակոբյանի խոսքերով` եթե ավիաընկերությունը ցանկանում է 14 ուղղություններով թռիչքներ իրականացնել, պետք է ունենա ինքնաթիռների համապատասխան պարկ եւ չվացուցակ, պետք է ներկայացնի, թե ինչպես է նախատեսում իրականացնել թռիչքները.«Կամ` ինչպես պետք է ծածկի չվերթները»:

Հարցին էլ` արդյոք մեկ  ընկերությունը պարտավո՞ր է 14 ուղղություն էլ շահագործել, ոլորտի պատասխանատուն ասաց` «Մենք նախատեսում ենք, եթե որեւէ ուղղություն ընկերությունը չկարողանա 6 ամիս շահագործել, նորից մրցույթ անցկացնել, ու  մեկ ուրիշին տալ»:

Իսկ թե կլինեն տեղական ավիաընկերությունների համար արտոնություններ, առայժմ պարզ չէ:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե հայկական ավիաընկերությունների համար նախատեսվող 3 ուղղություններով մրցույթում, որ երկրներ են լինելու չվերթները: Քաղավիացիայի ներկայացուցչի փոխանցմամբ` «3 խումբ ուղղություններից յուրաքանչյուրի մեջ 14 ուղղություններ են լինելու` Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Միջին Արեւելք, բոլոր աշխարհագրական կետերը, որոնք մինչեւ հիմա ունեցել ենք: 3 խմբի մեջ էլ պարտադիր ներառվելու է նաեւ դեպի Մոսկվա ուղղությունը»:

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել քաղավիացիայի կողմից տրված, շահագործողի վկայական ունեցող տեղական ավիաընկերությունները, որոնք թվով 11-են:

Aravot.am-ը փորձեց զրուցել բոլոր 11 ընկերությունների հետ, նրանցից «Տարոն-Ավիան», «Արկ-Էյրվեյզը» եւ «Արմենիա Էյրվեյզը» Սփյուռ տեղեկատվական բազայում ընդհանրապես գոյություն չունեին:  Իսկ 5 ընկերություններ էլ միայն հասցե էին գրանցել: «Վետերան ավիայից» Aravot.am-ին վստահեցրին, որ հնարավորություն չունեն մրցույթին մասնակցել: «Հայք ավիայից» էլ նշեցին, որ մինչեւ մրցույթի պայմաններին տեղյակ չլինեն, հստակ ոչինչ չեն կարող ասել: «Ատլանտա Յուրոփիան Էյուեյսի» տնօրենի հետ ողջ օրվա ընթացքում չհաջողվեց կապ հաստատել, թեեւ մենք մեր հարցը փոխանցել էինք, եւ խոստացել էին մեզ հետ կապ հաստատել: Իսկ «Էյր Արմենիան» արդեն հայտարարել էր, որ մրցույթին մասնակցելու է:

Aravot.am-ի հետ զրույցում ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն ասաց, շատ դժվար է լինելու ոլորտում աշխատել` մի շարք պատճառներով: Մեր այն դիտարկմանը, որ ուժեղ մրցակցություն է լինելու, պարոն Ավետիսյանն ասաց. «Մեզ համար մրցակից են լինելու ոչ թե տեղական այն 2 ընկերությունները, որոնք նախատեսվում է պետք է լինեն շուկայում, այլ մրցակցությունը արդեն իսկ գագաթնակետին է հասել, համենայնդեպս, ռուսական եւ եվրոպական շուկաներում: Այսօր հանդիպակաց օդանավերի սահմանափակում չկա, ով որքան ուզում  է, չվերթ է իրականացնում: Հավատացեք, այդ դժվարին պայմաններում հավատացեք շատ, շատ-շատ դժվար է լինելու տեղական փոխադրողին մրցակցել մոնստորների հետ»:

Այդ դեպքում, ինչո՞ւ եք մասնակցելու մրցույթին, եթե մոնստորների հետ շատ դժվար կլինի մրցակցելը, Aravot.am-ի այս հարցին, պարոն Ավետիսյանն ասաց. «Պարզ ասեմ` թասիբի հարց է, անկեղծ եմ ասում, ես բառիս բուն իմաստով, ամաչում եմ, որ այսօր Հայաստանում ավիափոխադրումները չեն իրականացնում տեղական ընկերությունները»:

Իսկ արդյոք մրցութային պահամաններում տեղական ընկերությունների համար որեւէ արտոնություններ չպիտի սահմանել, որպեսզի գիգանտ ընկերությունների հետ հնարավոր լինի աշխատել, այս հարցի պատասխանը,  «Հայկական ավիաուղիների» ու «Արմավիայի» սնանկացման պատճառների մասին պարոն Ավետիսյանի դիտարկումները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պետության նախագահին (արեւելյան Փոքր Հայաստանի) ` Սերժ Սարգսյանին` պետության համար պատասխանատուին հարց`.
    ՀՀ-ի ո՞ր ավիաընկերությունը ունի սեփական օդանավեր, գրանցված հարկայինում:
    Ի՞նչ է, մոռացե՞լ եք Քոչարյանի պաս տված դատարկ «Արմավիա»- ին:
    Էշ ունես`փալանը քցի վրեն, չունես` քցի ուսիդ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031