Մոտ երեք ամիս Ազատության հրապարակում նստացույց անող մի խումբ ազատամարտիկներ իրենց համահավաքի հաջորդ օրը՝ օգոստոսի 23-ին միանալու են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԲ-ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը՝ բացատրելով, որ այսօր ազատամարտիկների նպատակն է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից, դրա համար էլ միանալու են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
Սակայն, ինչպես տեղեկացրել ենք, ազատամարտիկները տարբեր խմբավորումների են բաժանվել եւ առանձին-առանձին տարբեր խնդիրներ են առաջ քաշում: Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, փոխգնդապետ Սամվել Մկրտչյանը վստահեցրեց, որ կոնկրետ իրենց ճյուղը չի միանալու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին. «Մենք Ասլան Գրիգորյանենց հետ գործ չունենք: Նման ծրագիր չունենք, նման պլաններ չունենք: Մերը սոցիալ-իրավական պահանջներ են, մենք ոչ մի կուսակցության հետ բացարձակ գործ չունենք, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գործ չունենք: Մեր ճյուղը՝ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, այն ազատամարտիկներն են, որոնք ընդունում են, որ մենք սոցիալ-իրավական դաշտում ենք պայքարելու: Մենք դա ենք, որեւէ կուսակցությունների անվան հետ բացարձակ կապ չունենք: Մենք մյուս ճյուղի ազատամարտիկների հետ էլ գործ չունենք, իրանք ինչ են անում, ոնց են անում, կապ չունենք: Մենք խնդիր ենք դրել, որ ազատամարտիկի սոցիալ-իրավական վիճակը բարելավենք, մենք մեր խնդիրներից չենք շեղվում, ոնց սկսել ենք՝ այդպես էլ գնալու ենք: Թե մյուսները ինչ են անում՝ իրենց գործն է: Մենք էլ ազգի համար կռվել ենք, պայքարել ենք, մենք մեր ձեւով ենք շարժվում եւ առաջին հերթին մտածում ենք ինչպես լուծել հենց ազատամարտիկների խնդիրները: Շատ է ծանրացել վիճակը՝ հաշմանդամ են դարձել ազատամարտիկները, մեծացել են: Մենք բազում խնդիրներ ունենք, մեր խնդիրներն ենք ուզում լուծել»:
Մեր հարցին՝ եթե հանրահավաքի գնաք, ձեզ կկապեն քաղաքական ուժերի հե՞տ, դրանի՞ց եք խուսափում՝ ազատամարտիկը պատասխանեց. «Մենք քաղաքական որեւէ կուսակցության, գործընթացի հետ գործ չունենք: Ուզում ենք մեր պայքարը իրավական դաշտում մաքուր պահել, մեր այսքան տարվա խնդիրները լուծել: Դա է մեր բուն նպատակը»:
Ազատամարտիկների այս ճյուղը պատրաստվում է առաջիկայում Վանաձորում մի խումբ ազատամարտիկների հետ նստացույց անել:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ նստացույցով հարցը լուծվո՞ւմ է, առաջընթաց կա՞՝ Սամվել Մկրտչյանը պատասխանեց, որ հիմա արձակուրդային սեզոն է, բայց կամաց-կամաց հարցը լուծվում է. «Կոնկրետ որեւէ բան դեռ պարզ չի, բայց խոստումներ կան, գործողությունները ընթացքի մեջ են, հույս ունենք, որ մենք կհասնենք մեր նպատակին կամաց-կամաց: Մեզ չեն մերժում, դա արդեն բավական բան է: Խոստանում են, որ կանեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ