Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց Смерч-ը եւ մեր AR1A-ն

Օգոստոս 20,2013 19:23

Նախօրեին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով: Դրանց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի: Համալիրի կոնկրետ թիվ չի նշվում, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ, խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները: ՀՀ ՊՆ-ում ոչ հերքել, ոչ էլ հաստատել են ռադիոկայանի տեղեկությունը:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառված չորս միլիարդ դոլարի զենք-զինամթերքի մեջ են մտնում նաեւ Смерч համալիրները:
Վերոնշյալ տեղեկության առիթով Aravot.am-ը փորձեց զրուցել ոլորտին ծանոթ մարդկանց հետ: ՀՀ ԱԺ պաշտպանության,ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը հրաժարվեց մեկնաբանություններից, քանի որ արձակուրդում էր գտնվում: Հայաստանից դուրս գտնվելու պատճառով մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը: ՀՀ ԱԺ պաշտպանության,ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը, «Տիգրան մեծ» ջոկատի նախկին հրամանատար Սմբատ Այվազյանը, ՆԳՆ համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գառնիկ Մարգարյանը եւ էլի այլոք հրաժարվեցին մեկնաբանություններից` տեղեկատվության կիսատ-պռատ, ոչ ամբողջական լինելու պատճառով: «Խոսքը նրանց մասի՞ն է, որոնք Հայաստանն ուներ, թե՞ նոր են ձեռք բերել: Արդեն ձեռք ե՞ն բերել, թե՞ դեռ բանակցում են»,- հարցեր հնչեցրեցին մեր զրուցակիցները:

Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանն այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր  թողել. «Պարզվում է, Հայաստանը ունեցել է չինական AR1A հրթիռային համալիրներ դեռևս 2011 թվականից: Նրանցից մի քանիսը ցուցադրվել են Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ցավոք, ինչպես հաճախ է լինում, մեր ունեցածը գնահատելու համար մեզ, երբեմն, երկար ժամանակ է հարկավոր:
Թե չէ` Ադրբեջան, ՍՄԵՐՉ, 2013, եսիմ ինչ…
Հայրենիքիս պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031