Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ գործարար. «Հայաստանի հարկային համակարգը խորթ էր մեզ համար»

Օգոստոս 20,2013 19:08

Օգոստոսի 18-ին news.am լրատվական կայքը նյութ էր հրապարակել սիրիահայ գործարար Շահեն Չերքեզյանի մասին: Պարոն Չերքեզյանը` Հոմս քաղաքի Solar Heaters արևային ջրատաքացուցիչների սեփականատերն է: Նա ցանկանում էր արևային ջրատաքացուցիչների բիզնեսը Հայաստան բերել: Բայց հաշվի առնելով Հայաստանի հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքը` հրաժարվել է:

Մեկ այլ սիրիահայ գործարար Ալեքսան Կարադանայանը, Երևանում հիմնել է տպարան և տեքստիլի դիզայնի կենտրոն: Aravot.am-ը զրուցել է պարոն Կարադանայանի հետ` իմանալու համար արդյոք վերջինս ինչ-որ խնդիրներ ունեցե՞լ է հարկային դաշտի հետ և առհասարակ ինչ դժվարությունների է հանդիպել Հայաստանում:

Ալեքսան Կարադանայանը պատմեց, որ սկզբում դժվար է եղել,քանի որ Սիրիայում հարկային համակարգը շատ է տարբերվում Հայաստանի հարկային համակարգից. «Մեզ համար խորթ էր այս ամենը: Մենք սովոր չէինք հարկեր վճարել: Սիրիայում, եթե նոր բիզնես ես հիմնում, պետությունը 5 տարի ազատում է հարկերից, որպեսզի կարողանաս աշխատողներ պահել: Սակայն պետք է ասեմ, որ մեզ մոտ գործարարների 99%-ը անօրինական են աշխատում: Պետությունը մեզ շատ չի ճնշում: Այստեղ այդպես չի: Հայաստանում ամեն ինչ օրենքով են անում: Այսինքն` հեշտ համակարգից մենք անցանք ավելի բարդ համակարգի: Սակայն օժանդակություն կա: ՀՀ սփյուռքի նախարարությունը մեզ համար անգամ հաշվապահական դասընթացներ կազմակերպեց, որպեսզի ավելի լավ ծանոթանանք հարկային դաշտին: Լավ է,ամիսը կամ երեք ամիսը մեկ անգամ 5% հարկ ենք վճարում»:

Պարոն Կարադանայանը, որը Հալեպից Հայաստան է եկել մեկ տարի առաջ,անդրադառնալով իր բիզնեսի հետ կապված դժվարություններին` նշեց. «Հայաստանում հագուստ արտադրողները քիչ են: Մարդիկ այլ երկրներից են բերում և այստեղ թանկ վաճառում: Մենք աշխատում ենք հագուստ արտադրողների հետ և որքան նրանք շատ լինեն, մեր գործն այդքան ավելի լավ կլինի: Այսինքն` մենք մեծ շուկայից եկանք նոսրացած շուկա»:

Ինչ վերաբերում է բիզնեսի շահութաբեր լինելուն` Ալեքսան Կարադանայանը դեռ դժվարացավ որևէ գնահատականներ տալ, բայց նշեց, որ այստեղ գործը շատ քիչ է. «Ներկայումս գործերն այնքան էլ լավ չեն, բայց դա նորմալ է: Սիրիայում նույնպես սկզբում ծանոթություններ չունեինք,սակայն հետո մեզ ճանաչեցին և գործերը լավացան: Եթե համեմատեմ, ապա Սիրիայում մոտ 100 հաճախորդ ունեի, իսկ այստեղ ընդամենը` 3-4: Դեռ 4 ամիս է, ինչ աշխատում ենք, տպարանը երեք ընկերներով ենք աշխատեցնում: Ժամանակ է պետք, որ մարդիկ իմանան մեր մասին: Տեքստիլի ոլորտը գնալով զարգանում է: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ Հայաստանում նույնպես արտադրողները կավելանան»:

Hayastan t-shirtԹերևս, դժվարություններն այսքանն էին: Ալեքսան Կարադանայանը պատմեց, որ հայկական կողմը ամեն կերպ փորձել է աջակցել սիրիահայերին, որոնց համար բոլոր դռներն էլ բաց են. «Երբ նոր էինք եկել, Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ կազմակերպեց ծանր, միջին և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդյունաբերության փոխնախարարը, հարկային դաշտի ներկայացուցիչը: Սիրիայում նման բան չկա, չես կարող խոսել նախարարի կամ փոխնախարարի հետ: Նրանց օգնությամբ մենք ծանոթություններ ձեռք բերեցինք և այսօր ունենք արդեն մի քանի պատվերներ: Սիրիայում այդ առումով ավելի հեշտ է, քանի որ կա արդյունաբերական շրջան, իսկ այստեղ մեկը Արգավանդում է գտնվում, մյուսը` Բանգլադեշում: Առաջին օրը մենք եկանք և հասկացանք, որ պետությունը մեր թիկունքին է կանգնած»:

Hayastan

Այն հարցին` արդյոք սիրիահայ գործարարը կցանկանա՞ վերադառնալ Հալեպ, պատասխանեց. «Ապագան ինձ համար դեռ անորոշ է: Եթե Սիրիայում իրավիճակը լավանա, միգուցե մեկնեմ և վերսկսեմ տպարանի աշխատանքները: Այնտեղի եկամուտով այստեղ կարող ենք լավ ապրել: Հայաստանում լավ է,բայց մեր տունը, ընկերները, տիկնոջս ծնողները, բոլորն այնտեղ են»:

 

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Տեսանյութը՝ Hottv-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031