Orange Հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներն այսուհետ կունենան գյուղատնտեսական նոր ոլորտում աշխատելու հնարավորություն և եկամտի կայուն աղբյուր: Այս գյուղը նախկինում ունեցել է մոտ 1500 հեկտար խաղողի այգիներ ու կայացած խաղողագործություն, տարեկան շուրջ 2000 տոննա բերքով, սակայն 1990-ական թվականներից հետո գյուղատնտեսական նշանակություն ունեցող այդ հողատարածքը դարձել է անօգտագործելի՝ մնալով նշանառուի կրակոցի վտանգի ներքո, ինչի արդյունքում գյուղի բնակիչները կորցրել են իրենց հիմնական աշխատանքը: Orange Հիմնադրամի՝ գյուղատնտեսական նախագծերի շրջանակում վազաշենցի 7 ընտանիքներ ստացել են մեղվի փեթակներ ու մեղուներ, իսկ գյուղացիների համար կազմակերպվել են մեղվաբուծության դասընթացներ՝ հնարավորություն տալով վերջիններիս կայուն կերպով ներգրավվել այս նոր ու խոստումնալից ոլորտում:
Նախագիծն իրականացվել է Orange Հիմնադրամի կողմից անցյալ տարի մեկնարկած հատուկ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս ծրագրի համար դրամաշնորհը Orange Հիմնադրամից ստացել է Orange-ի աշխատակից Միհրան Բաբայանը, ով աշխատում է ընկերության Ֆինանսների բաժնում, իսկ աշխատանքից ազատ ժամերին նաև աջակցում է “Հայ Ձմեռ պապ” հասարակական կազմակերպության աշխատանքներին: Սա Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող արդեն չորրորդ նախագիծն է:
Մեղրաքամին մասնակցելու նպատակով Վազաշեն գյուղ էր այցելել նաև Օրանժ Արմենիայի աշխատակիցներից կազմված կամավորների խումբը, որոնցից շատերն առաջին անգամ, սակայն մեծ խանդավառությամբ էին մասնակցում նման աշխատանքի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամի աջակցությամբ գյուղատնտեսական փոքր, սակայն կայուն զարգազման մոդելներ են ներդրվել նաև Տավուշի մարզի Բերդավան և Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղերում:
Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 2,960,000 դրամ:
Orange Հիմնադրամ