Այսօր Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված Կապանի բնակիչ, անկուսակցական Տիգրան Սարգսյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին մեզ տեղեկացրեցին թիվ 38 ԸԸՀ-ից: Տիգրան Սարգսյանի հետ չհաջողվեց կապ հաստատել եւ պարզել, թե ինչո՞ւ է որոշել ինքնաբացարկ հայտնել: Նախկին թեկնածուն մեր հեռախոսազանգերին այպես էլ չպատասխանեց:
Այս պահին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի 4 թեկնածու է շարունակում առաջադրված մնալ՝ ՀՀԿ-ից առաջադրված Կապանի նախկին քաղաքապետ, Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը, անկուսակցական, երեւանաբնակ, թոշակառու Պավլիկ Սարգսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված ազատամարտիկ, Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Հայրապետյանը: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
Թիվ 38 ԸԸՀ-ից փոխանցեցին, որ առաջադրված թեկնածուներից միայն Պավլիկ Սարգսյանը չի վճարել ընտրագրավը եւ այսօր հրավիրված նիստում որոշվեց թեկնածուին 48 ժամ ժամանակ տրամադրել ընտրագրավը վճարելու համար՝ մինչեւ օգոստոսի 22 ժամը 13:00-ը:
Նշենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, իսկ սեպտեմբերի 1-ից կմեկնարկի թեկնածուների քարոզարշավը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև