«Առավոտ» օրաթերթի 2013 թվականի օգոստոսի 20-ի համարում հրապարակված «ՃՈ-ն միտումնավո՞ր է ձգձգում» վերտառությամբ հոդվածի (որին հղում են կատարել նաև մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ) կապակցությամբ տեղեկացնում ենք, որ հոդվածում նկարագրված իրավիճակն իրականում վարորդի արդարացումն է իր իսկ իրավախախտման համար և սեփական մեղքը մեկ այլ անձի վրա գցելու փորձ:
Մասնավորապես. Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու այն հատվածում, որտեղ ներկայումս տեղադրված է արագաչափ սարքը, 80 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանը հանվել է և սահմանվել է 60 կմ/ժ թույլատրելի արագություն դեռևս 2012 թվականի նոյեմբեր ամսին:
Այսինքն, սկսած 2012 թվականի նոյեմբեր ամսից Թբիլիսյան խճուղում 80 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանված է «Շամպայն-գինիների գործարանի» խաչմերուկից մինչև «Ռադիոկայմի» խաչմերուկ հատվածում՝ Երևանից դեպի Սևան և Սևանից դեպի Երևան ուղղություններով, իսկ «Շամպայն-գինիների գործարանի» խաչմերուկից մինչև Թբիլիսյան-Ազատության-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկ («Լամպերի գործարանի» խաչմերուկ) սահմանված է 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների 68-րդ կետի պահանջների համաձայն, բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ համաձայն 70-րդ կետի պահանջների՝ բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության կողմից որոշումները միտումնավոր ուշ ուղարկելուն, ապա հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Ճանապարհային ոստիկանությունը իրավախախտումներն ուսումնասիրում, որոշումները կայացնում և դրանք փոստային ծառայությանն է հանձնում օրենքով սահմանված ժամկետներում:
Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները, երթևեկել տվյալ պահին տվյալ ճանապարհի համար սահմանված արագությամբ:
Ճանապարհային ոստիկանություն