«Եթե իրավապահ մարմինները այս կեղծիքներին լուրջ չվերաբերվեն, ես նախագահի նստավայրի դիմաց անժամկետ հացադուլ կհայտարարեմ եւ կխնդրեմ ընդունելություն, որպեսզի էս հարցին արդարացի լուծում տրվի: Ես չեմ գնացել թուրքի հետ պատերազմել, որ էս օրով անարդարացի լուծումներ տրվեն մեր երկրում առաջացած խնդիրներին»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանը, որը բնակվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում:
Ազատամարտիկի պատմելով` Ծափաթաղ գյուղի գյուղապետ Թագուհի Բոյաղջյանը եւ իր խորթ քույրը՝ Կարինե Բադալյանը ապօրինի քայլերի միջոցով զրկել են իրեն եւ իր ընտանիքին իր մահացած հոր կտակից, որը նա թողել էր ազատամարտիկի մորը:
«Գյուղապետը կատարել է անօրինական քայլեր. մորս տան հաշվառումից ու սեփականաշնորհման գրքույկից հանել է դուրս ու այս ամենի դիմաց ոչ մի օրինական թուղթ գոյություն չունի: Նա ամեն ինչ ջնջել է ծխամատյանից, այն ծխամատյանից, որը 2000թ.-ից պետք է լիներ արխիվում, ոչ թե գյուղապետի մոտ: Իսկ հիմա, որ ուզում ենք` հետաքննության համար, ասում է, թե պաշտոնապես ինձ չեք դիմել, որ ես ձեզ ծխամատյանները տրամադրեմ, բայց իմ փաստաբանն ու քննիչն են դիմել:
Հայրս գիտակցելով այսքան գործողությունները՝ մահվանից առաջ կտակ է թողել, որում իրեն հասանելիք մասնաբաժինը պետք է անցնի մորս, բայց գյուղապետի միջնորդությամբ բաժին է հասել խորթ քրոջս: Հայրս դիմել է դատարան, իսկ խորթ քույրս «Բիբիջի» կենտրոնի նյարդաբանի կողմից տրված մի թուղթ է ներկայացրել, որտեղ ասվում էր, որ հայրս տվյալ ժամանակ հոգեկան խանգարումներ է ունեցել, պրոտեզաօրթոպեդի կողմից տրված էր թուղթ՝ իբր հայրս լսողական ապարատ է ստացել, Սեւանի անկախ փորձագիտական դատահոգեբուժական փորձաքննության կենտրոնի տնօրեն Ալեքսանյանի կողմից եզրակացություն է տրված եղել՝ իբր հայրս հոգեկան հիվանդ է: Սրանցից ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում. ես քննիչի միջնորդությամբ վերցրել եմ գրությունները, որ հայրս ոչ մի տեղ գրանցված չի եղել, ոչ մի հիվանդություն չի ունեցել: Ինձ թվում ա, որ այստեղ պայմանավորվածություն ա եղել գյուղապետի ու խորթ քրոջս միջեւ, որպեսզի տունն ու տան հողը սեփականաշնորհվի Կարինեի անունով, տունը կմնա Կարինեին, իսկ տնամերձ հողը ՝ գյուղապետին»,-պատմեց Աշոտ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից այս գործով փաստաբան Սերգեյ Պողոսյանն էլ վստահեցրեց, որ ազատամարտիկի խորթ քույր Կարինե Բադալյանի հաշվառման տարեթվերը սխալ են. «Սեփական ակտի վկայականում գրված է հիմք՝ Ծափաթաղի հողային բարեփոխումների հանձնաժողովի 10.04.1991 թվականի արձանագրությունը, որը ապրիլի 10-ի արձանագրություն է, բայց Կարինե Բադալյանը, ըստ անձնագրի, հաշվառված է 1991-ի մայիսից: Այսինքն հանձնաժողովը արդեն մեկ ամիս առաջ իմացել է, որ մի Կարինե պետք է Երեւանից գա եւ բնակություն հաստատի իրենց գյուղում: Մենք այս ամենը ներկայացրել ենք դատարան, բայց վերաքննիչ դատարանը որեւէ արձագանք չի տվել, բացի դրանից, երբ դատարանը ընդունեց վարույթ, ես քրեական գործի հարուցման մասին որոշումը ուղարկեցի Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում գործը վարում էր Կարինե Հակոբյանը: Ես պատճենն էի ներկայացրել, բայց դատական գործի ժամանակ ներկայացրի օրիգինալը, դատավորը հրաժարվեց, դա վերցրեց եւ ասաց՝ ինչի՞ համար:
Իսկ երբ կտակի պահով բեկանվեց գործը, մենք նկատեցինք, որ առաջին ատյանի ներկայացրած գործի մեջ բացակայում էր տվյալ փաստաթուղթը: Ես արդեն գրավոր հարցում եմ ուղարկել՝ Կարինե Հակոբյանից պահանջելով բացատրություն»,-ասաց փաստաբանը:
Նա նաեւ փաստեց, որ մահացածը երբեք «Բիբիջի» կենտրոն չի դիմել, իսկ հոգեբուժարանի բլանկի վրա եղել է բժշկի անձնական կնիքը:«Ես պահանջել եմ նրանցից տեղեկանք, բայց չեն տալիս: Մարդիկ կեղծիքը տրամադրում են, բայց իրականությունը՝ ոչ: Ով փող ունի նրանց են տրամադրում»,-ասաց Աշոտ Պետրոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում գյուղապետ Թագուհի Բոյաղջյանն ասաց, որ ծխամատյանները կարող են հանձնել եւ կարող են պահել իրենց մոտ՝ արխիվներում, իսկ ազատամարտիկի փաստաբանը, գյուղապետի ներկայացմամբ` ոչ մի գրավոր հարցում չի ուղարկել.«Իսկ քննիչը ինձ դիմել է, ես էլ պատասխանել եմ, որ օրենքով սահմանված կարգով կարող են վերցնել»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ