Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Զուրաբյանին. «Ընդդիմության համար որտե՞ղ ջերմոց ստեղծենք, որ գնա պայքարի» (Տեսանյութ)

Օգոստոս 20,2013 17:28

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին մասնակցել՝ պատճառաբանելով, որ դա ամենասարսափելի տարածքն է, այնտեղ կեղծիքներ շատ կլինեն, ընտրությունների արդյունքները կանխորոշված են:

Չնայած դրան, «Ժառանգությունը» որոշեց առաջադրել Սամվել Հայրապետյանի թեկնածությունը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» գնաց այդ ռիսկին՝ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում, եթե ընտրությունները կեղծվում են, ապա կեղծվում են նույն մեխանիզմով եւ ամենուրեք: Ինչո՞ւ կարելի է մասնակցել Երեւանի ընտրություններին եւ չմասնակցել Սյունիքի ընտրություններին: Ես համաձայն եմ, որ մեծամասնական ընտրակարգը պետք է վերացվի, համաձայն եմ, որ մեծամասնական ընտրակարգով միայնակ քաղաքական ուժը շատ քիչ շանսեր ունի հաղթելու: Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն կարողանային այնտեղ մեկ միասնական թեկնածուով հանդես գալ, հաղթելու այդ շանսերն ավելի կմեծանային: Քաղաքականությունը նրա համար է, որ պայքարես ոչ միայն 99 տոկոս շանսի համար, երբ խաղի ելքը կանխորոշված է, այլ նաեւ 1, 2, 5 կամ 10 տոկոսի համար, որովհետեւ քաղաքականությունը ենթարկվում է նաեւ հավանականության տեսությանը: Կարող է մի բանի հավանականությունը 50-60 տոկոս լինել, իրականությունը դառնա 40 տոկոս: Հիմա հրաժարվել պայքարից, որտեղ կա ինչ-որ տոկոսի հաղթելու հավանականություն, ես դա չեմ կարող հասկանալ: Հասկանում եմ նրանց բոլորի մտահոգությունները, որ ընտրությունները կեղծվելու են, որ իշխանությունը փորձելու է կեղծել, բայց դա ամենեւին չի նշանակում ձեռքերը ծալել եւ նստել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են բանակցություններ Սյունիքի ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ այդ բանակցություններով ինքը չի զբաղվել, բայց զրույցներ, տրամադրությունների փոխանցում կատարված կլինի. «Քաղաքականությունը նրա համար է, որ ամեն հարթակ օգտագործվի: Չեմ ասում գնալ պարտվածի հոգեբանությամբ եւ գնալ պարտվել: Բայց կարելի է, չէ՞, անցյալի դասերից օգուտ քաղել»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասում էր՝ քաղաքական ինքնասպան պետք է լինել՝ Սյունիքում առաջադրվելու համար: Ստյոպա Սաֆարյանը չհամաձայնեց. «Ինչո՞ւ: Ես կարող եմ հակառակը փաստարկել: Կան նաեւ գործոններ, որոնք ի վնաս իշխանության են՝ Սուրեն Խաչատրյանի հետ կապված պատմությունը, նրա ասոցացումը իշխանության հետ ի վնաս իշխանության թեկնածուի է»:

Մեր հարցին՝ վախի մթնոլորտն այնտեղ արդեն անցե՞լ է՝ նա պատասխանեց. «Վախի մթնոլորտը պիտի վերացնեն քաղաքական ուժերը: Եթե նրանք բոլորը մտնեն, օրինակ ծառայեն, որ իրենք չեն վախենում, մնացածն էլ վախենալու բան չունեն, հավատացնում եմ, վիճակ կփոխվի: Լավ, չես գնում հաղթելու, բայց հաջորդ պայքարների համար ինչ-որ բան պիտի անե՞ս, որ այնտեղ վախի մթնոլորտը կրճատվի: Եթե դու այսօր դա չարեցիր, հաջորդ ընտրություններում սկսելու ես 0-ից: Դու այսօր կարող ես մի աղյուս դնել քո ապագա հաղթանակում: Դու կարող ես այսօր ջարդել վախի մթնոլորտի ինչ-որ մի հատված, որը մյուս պայքարում բերելու է քեզ հաջողություն»:

Ստյոպա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերին հիշեցրեց, որ երբ ինքը թիվ 1 ընտրատարածքում 2 անգամ առաջադրվեց, այդ նույն քաղաքական ուժերից որեւէ մեկը չպաշտպանեց նրա թեկնածությունը. «Այդ ընտրատարածքում կարելի էր հաղթանակ տանել, չարեցին, հիմա այնտեղից է՞լ են վախենում: Այդ դեպքում ընդհանրապես պիտի քաղաքականությամբ չզբաղվեն, եթե ե՛ւ Երեւանում ես վախենում պայքարել, ե՛ւ Երեւանում ես հուսահատված, ե՛ւ մարզերում: Այդ դեպքում ինչո՞ւ ես մեղադրում հասարակությանը՝ հուսահատված լինելու համար: Եթե քաղաքական ուժն ինքը հուսահատված է, հասարակությանը մեղադրելու իրավունք չունի»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր՝ ոչ մի քաղաքական ուժ իր ուղեղը փլավով չի կերել, որպեսզի գնա եւ Սյունիքում առաջադրվի: Մեր դիտարկմանը, փաստորեն, ստացվում է, «Ժառանգությունը» չմտածված քայլե՞ր է անում՝ Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Լավ, ընդդիմության համար որտե՞ղ ջերմոց ստեղծենք, որ ինքը գնա պայքարի: Չի լինի այդպես: Եթե ամեն ինչ այդքան լավ լիներ, էլի ինչի՞ էինք փողոցում պայքարում: Եթե երկրում ժողովրդավարություն լիներ, պայքարի բազում ձեւեր կար, որ չէինք օգտագործի հիմա: Լավ օրից չի, որ օգտագործում ենք: Առանց այն էլ ընտրության հնարավորությունները ընդդիմության համար շատ քիչ են, եւ ցանկացած փոքրիկ հնարավորություն պիտի օգտագործվի: Ցանկացած քարոզարշավ պիտի ունենա իր նպատակը, կարող է քո նպատակը հաղթելը չի, նպատակը ապագա հաղթանակների համար ավելի լայն հնարավորություններ ստեղծելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031