Այսօր «Հայելի» ակումբում կայացած բանավեճի ժամանակ անդրադարձ եղավ ՀՀ նախագահի հուլիսի 22-ի հրամանագրով ստեղծված կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեին, որի նախագահն է Նարեկ Սարգսյանը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն այդ կոմիտեն ավելորդ համարեց, փաստելով, որ հարցը չի քննարկվել Ճարտարապետների միությունում՝ մասնագետների հետ:
Խոսելով Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ իրականացված աղմկալի մի նախագծի՝ Հյուսիսային պողոտայի մասին, տիկին Դանիելյանն այն հակաէկոլոգիական, հակասեյսմիկ եւ հակաազգային կառույց որակեց: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն իսկույն փորձեց պաշտպանել Նարեկ Սարգսյանին ու հակադարձեց բնապահպանին. «Պա՛հ, սեյսմիկայից էլ ես հասկանում հա՞…»
«Սեյսմիկան էկոլոգիայի հետ կապված է, իսկ դուք դա չեք զգում: Ամեն դպրոցի կողքին բարձրահարկ շենք է բարձրանում, որը երկրաշարժի դեպքում կքանդվի դպրոցների գլխին…Հետո կներես, նույն Նարեկ Սարգսյանը, երբ եղավ համայն հայության գլխավոր ճարտարապետ՝ քաղշինում, էդ ո՞նց եղավ, որ այդ ընթացքում ոչ մի կոորդինացիա չեղավ, ով՝ ինչ ուզում, անում էր, ինձ հետաքրքիր է՝ իրոք այլմոլորակայիննե՞րն են եկել Երեւան… Ինձ հասկանալի չեն այդ գործընթացները, նույն կոմիտեի ստեղծումը: Ես կողջունեի, եթե քննարկումներ լինեին, բոլոր ճարտարապետները գտնեին, որ դրա կարիքը կա, եւ դա պետք է էսպես աշխատի: Մի քանի անգամ ասել եմ, որ պարոն Սարգսյանը միշտ հայտարարում է, թե ամեն գինեկոլոգ չպետք է խոսի ճարտարապետությունից…»,-շարունակեց տիկին Դանիելյանը:
Կարդացեք նաև
Լեւոն Իգիթյանն էլ շեշտեց՝ շատ ճիշտ հայտարարություն է: Բայց դա չխանգարեց, որ բնապահպանը նոր փաստարկներ բերի. «Ձեր նկարած քաղաքում մենք բոլորս ապրում ենք, եւ ուղիղ կապ կա ճարտարապետություն-քաղաքաշինություն, կյանքի որակ-մարդու առողջություն, ու առաջինը հենց գինեկոլոգն է տեսնում աննորմալ ծնունդները»:
«Ո՛չ, գինեկոլոգն ուրիշ տեղ ա նայում»,-քմծիծաղ տվեց Լեւոն Իգիթյանը՝ արժանանալով Կարինե Դանիելյանի սաստմանը. «Помолчи, пожалуйста… Մենք բոլորս էլ իրավունք ունենք այդ մասին, պատմական ժառանգության կորստի մասին խոսելու, որը պարզվում է՝ այլմոլորակայինները էկել քանդել են, իսկ դու վերականգնել ես…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի