Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գևորգ Ալթունյանի բաց պատասխանը

Օգոստոս 20,2013 16:29

Օգոստոսի 13-ի Հ1 հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրին ոստիկանության տրամադրած տեսանյութերից մեկը պատմում էր քաղաքապետարանի տարածքում բողոքի ակցիա կատարող ակտիվիստներից մեկին՝ Միհրան Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին: Այդ տեսանյութի հիման վրա «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ Գայանե  Մելքոմ Մելքոմյանը օգոստոսի 14-ին բաց նամակ էր ուղղել Հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանին, որն իր բաց պատասխանում վստահեցնում է, թե հեռուստաալիքը անդրադառնում է ամենահրատապ խնդիրներին.

«Հայաստանում գործող գրեթե բոլոր պետական կառույցները, քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ ու կառույցներ իրենց գործունեության լուսաբանման առավել մեծ ծավալ են ակնկալում, համոզված լինելով, որ հենց իրե’նց գործունեությունն է առավել արժանի ծավալուն լուսաբանման: Այս տեսանկյունից, ինձ համար, իհարկե, հասկանալի է Ձեր մտահոգությունը` քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցին Առաջին լրատվականի ոչ հաճախակի անդրադարձերի առնչությամբ: Միևնույն ժամանակ, նաև համոզված եմ, որ օրինակ` հեռավոր Ճոճկան գյուղի բնակիչների դեղձի բերքի իրացման խնդիրները պակաս կարևոր չեն, քան քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ պաշտոնանկության կրկնվող պահանջները: Նույն տրամաբանությամբ` չեմ կարծում, թե այդ պահանջի պարբերական լուսաբանումը շատ ավելի հրատապ է, քան հարյուր հազարավոր մարդկանց ուշացող կենսաթոշակների խնդիրը»:

Ինքը՝ Գևորգ Ալթունյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, քանի որ կարծում է՝ ավելացնելու բան չունի:

Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը տարօրինակ է համարում Ալթունյանի բաց պատասխան նամակի հետևյալ հատվածը՝ «Կարծում եմ տեղյակ եք, որ ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, հանրայինը օրենքով ամրագրված պարտավորություններ ունի` պետական կառույցների գործունեության լուսաբանման առումով».

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, որ հաստատ նման բան չկա: Եթե պրն Ալթունյանը նկատի ունի այդ օրենքի 26-րդ՝ «Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները» հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը, ապա սա  պետական կառույցների գործունեության լուսաբանման պարտավորություն չի ենթադրում: Իսկ եթե նկատի ունի նույն՝ 26-րդ  հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի (ա) ենթակետը, ապա, մեղմ ասած, դարձյալ սխալվում է, որովհետեւ այդտեղ հստակ ձեւակերպված է. «հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»: Այսինքն, եթե ակտիվիստի կալանավորումը հնչեղություն ունեցող տեղեկատվություն էր համարվել եւ հեռարձակվել էր իբրեւ ոստիկանության պատրաստած նյութ (պաշտոնական հաղորդագրություն), ապա եւ ըստ հիշյալ կետի, եւ ըստ տարրական լրագրողական էթիկայի պահանջի՝ հանրայինը պարտավոր էր ստանալ եւ փոխանցել  նաեւ այլ՝ ասենք նստացույցի մասնակիցների տեսակետը, այսինքն՝ ապահովել կարծիքների բազմազանությունը»:

Բաց նամակում Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշել է, որ տեսանյութում ցուցադրվել են այն կադրերը, որտեղ հստակ երևում է, որ Միհրան Մելքոնյանը մասնակցում է քաղաքապետարանի առջևի նստացույցին և դրսևորում ոչ պատշաճ կեցվածք: Գայանեն նաև անդրադառնալով քաղաքապետարանի տարածքում անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդներին՝ հարց էր ուղղել՝ քանի՞ անգամ է հեռուստաընկերությունը անդրադարձել այդ թեմային և քանի տեսանյութ է պատրաստել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. ani says:

    Պարոն Ալթունյանին պետք է հիշեցնել նաև, որ յուրաքանչյուր կազմակերպության, դա կլինի պետական մարմին թե քաղաքական կուսակցություն, լուսաբանման ծավալը կախված է նրա ակտիվության և իրականացրած միջոցառումների ծավալից: Ինչ պարտավորություն կարող է ունենալ հանրային հեռուստաընկերությունը պետական մարմինների լուսաբանման հետ կապված, եթե օրինակ նրանց ակտիվությունը տվյալ պահին զրո է: ինչ վերաբերվում է հանրային հեռուստաընկերության պարտավորություններին, ապա լավ կլիներ Ալթունյանը հիշեր նաև հետևյալ պարտավորության մասին. ՛՛ Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է խոսքի, խղճի ու ստեղծագործության ազատություն: ՛՛

    • Ettentcchi says:

      Ես համոզված եմ, որ այդ բոլորը Ալթունյանը շատ լավ էլ գիտի ու նրան հիշեցնել պետք չէ:

      • ani says:

        Ալթունյանն ամենից լավ հիշում է, որ նախագահի աշխատակազմի կամ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համապատասխան աշխատակցի հետ կապը միշտ պիտի պահի եթերում ՛՛կիքսեր՛՛ թույլ չտալու համար, թե չէ էդ եռանկյունի սեղանն առած էլ չի կարողանա որևէ այլ հեռուստաընկերություն քոչել

        • Արմեն says:

          ԻՆչ տգեղ է ձեր խոսքը, իսկ Ալթույանին դժվար է ձրիակեր, կաշառակեր, չնտրված….. հերիք չէ ձեզ այդքան հայհոյելը, բավական է կանգ առեք, ես ձեր տարբեր նյութերին արձագանքներով այդքան այդպիսին չէի ճանաչում: Ափսոս, որ սխալվել եմ:
          Ես ամբողջությամբ անկեղծ էի:

          • ani says:

            Տգեղ է այն խոսքը, որի նպատակն է լվանալ դիմացինի ուղեղը, ինչը անում է հանրային հեռուստաընկերությունը: Իսկ ճշմարիտ խոսքը կարող է դառը լինել, բայց ոչ տգեղ: Իհարկե հանրայինի երկարատև ուղեղների լվացումից հետո հասկանում եմ, որ շատերի համար դժվարացել է տարբերակել տգեղը գեղեցիկից, դառը քաղցրից…

  2. Spartak says:

    Եթե ժամանակին ես էլ հանրայինում նման մտածողությամբ առաջնորդվեի, երևի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031