Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Ունենալով հզոր տնտեսություն, մենք կկարողանանք ինտեգրվել Եվրամիություն»

Օգոստոս 20,2013 16:22

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ներկայացնում էր այս տարի Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 22-րդ նստաշրջանի ընթացքում քննարկած հարցերը:

Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ այս նիստի ամենաարդյունավետ մասն այն էր, որ քննարկվեցին հարցեր Ռուսաստանի եւ Հայաստանի համար միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու մասին: «Մենք պետք է ունենանք միասնական էներգետիկ համակարգ: Եթե մենք Ռուսաստանի հետ լինելու ենք միասնական մաքսային համակարգում կամ միասնական տնտեսական տարածքում, ապա անհրաժեշտ է, որ էներգակիրները լինեն միեւնույն սակագների տիրույթում, այլապես մենք չենք կարողանա մեր հայկական ապրանքները ռուսական շուկայում ազատորեն տեղաշարժել եւ ունենալ զարգացման հեռանկարներ»,- այսպես է հայտնում իր տեսակետը պարոն Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանը հայտնում է, որ ռուսական ընկերությունները Հայաստանում ունեն ընդհանուր առմամբ 3,25 մլրդ դոլարի ներդրումներ: Այսինքն՝ դրանք կազմում են ամբողջ Հայաստանի ներդրումների 41,2 % -ը:

Առաջ քաշեց «ՀայՌուսգազարդի» առաջարկած բարձր գների վերաբերյալ մի քանի հարցեր. «Ելնելով գազի բարձր սակագնից, ռուսական շուկայում հայրենական ապրանքներ արտադրող ընկերությունները, որոնք օգտվում են էներգակիրներից, կարող են ռուսական շուկայում դառնալ անմրցունակ»:

Գազի թեմայի հետ նա նաեւ սերտ կապի մեջ դրեց Հրազդանի ՋԷԿ-ի խնդիրը. «ՋԷԿ-ը օգտագործում է տարեկան 300 մլն մետր խորանարդ գազ: Այս դեպքում մենք ցանկանում ենք գալ համաձայնության ռուսական կողմի հետ, որպեսզի մեզ գազ տրամադրի այն գնով, ինչքան ռուսական ներքին շուկայի գինն է»:

Խոսելով Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մասին, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ 2010 թվականին Հայաստանը Եվրամիության երկրներ է արտահանել 501 մլն դոլարի ապրանք, 2011-ին՝ 607 մլն դոլարի, իսկ 2012-ին՝ 560: Պարոն Սաֆարյանն ասում է, որ սրանք միայն հումքային ապրանքներ են, որոնք արտահանվում են, եւ Եվրոպական երկրներում օգտագործվում արտադրության համար:

Նա նաեւ նշում է, որ Եվրամիության երկրներ Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալն աստիճանաբար նվազում է՝ 48%-ից հասնելով 35-ի: Սակայն նա այս խնդրին առաջարկում է մի լուծում.

«Հումքային ապրանքների արտահանման ծավալները պակասում են, գներն իջնում են, արտադրանքը պակասում է : Սակայն մենք պետք է ոչ թե եվրոպական երկրներին հումք արտահանենք, այլ պատրաստի արտադրանք: Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել Եվրոպական միություն ինտեգրվելու մասին»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031