Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ճանապարհային ոստիկանները խուսափում ԳԱԼԱ-ի աշխատակիցներից

Օգոստոս 20,2013 16:05

Ինչպես տեղեկացրել ենք, ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական բաժնի վարորդ Արմեն Պետրոսյանը դատի էր տվել Ճանապարհային ոստիկանությանը` իր ազատ տեղաշարժման իրավունքը ոտնահարելու, իրեն անհիմն 5000 դրամ տուգանելու ու ՃՈ աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ համարելու պահանջով:

Բանն այն է, որ մարտի 27-ին Ճանապարհային ոստիկանությունը Գյումրու ոստիկանապետ Մարտիրոսյանի միջնորդությամբ տուգանել էր հեռուստաընկերության վարորդին`քաղաքի կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցում մի քանի օր առաջ հոծ գիծ հատելու պատճառաբանությամբ:

Սակայն հեռուստաընկերության աշխատակիցների պնդմամբ, իրենց նկարահանող խումբը այդ օրը, այդ ժամին բոլորովին այլ վայրում է եղել, Սայաթ-Նովա փողոցով անգամ չի անցել: Ըստ նրանց, ոստիկանությունը գործ է սարքել իրենց գլխին, քանի որ իրենք նկարահանել ու ցուցադրել էին ոստիկանության ապօրինի գործողությունները «Ժառանգության» ստորագրահավաքի ժամանակ:

ԳԱԼԱ-ի վարորդի թույլ տված խախտումն էլ իբրև թե տեսել են այդ փողոցում հերթապահություն իրականացնող ոստիկանության Գյումրու բաժնի երկու աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին դիմել են Գյումրու ոստիկանապետ Մարտիրոսյանին, նա էլ միջնորդել է՝ ճանապարհային ոստիկաններին ակտ կազմել:

ԳԱԼԱ-ի աշխատակիցների դժգոհելով, ճանապարհային ոստիկանները վարորդին պատշաճ ծանուցագիր ուղարկելու փոխարեն, այցելել են նրա բնակարան ու բռնի ուժով տեղափոխել Ճանապարհային ոստիկանություն:

Այսօր Շիրակի մարզի վարչական դատարանում նշանակված էր հերթական դատական նիստը: Դատարանը լսելու էր գործով վկաներին` թե Ճանապարհային ոստիկանության` դեպքի վայրում եղած ծառայակիցներին և թե ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցներին, ովքեր ականատես են եղել, թե ինչպես հանրության ներկայությամբ «Նանե հոթելի» մոտ իրենց վարորդին բռնի ուժով նստեցրել են Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան:

Ու թեև երկու կողմերի վկաներն էլ պարտաճանաչորեն ներկայացել էին դատարան, այդուհանդերձ նիստը հետաձգվեց, քանի որ չէր եկել պատասխանող կողմը`Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:

Դատավորը, դիմելով ոստիկանության կողմից հրավիրված վկաներին, ասաց. «Բա չե՞ք հարցնում, մեզ կանչում եք դատարան, դուք ինչո՞ւ չեք գալիս»: Դատավորն ասաց, որ հաջորդ դատական նիստը կախված կլինի իր արձակուրդ գնալուց, սպասում է արձակուրդի հրամանին:

PrevPhoto
NextPhoto

ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Քրիստինա Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ դժգոհեց. «Տհաճ է, երբ ներկայանում ենք և մյուս կողմը, ովքեր սովորական, շարքային քաղաքացիներ չեն, որ ասես չեն հասկանում օրենքից, չեն ներկայանում դատարան, նրանք ավելի պարտաճանաչ պետք է լինեն: Իմ կարծիքով, առաջին հերթին իրենք պետք է օրենքը հարգեն և ներկա գտնվեն: Եվ հետո, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ արձակուրդում ենք, բայց դա չի նշանակում, որ դատարան չպիտի գանք: Մեր ներկայացուցիչը Վանաձորից է գալիս, և բնական է՝ ահագին ճանապարհ է կտրում, եթե չեն ներկայանում, գոնե ասենք պատշաճ ծանուցվի, որ դատական նիստ չպետք է լինի, կարելի է, իմ կարծիքով, ավելի լուրջ էդ հարցը լուծել:

Ի դեպ, կուզեի երկու խոսքով անդրադառնալ էստեղ գտնվող ոստիկանության վկաներին, իրենց չեմ ճանաչում, չեմ տեսել, դեպքի օրը, երբ մեր վարորդին տարել են ԳԱԻ, այս վկաներին չեմ տեսել, փաստորեն ես առաջին անգամ հանդիպեցի նրանց»:

Նույն հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանն էլ հավելեց. «Մենք նկարահանած կադրեր ունենք, կհամադրենք, կտեսնեք, նրանք, ովքեր որպես վկա դատակոչվել են, արդյո՞ք նույն մարդիկ են, ովքեր գնացել ու մեր վարորդ Արմենին տնից տեղափոխել են, պարտադրել են, որ ներկայանա Ճանապարհային ոստիկանության պետի մոտ»:

Իսկ պատասխանող կողմի դատարան չներկայանալը, վերջինս այսպես մեկնաբանեց. «Եթե վստահ են, որ ճիշտ են գործել, գոնե մի ներկայացուցիչ պետք է ներկա գտնվեր , որովհետև իրենք նիստին մասնակցում են առանձին փաստաբանով, 2-3 ներկայացուցիչներով ու զարմանալի էր, որ էս անգամ չկային դատական նիստին, մի փոքր տարակուսելու տեղիք է տալիս: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները եկել են, ովքեր հարցաքննվելու են, անցած անգամ էլ մենք եկանք, բավական երկար սպասեցինք, ոստիկանության ներկայացուցիչներից 2-3 հոգու դատարանը հազիվ հարցաքննեց, հիմա մի ամբողջ վկաների շարք մնացել է, կարելի է ասել՝ դատական պրոցեսը նոր առաջին փուլում է, շատ բան ունի դատարանը անելու այս առումով: Չգիտեմ ինչն է պատճառը, որ չեն գալիս, բայց պատասխանատու մարմին են իրենք ներկայացնում, ի վերջո ոստիկանական կառույց է, տեղյակ չպահե՞ն, որ դատարան չեն ներկայանալու, ամոթ է սա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031