Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը գնահատել է ոչ բավարար

Օգոստոս 20,2013 15:52

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվող « Երևանյան ամառ» ծրագրով անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում իրականացված աշխատանքների մասով աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ օգոստոսի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 1548 քաղաքացի, որոնցից 470-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության: Ակցիայի շրջանակում նախատեսված բուժօգնության տարբեր ուղղություններով տասնյակ քաղաքացիներ ուղեգրվել են վիրահատության, որոնցից 16-ն արդեն վիրահատվել է:

«Մեր կողմից այս ակցիայի անցկացումը նպատակ ունի որոշակիորեն օժանդակելու հատկապես սոցիալապես խոցելի մեր համաքաղաքացիների առողջական խնդիրների կարգավորմանը: Թեև ակցիան ավարտվում է օգոստոսի 31-ին, բայց դա չի նշանակում, որ արդեն իսկ ուղեգրված քաղաքացիները համապատասխան բուժօգնությունը չեն ստանալու: Ուստի, խստորեն հետևեք, որպեսզի մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս ակցիայի շրջանակում կդիմեն համապատասխան բուժօգնություն ստանալու համար և կուղեգրվեն նեղ մասնագիտական բուժզննման կամ վիրահատության, անպայման ստանան անհրաժեշտ բուժօգնությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են նաև մշակութային միջոցառումները: Զեկուցվել է, որ վարչական շրջանների զբոսայգիներում և հանգստի գոտիներում կազմակերպվող միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ թերացումները բացառելու նպատակով:

Անշարժ գույք տնօրինողների կողմից իրենց օբյեկտների հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և կանաչապատման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այդ ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 85 վարչական արձանագրություն:

Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգման մասով պայմանագրային պարտավորությունները կատարելու ընթացքը ոչ բավարար գնահատելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ ամենօրյա հսկողությունն ու համապատասխան քայլեր ձեռնարկել` ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով նախորդ շաբաթ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել « Եռաբլուր» պանթեոնի տարածքում, որին մասնակցել է շուրջ 1000 կամավոր, այդ թվում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններն ու վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև Երևանի ավագանու անդամներ: Հաշվի առնելով, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային է լինելու, քաղաքապետն առաջարկել է Արաբկիր վարչական շրջանում նախատեսված աշխատանքները կազմակերպել օգոստոսի 31-ին:

Հանձնարարվել է գույքագրել և սեղմ ժամկետում վերացնել մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում վթարների հետևանքով առաջացած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացվող վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ, նոր ուսումնական տարվան ընդառաջ, համապատասխան քայլեր են ձեռնարկվել բացառելու դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի դեպքերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հանրակրթական դպրոցներում Գիտելիքի օրվա միջոցառումների կազմակերպմանը:

Քաղաքապետը պատասխանատուներին նաև հանձնարարել է ՀՀ Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031