Մի քանի օր շարունակ իջնում էի մետրոյի «Երիտասարդական» կայարան, կառամատույցին մի տարօրինակ մարդ կար: Երբ գնացքը գալիս էր, ինքը մոտենում էր առաջին եւ երկրորդ վագոնների արանքին, կանգնում՝ կարծես ինչ-որ բան էր փնտրում, ես նստում էի, ինքը չէր նստում…
Մի օր չդիմացա, հարցրեցի՝ «Բայց ինչու չեք նստում»:
«Որովհետեւ մեջտեղի վագոնը չկա: Ու ես եմ մեղավոր, որ չկա»:
«Մյուս վագոնները նստեք»:
«Բայց որը նստեմ՝ ընդամենը երկու վագոն է: Առաջինը չեմ կարող, իսկ վերջինը եթե նստեմ, էլ երբեք դուրս չեմ գա»:
Էսպիսի տարօրինակ ձեւով Նշանի հետ ծանոթացանք, ու երբ արդեն վերեւում՝ «Մարինոյի» հովում լցնովի «Կիլիկիա» էինք խմում, ասաց՝ «Տեսնում եմ, դուք էլ եք մերոնցից՝մեջտեղիններից»:
Կարծեցի, թե ուզում է ասել՝ միջին խավից, բայց Նշանն իր փիլիսոփայությունն ուներ: Չկա մեզ մոտ միջին խավ, մենք բոլորս պարզապես մեջտեղիններն ենք՝ առաջինների ու վերջինների արանքում: Առաջին չենք կարող դառնալ, վերջին էլ, բնականաբար. չենք ուզում լինել՝ «նստենք այդ վագոնը, էլ երբեք այնտեղից դուրս չենք գա»:
«Դուք անցած շաբաթ աշխարհի թեթեւ ատլետիկայի առաջնությունը Մոսկվայից նայո՞ւմ էիք: Ընդհանրապես վազքի մրցումներ սիրո՞ւմ եք: Դրանք շատ նման են մեր կյանքին: Բոլորը միասին մեկնարկում են, հետո ի հայտ են գալիս առաջատարներ, ոմանք էլ միանգամից հետ են մնում, իսկ արանքում մնում է մեջտեղինների մեծ զանգվածը: Ու առաջին հայացքից թվում է, թե այդ մեջտեղինների մրցակցությունը անիմաստ է՝ վերջում հաղթող են ճանաչվում միայն առաջին երեքը, իսկ եթե մեջտեղում ես՝ ինչ նշանակություն ունի եզրագծում 14-րդն ես լինելո՞ւ, թե՞ 23-րդը: Բայց նրանք գոնե վազում են, առաջ են շարժվում, այնուամենայնիվ հույս ունեն, որ մի օր առաջինների շարքերում կհայտնվեն: Մենք՝ մեջտեղիններս, ընդհանրապես չենք շարժվում ու հույս էլ չունենք առաջինը դառնալու: Ու ես եմ մեղավոր»:
Անընդհատ կրկնվող այդ «ես եմ մեղավորը» այնքան անսովոր էր ու առեղծվածային: Բայց չէի ուզում ընդհատել, զգում էի, որ Նշանը անշեղորեն մոտենում է գաղտնիքի բացահայտմանը:
Կարդացեք նաև
«Սովետի ժամանակ մենք բոլորս մեջտեղում էինք, վերջիններ գրեթե չկային, առաջիններ կային, բայց դրա մասին ընդունված չէր խոսել: Հետո, երբ ամեն ինչ փլուզվեց, բոլորս միանգամից վերջին դարձանք, բայց դա արդարացի էր ու օրինաչափ, մենք էլ առանձնապես չէինք բողոքում՝ պատերազմ էր, դժվար տարիներ, շարժումն էլ բոլորիս միավորել էր: Իսկ հետո սկսեցին տարօրինակ բաներ կատարվել՝ ինչ-որ մարդիկ աննկատելիորեն պոկվեցին մեջտեղիններիս ընդհանուր զանգվածից եւ առաջ անցան, շատ առաջ անցան…»:
«Բայց վազքի ժամանակ էլ է այդպես»:
«Վազքի ժամանակ առաջ են անցնում լավագույնները: Նրանք ինձնից ավելի լավ են վազում, եւ ինձ մնում է միայն ողջունել նրանց հաղթանակը: Նրանք արդարացիորեն են լավագույնը: Իսկ մեզ մոտ սկսեցին առաջ անցնել տարօրինակ մարդիկ, որոնք կյանքում թեթեւ ատլետիկայով չէին էլ զբաղվել ու վազել էլ չգիտեին, բայց կրում էին լավագույն մարզահագուստը: Ինչ որ մի անհասկանալի ուժ նրանց առաջ էր մղում, իսկ մեզ բոլորիս հետ էր պահում, կարծես փոխվեցին վազքի կանոնները ու սկսեցին գործել ինչ որ նոր, մեծ մասիս համար անըմբռնելի կանոններ: Սկզբում չէի հասկանում, թե ինչպես դա պատահեց, բայց երբ մի օր իջա մետրո ու տեսա, որ անհետացել է գնացքի մեջտեղի վագոնը, ամեն ինչ իր տեղն ընկավ ու հասկացա, որ ես եմ մեղավոր, ավելի ճիշտ՝ ատոմակայանը…»:
Դեմքիս արտահայտությունից հասկացավ, որ ինչ ասես սպասում էի, բայց նման շրջադարձ չէի կանխատեսում, սառը գարեջրից մի մեծ կում արեց ու շարունակեց. «Հիշեք, թե երբ սկսեցին մեզ մոտ տարօրինակ ու անհասկանալի բաներ կատարվել, երբ սկսեցին առաջ անցնել ինչ- որ պատահական անձինք, որոնց կարողություններն ու մարդկային հատկանիշները խիստ կասկածներ էին հարուցում: Այո, 90-ականների առաջին կեսին, երբ լավագույնները զբաղված էին շարունակվող պատերազմով, որը դեռ պարզ չէր, թե ինչպես էր ավարտվելու: Այն ժամանակ՝ 1993 թվականին իշխանությունները որոշում կայացրեցին ատոմակայանի վերագործարկման մասին…»:
Ախր շատ լավ ճանաչում ես նման մարդկանց, ամեն օր փողոցում կանգնեցնում ու սկսում են պատմել մեր անցյալի անհեթեթ վարկածները, ինչու համաձայեցիր գարեջուր խմել այս մարդու հետ, մանավանդ, որ ընկերներդ Կասկադում սպասում են…
«Այն ժամանակ ես աշխատում էի ատոմակայանում: Սկսեցինք վերագործարկման աշխատանքները: Արդեն ոչ ստույգ թվականն եմ հիշում, ոչ էլ ամսաթիվը, բայց ամեն ինչ փոխվեց հենց այդ օրը: Էլեկտրականության փոխակերպիչի դետալներից մեկն ամրացնում էի երկրորդ ռեակտորի վրա: Երեք պտուտակով էր ամրանում: Աջ կողմինն ու ձախ կողմինը շատ լավ ամրացրեցի, մնաց մեջտեղինը: Որքան փորձում էի անցքի մեջ դնել պտուտակը, չէր մտնում, կարծես առեղծվածային մի ուժ ներսից վանում էր նրան: Գիտեք, նույնիսկ մի պահ մեղքս եկավ այդ խեղճ պտուտակը: Ձեզ մոտ երբեմն այնպիսի զգացում չի լինո՞ւմ, որ կարծես դուք խորթ եք այս կյանքի համար, ինքը ձեզ չի ուզում ընդունել, ասում է՝ սա ձեր տեղը չէ, ինչ որ մի տեղ ուրիշ կյանք կա, գնացեք այդ կյանքով ապրեք… Ու զգում էի, որ նույնը կատարվում է այս մեջտեղի պտուտակի հետ: Տեսա, թե որքան է ընկճված, մտածեցի՝ հերն էլ անիծած, էլ չչարչարեմ, դրեցի գրպանս, ասացի՝ սրան էլ վաղը կամրացնեմ ու գնացի տուն: Հաջորդ օրը, երբ եկա, կափարիչն արդեն փակել էին: Ասացի, բայց մեջտեղի պտուտակը չեմ ամրացրել: Ասացին, հանձնաժողովն արդեն եկել է, մանրակրկիտ ստուգել է, ոչ մի թերություն չի հայտնաբերել ու զմռսել ենք, բացելը մեծ պրոբլեմների հետ է կապված»:
«Բայց ինչու եք ինձ պատմում այդ պտուտակի պատմությունը, ուզում եք ասել, որ ատոմակայանին վտա՞նգ է սպառնում»,- չհամբերեցի ես:
«Ոչ մի վտանգ էլ չկա, միջազգային մասնագետները հազար անգամ ստուգել են: Պարզապես այդ մեջտեղի պտուտակի բացակայության պատճառով ամեն ինչ թարս գնաց: Հիշում եք՝ 95 թվականին ատոմակայանը վերագործարկվեց ու դրանից հետո մեր կյանքում սկսեցին ամրապնդվել տարօրինակ կանոններ, երբ ընտրությունները դարձան մեր կամքից լրիվ անկախ, երբ մենք ընտրում ենք, ակնկալելով, որ մեր կողմից ընտրվածը պետք է պաշտպանի մեր շահերը, բայց նա , չգիտես ինչու, պաշտպանում է ոչ թե մեջտեղինների, այլ առաջինների շահերը, երբ թանկ մարզաշապիկով, ոմանք նաեւ փողկապներով, բայց բոլորովին ոչ մարզական կազմվածքով վազորդները ինչ- որ սափրագլուխների ուղեկցությամբ վազքուղում մեզնից առաջ են անցնում, իսկ մենք մնում ենք տեղում…
Առանց այդ պտուտակի ատոմակայանը ինչ- որ անհասկանալի ձեւով սկսեց ազդել բոլորիս վրա, միգուցե էլեկտրականության միջոցով, որը մտնում է բոլորիս տները: Ես մասնագետ չեմ, բայց ազդեցությունն անընդհատ զգացվում է, ատոմակայանը ինչ- որ նոր կանոններ թելադրեց: Ես դրանում վերջնականապես համոզվեցի, երբ հենց այն ժամանակ մի օր մտա մետրո ու տեսա, որ այլեւս չկա գնացքի մեջտեղի վագոնը»:
«Բայց դուք կարող եք նստել առաջին վագոնը»:
«Այդ վագոնում առաջիններն են… Սկզբունքորեն հնարավոր է նստել այդ վագոնը, եւ ինքս եմ տեսել, թե ինչպես մեզնից՝ մեջտեղիններիցս, ոմանք այնուամենայնիվ խցկվում են այնտեղ: Բայց դրա համար դու պիտի ինչ որ շատ հարազատ բաներից հրաժարվես եւ լիովին ընդունես ատոմակայանի թելադրած կանոնները»:
«Եվ որքան է սա շարունակվելու»:
«Մինչեւ ատոմակայանի փակումը: Բայց ողջ խնդիրն այն է, որ ատոմակայանը չի փակվում, դրա փակումը պետք է սկսվեր դեռ երկու տարի առաջ, բայց արդեն ատոմակայանն ինքը չի թողնում, որ իրեն փակեն, ու անընդհատ վերարտադրում է նույն կանոնները»:
Նշանի ասածներն ինձ այնքան կլանեցին, որ նույնիսկ չնկատեցի, թե ինչպես նա գնաց: Իսկ երբ բարձրացրեցի գլուխս, տեսա սեղանին ընկած պտուտակը: Ու մենք դեռ երկար նայում էինք միմյանց՝ լուռ, անշարժ, անպետք ու մեջտեղի վագոնին սպասող…
Արմեն ԴՈՒԼՅԱՆ
Հաճույքով կարդացի: Շարունակեք գրել և ոչ միայն քաղաքական առակներ: Լավ է ստացվում: Շնորհակալություն:
Սա կարդալուց հետո կարդացի մնացած պատմվածքները: Շատ լավն են. ԲՈԼՈՐԸ: Եթե այլ պատմվածքներ նույնպես ունեք /բայց ոչ այդքան առօրեական, այլ ավելի համամարդկային/ արժե պատմվածքների մի ժողովածու հրատարակել: Ոճը հիշեցնում է Օ’Հենրիին:
Սա կարելի է ասել , մի ցնցող աոակ էր: Անմիջապես հիշեցի շուկաներ 1990 ականների: Տոննաներով նավթը ու արկղներով մոմերը: Թալանված ու թշվաո իմ հայ ժողովուրդ
Thank You, Armen Dulyan!