«Ես սիրեցի Հայաստանը, շատ էի լսել նրա մասին, ուզում էի գալ այստեղ: Ես շատ հայ ընկերներ ունեմ Ֆրանսիայում, փորձել էի հայկական գինի, ուզում էի այն նորից փորձել Հայաստանում: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, արեւը փայլում է, ինձ համար բացահայտում էր Երեւանը… բառ չեմ գտնում ներկայացնելու հայերի հյուրասիրությունը»,- այսպես է Հայաստանի մասին խոսում ֆրանսուհի Աննա Ֆայքը: Նա այստեղ է Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի կողմից օգոստոսի 13-ից 21-ը Երևանում իրականացվող «Ի՞նչ է եվրոպական քաղաքացիությունը» ուսուցողական դասընթացի շրջանակներում:
«Առավոտ երիտասարդականը» ավելի վաղ անդրադարձել էր՝ ծրագրին, որին հայ երիտասարդների հետ միասին մասնակցում են Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մոլդովայից, Լատվիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և Ուկրաինայից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ուսուցողական ծրագրի ընթացքում քննարկվել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրաինտեգրման գործընթացի հիմնախնդիրները: Երիտասարդները քննարկումների ընթացքում ներկայացրել են միասնական Եվրոպա կառուցելու իրենց տեսլականը:
Իտալացի Վալենտինո Պրուդենտին մեծ տպավորություններով պետք է գնա Հայաստանից: Ասում է՝ դասընթացի շրջանակներում քննարկվել են եվրոպական քաղաքացիությանը վերաբերող հետաքրքիր թեմաներ եւ նաեւ կիսվել են տարբեր երկրների երիտասարդների հետ սեփական երկրի փորձով. «Հրաշալի գաղափար էր այս ծրագիրը. գալ եւ ծանոթանալ եվրոպական տարածքի բնակիչների հետ: Իսկապես հետաքրքիր է կիսվել երկրների փորձով: Հիանալի էր այցելել հայկական եկեղեցիներ, եղել ենք Էջմիածնում, իմացանք, որ Հայաստանը աշխարհի առաջին պետությունն է, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը»,- ասում է նա:
Վրաստանից մասնակից Թոռնիկե Բոլոկաձեն նշում է, որ այլ ծրագրերի էլ է մասնակցել, բայց այս մեկը տարբերվում էր. ասում է՝ դասընթացը շատ լավ էր կազմակերպված, եւ մասնակիցները լուրջ մարդիկ էին, ունեին մեծ փորձ եւ գիտելիք. «Ես շատ սիրեցի Հայաստանն ու Երեւանը, եկեղեցիները եւ շատ այլ վայրեր: Ես շատ սիրեցի Երեւանի ջուրը, ամեն տեղ կա ջուր եւ շատ սառն է, ես սիրեցի հայ աղջիկներին, ունեմ լավ հայ ընկերներ եւ իմ ընկերուհին հայուհի է, հաճելի էր նրան հանդիպելը: Այս ծրագիրն էր հրաշալի, ես հավանեցի այստեղի սպասարկումը, կերակուրները, սիրում եմ այս ծրագրի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Չեմ զղջացել, որ եկել եմ, կուզեի նորից մասնակցել»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN) հիմնադրվել է 2006 թ. նոյեմբերի 10-ին Երևանում: 2009 թ. Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական 12 կազմակերպություն` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից: «Ոստայնի» նպատակն է աջակցել և նպաստել Սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, մասնակցել ազգային և միջազգային երիտասարդական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: