Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան 251 օր խաղում ենք 541 ներկայացում»

Օգոստոս 20,2013 15:04

Վերջին շրջանում համաշխարհային տնտեսական ճգնաժամից անմասն չեն մնացել նաեւ թատրոնները: Բայց քաղաքակիրթ երկրներն ամեն կերպ փորձում են պահպանել դրանք՝ գտնելով հազարումի ճանապարհներ: Իսկ նրանք, ովքեր ուզում են ազատվել թատրոններից՝ դարձյալ պատճառ բռնելով ճգնաժամը, իրականացնում են թատրոնների փակումը:

«Առավոտի» հետ զրույցում  գերմանաբնակ օպերային երգիչներ, ամուսիններ՝ մեցցո սոպրանո Սաթիկ Մկրտումյանը եւ բաս Հայկ Դեինյանը 1994 թվականից ագենտների միջոցով բեմ են բարձրացել Գերմանիայի տարբեր թատրոններում, իսկ արդեն շուրջ 10 տարի  նրանք համարվում են Կրեֆելդի եւ  Մյոնխենգլադբախի թատրոնների մեներգիչներ, որտեղ ներկայացվում են օպերային, բալետային եւ դրամատիկական ներկայացումներ: Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ ճգնաժամի պայմաններում, ի տարբերություն արեւմտյան   այլ պետությունների, որտեղ հիմնականում փոքր թատրոնները փակվում էին, Գերմանիայում նման մշակութային օջախները միավորվել են:

6-1Հայկ Դեինյանին հայաստանցի օպերասեր հասարակությունը կարող է մտաբերել ժամանակին Երեւանի օպերային թատրոնում գլխավոր դերերգերով ներկայացած Տիգրանյանի «Անուշ», Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա», Դոնիցետիի «Պողիկտոս», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացումներից: Իսկ Սաթիկ Մկրտումյանին՝ ում դիրիժոր Հակոբ Ոսկանյանը  դեռեւս մեր կոնսերվատորիայի 3-րդ կուրսից հրավիրել է թատրոն, չի հասցրել ներկայանալ հանդիսատեսին: Գերմանիայում ապրելու եւ ստեղծագործելու տարիներին Հայկը 2-3 անգամ Երեւանում բեմ է բարձրացել մեծակտավ ստեղծագործությունների (ռեքվիեմ, օրատորիա) կատարումով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Գերմանիայում ամուսինները ոչ միայն զբաղված են հիշյալ թատրոնում, այլ հրավերներ են ստանում նաեւ մյուս քաղաքների թատրոններից:

Երգիչների հավաստմամբ՝ կոնկրետ իրենց միավորված թատրոնը պետությունից ստանում է տարեկան 21 մլն եվրո, մեներգիչների թիվը 18 է, սակայն հարկ եղած դեպքում հրավիրվում են նաեւ երգիչներ  այլ թատրոններից: Սաթիկը հավելեց, որ պետական հոգածության հետ միասին թատրոնն ունի Բարեկամների ընկերություն՝ «Թատրոնը պետք է լինի» կարգախոսով, որում ընդգրկված թատերասերները, այդ թվում նաեւ մեծահարուստներ, ամեն ինչ անում են գովազդների, հովանավորների, մի խոսքով՝ թատրոնին, բացի ստեղծագործական օգնությունից, անհրաժեշտ օժանդակություն ցույց տալու համար: Տեղեկացված լինելով Երեւանի օպերային թատրոնում անցյալ թատերաշրջանում անցկացվող «Համերգ ճեմասրահում» նախագծից,  Հայկն ասաց, որ իրենց թատրոններում տեղի են ունենում նաեւ պարահանդեսներ ֆուրշետով, որոնց ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունենում մոտիկից շփվելու արտիստների հետ: Խոսելով իրենց թատրոնի խաղացանկից, մեր զրուցակիցներն ասացին, որ տարեկան, բացի բալետային ու դրամատիկ ներկայացումներից, կայանում է շուրջ 5 (դասական եւ ժամանակակից ) օպերային պրեմիերա, ինչպես նաեւ իրականացվում են օպերետային ներկայացումներ:

Դրանց նախապատրաստական աշխատանքները տեւում են շուրջ մեկուկես ամիս, իսկ պրեմիերայից հետո ներկայացումը խաղում են մաքսիմում 15 անգամ: «Եվրոպական թատրոններում «մի աչքով» չեն նայում օպերետային ներկայացումներին: Խորհրդային տարիներին, չգիտես ինչու, օպերետները համարվում էին երկրորդ սորտի օպերաներ, հետեւաբար  օպերային երգիչների համար  ցածր էր համարվում օպերետի ժանրին անդրադառնալը»,- նշեց Հայկը: Սաթիկն էլ փաստեց ճանաչված օպերային քննադատ Ռոմերսքիրխենի՝ իրենց մենահամերգից հետո գրած հոդվածը, որտեղ ասվում էր, թե ցանկալի չէր  մեցցո սոպրանոն համաշխարհային օպերային գրականության ընտիր երկերի դերերգերից հետո հնչեցներ նաեւ երկու օպերետից արիաներ, չնայած ինքը չի կիսում այդ կարծիքը: Հայրենիքում բեմ չբարձրանալը ամուսինները արդարացրին միայն զբաղվածությամբ, բերելով հետեւյալ թվերը. «տարեկան 251 օր խաղում ենք 541 ներկայացում»:

Մեզ հայտնի էր, որ Սաթիկ Մկրտումյանը Գերմանիայում հանդես է գալիս Տումյան ազգանունով: Այս առիթով էլ երգչուհին ասաց, որ ի սկզբանե դժվար է եղել արտասանել իր ազգանունը, ինչի պատճառով ստիպված կրճատել է այն: Ժպտալով հավելեց նաեւ, որ կրտսեր դուստրը՝ Մարիաննան, որն առաջին քայլերն է անում լրագրության ասպարեզում, գերմանացիներին սովորեցնում է ճիշտ արտաբերել հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ազգանունը: Իսկ ավագ դուստրը՝ Աննան, ծնողների օրինակով ընտրել է դարձյալ երգարվեստը, բայց ջազ-վոկալը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031