Եվրոպական երկրները, հատկապես՝ Ֆրանսիան եւ Գերմանիան կարծես թե այլեւս չեն ցանկանում հայաստանցիներին ապաստան տրամադրել, համենայնդեպս, ըստ Եվրոպական վիճակագրական վարչության տվյալների, ՀՀ քաղաքացիներն այս 2 երկրներն են շատ դիմում ապաստան ստանալու համար, ընդ որում, ավելի շատ մերժում են հենց Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ու չնայած Հայաստանում օր օրի ավելանում է արտագաղթի ծավալը, բայց, օրինակ, եվրոպական երկրներում ապաստան փնտրողների թիվը Եվրոստատի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12%-ով նվազել է: 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ 1500 որոշում է կայացվել, որոնցից միայն 125-ն է դրական եղել, մնացածը մերժվել են:
Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հայաստանցիների շրջանում որոշակի քարոզչություն են տանում՝ թե տուն-տեղ վաճառելով ու գնալով Եվրոպա՝ «հանձնվելու», բավականին լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, հետո՝ փոշմանած հետ գալիս: Ըստ պարոն Եգանյանի, եվրոպական մի շարք երկրներ ներկայումս ավելի բծախնդիր են մոտենում ապաստան հայցողներին, եւ եթե նախկինում շատ ինֆորմացիա չունեին, ապա այսօր, ծառայության ղեկավարի խոսքերով՝ մեզանից լավ են տեղեկացված եւ գիտեն, որ Հայաստանից մեկնած «հանձնվողների» շատ տվյալներ իրականությանը չեն համապատասխանում:
Որքան էլ Եվրոպան Հայաստանի մասին տեղեկացված է, եւ համարում է ասենք՝ քիչ թե շատ բարեկեցիկ երկիր, կամ արժանահավատ չի համարում, որ մեր երկրի քաղաքացիները քաղաքական, կամ որպես սեռական փոքրամասնություն հալածանքների են ենթարկվում, այդուհանդերձ, ինչպես ասում են՝ «մտքին տեղ լինի՝ ելք կգտնի», ու այս սկզբունքով հայերն այլ հնարամտությունների են դիմում: Այդ հնարամտություններից մեկն էլ, որը հայերը կիրառում են «հանձնվելիս»՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, բայց ազգությամբ հայ ներկայանալն է, ընդ որում պետք է ապացուցել, որ ռասայական կամ ազգային հողի վրա են խտրականության ու հալածանքի ենթարկվում:
Կարդացեք նաև
Երեւի չկա մի հայաստանցի, որը չունենա գոնե մեկ ծանոթ, որ դիմել է արտերկիր՝ ապաստան ստանալու համար: Ես էլ համացանցում զրուցելով ծանոթներիցս մեկի հետ, պարզեցի, որ Ֆրանսիա է մեկնել որպես ՌԴ քաղաքացի: Ծանոթիս՝ Կարինեի պատմելով, արդեն 8 ամիս է պատասխանի է սպասում: Հարցին թե ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, որպեսզի դրական պատասխան ստանա, Կարինեն ասաց. «Դե ես երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո ամուսնալուծվել եմ ու գնացել Հայաստան: Այստեղ փաստաթղթեր եմ ներկայացրել, որ Ռուսաստանի քաղաքացի եմ, հետո նշել եմ, որ որպես հայի ինձ վատ են վերաբերվել, ինձ «սեւ էին» ասում, ու էլի լիքը բաներ եմ ասել: Հայաստանի քաղաքացիներին դրական պատասխան չեն տալիս, այստեղ Հայաստանը համարում են բարեկեցիկ երկիր»:
Կարինեն Ֆրանսիայում հիմա աշխատելու իրավունք չունի, սակայն ամսական 330 եվրո է ստանում, որն, ինչպես ինքն ասաց՝ հերիքում է սնվելուն ու մի քիչ էլ Հայաստանում բնակվող դստերն ուղարկելուն: Իմ հարցին, միթե Հայաստանում 300 եվրոյից գոնե մի քիչ պակաս աշխատանք չէր կարող գտնել, Կարինեն ասաց, որ շատ է փնտրել, բայց չի հաջողվել. «Ես եթե Ֆրանսիայում դրական պատասխան ստանամ, ինձ տուն կտան, նորմալ վարձատրվող աշխատանք կգտնեմ: Հիմա դպրոց եմ գնում, հատուկ մեզ նմանների համար դպրոց կա, որտեղ ֆրանսերեն են սովորեցնում»: Հարցին էլ՝ դրական պատասխան ստանալու հավանականությունը որքան է, Կարինեն ասաց՝ «8 ամիս ա պատասխան չեն տալիս, ճիշտն ասած, ոնց որ բախտի բան լինի էդ մերժելը կամ հաստատելը: Ես մի քիչ հանգիստ եմ, որովհետեւ քույրս ստեղ ա, ամուսնացել ա ֆրանսիացու հետ: Բայց չես պատկերացնի ոնց են ստեղ հայերը տանջվում, մենակ էդ սպասելն ու վախը հերիք ա, սաղ էլ հուսով են, որ դրական կգա պատասխանը ու գործերները լավ կլինի էլի: Աղջիկս պիտի ինստիտուտ ընդունվի, ուսման վարձ պիտի տանք, ես Հայաստանում չէի կարա նենց գործ գտնեի, որ համ նորմալ ապրենք, համ էլ 5 տարի ուսման վարձ տայի»:
Գագիկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը նույնիսկ զարմանում է, երբ դրական պատասխան են տալիս հայերին: Իսկ ընդհանրապես, ըստ պարոն Եգանյանի, դրական կամ բացասական պատասխան ստանալը հաճախ տարիներ է տեւում. «Երբ մարդը ապաստան է հայցում, մինչեւ վերջնական պատասխանը տեւում է մի քանի տարի: Թյուր պատկերացում է լինում հայաստանաբնակների մոտ՝ եթե 2 տարի է այնտեղ է, ուրեմն լավ են գոծերը: Էլ չգիտեն, որ կարող ա բացասական պատասխան ստանա: Ցավով եմ ասում, բայց այնտեղ գտնվողների մեծ մասը հայտնի է՝ ինչով է զբաղվում, մեծ ու փոքր ոչ օրինական գործունեություն են անում, խանութներից գողութուն են անում, ու այդ ճանապարհով ձեռք բերվածը Հայաստան են ուղարկում, այստեղ էլ տպավորություն է՝ թե աշխատանք են գտել»:
Կրկին համացանցով զրուցած՝ Եվրոպայում ապաստան հայցողներից մեկն էլ «Առավոտի» հետ զրույցում չթաքցրեց, որ այո, իսկապես տարբեր խանութներից ապրանքներ է «թռցնում». հիմնականում թանկարժեք խմիչքներ, երբեմն նաեւ հագուստ. «Սկզբում Ֆրանսիայում էի, հետո եկա Շվեյցարիա, Ֆրանսիայում ասել էի, որ մարտի 1-ի դեպքերին եմ մասնակցել, ոտքիս են կրակել, ոտքիս «շռամ» կա մնացած բանակում ծառայած վախտվանից: Չնայած ահագին սպասեցի պատասխանին, բայց էլ մարտի 1, քաղաքական հալածյալ-բան չի անցնում ստեղ: 1 տարի ա Շվեյցարիայում եմ, ամեն ամիս փող են տալիս, սենյակ են տվել ապրելու համար, էս ընթացքում էնքան փող եմ ուղարկել Հայաստան, որ 4-րդ գյուղում հող եմ առել, տուն եմ սարքում, մի քիչ էլ որ սենց ձգվի, տունը լրիվ կսարքեմ կպրծնեմ ու վերջում էլ՝ ջհանդամ թե չեն մերժի»:
«Հանձնվել բառը խաբուսիկ է եւ պատրանք է ստեղծում, սկսած նրանից, որ դա հանձվել չէ, գնում են ասում են՝ ես հալածվում եմ հայրենքիում, կան միջազգային չափանիշներ, թե հալածանքի որ դեպքում պետք է պաշտպանեն օտարերկրյա քաղաքացիներին, իսկ նրանք հստակ ինֆորմացիա ունեն՝ իրոք Հայաստանում այդպիսի հալածանքներ կա՞ն, թե՝ ոչ»,- ասում է միգրացիոն ծառայության պետն ու հավելում. «Իսկ այնտեղի պաշտոնյանները բացարձակապես պատրաստակամ չեն, երբ դեպքը օրենքի պահանջներին չի համապատասխանում, իրենց երկրի բարիքներից անգամ փոքրիկ մաս տալ օտարերկրյա քաղաքացիներին»: Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում պաստառներ են փակցված, որով քաղաքացիներին տեղեկացվում է, թե «հանձնվելու» դեպքում ինչ է սպասվում իրենց: «Բացատրում ենք այ ժողվուրդ ջան ձեր տուն-տեղը մի ծախեք, կամուրջները մի այրեք, որ գնաք այնտեղ անլեգալ վիճակում հայտնվեք ու էլի հետ դառնաք գաք՝ Հայաստանում ավելի վատ վիճակում կգտնվեք»,-ասում է Գագիկ Եգանյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ես մենակ մի բանի վրա եմ զարմանում, ամսեկան 330 եվրոյով Փարիզու ո՞նց է դիմանում՞ որ հըլը դեռ Հայաստան էլ փող է ուղարկում: Մի շաբաթվա մեջ մենակ ուտելու ու տրանսպորտի վրա ես էտքան ծախսեցի, այն էլ Վիենայում: դա ո՞նց է կարողացել օրական 10 եվրոյով համ ուտել, համ հագնվել, համ էլ տնից դուրս գալ: Այսինքն նստել է իր սենյակում ու դուրս չի եկե՞լ, հագնելիք չի առե՞լ: ասել կուզի բոմժից տարբերվել է միայն նրանով, որ քնելու տեղ է ունեցել: ու դեռ հըլը պիտի ուզման վարձ էլ տա դրանից: էն 40000-անոց համալսարաններու՞մ: Ինչ մի հեքիաթ են պատմում էս մարդիկ: Բա էտքանի համար արժե գնալ հասնել ջհանդամի տակը: Ապշելս գալիս է մարդկանց նման դատողության վրա: