Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃՈ-ն միտումնավո՞ր է ձգձգում

Օգոստոս 20,2013 14:34

Ղամբարյանների ընտանիքը վերջերս տհաճ անակնկալ է ստացել Ճանապարհային ոստիկանության կողմից. օգոստոսի 3-ին Ղամբարյանները արագությունը թույլատրելի սահմանից գերազանցելու համար առաջին տուգանքի մասին «սեւ թուղթն» են ստացել, հետո՝ 2-3 օրը մեկ հաջորդ 10-հազարանոց խախտումների մասին են արձանագրություն ստացել, ընդահանուր՝ 50 հազար դրամ:

Բանն այն է, որ Ղամբարյանները որոշ ժամանակ հանրապետությունից բացակայել են եւ տեղյակ չեն եղել, որ ճանապարհի այն հատվածում, որտեղով պարբերաբար երթեւեկում են, արագության թույլատրելի չափը նվազեցվել է:
«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Ղամբարյանը պատմեց, որ Թբիլիսյան խճուղու սկզբնամասում տեղադրված՝ մեքենայի արագությունը ֆիքսող արագաչափով նախկինում երթեւեկում էին 80 կմ/ժ արագությամբ: Չմտածելով, որ այն փոփոխվել է, գրեթե նշված արագությամբ մի քանի անգամ ճանապարհի այդ հատվածով անցել են. մինչդեռ այդ հատվածում թույլատրելի արագությունը 80-ից իջեցվել էր 60 կմ/ժ-ի: Տուգանքի մասին 35 օր հետո տեղեկանալուց հետո, Ղամբարյանները պարզել են, որ այդտեղ արագության վերաբերյալ զգուշացնող ցուցանակ կար, որն ինքն ու ամուսինը չեն նկատել: Սակայն, ինչպես տիկին Հասմիկն ասաց, եթե տուգանքի մասին արձանագրությունը ոչ թե 1 ամիս հետո ստանային, այլ ավելի շուտ, ավելի ուշադիր կլինեին եւ հետագա խախտումները չէին կատարի. «Առայժմ խախտումների 50 հազար դրամի արձանագրություններն ենք ստացել, բայց հաշվի առնելով, որ շատ ենք այդ հատվածով երթեւեկել, ենթադրում ենք, որ դեռ էլի արձանագրություններ կստանանք»:
Այս առնչությամբ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ, ըստ օրենքի, խախտումը կատարելուց 21 օր հետո վարորդը պետք է նամակով տեղեկանար տուգանքի գումարի չափի մասին, իսկ Ղամբարյանները այն ստացել են 35 օր հետո: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ճանապարհային ոստիկանությունը գտնում է, որ քանի անգամ խախտում արել ես, այդքան էլ պետք է վճարես: Սակայն խախտման գրանցումը պետք է տեւի ընդամենը 21 օր: Օրենքն ասում է՝ խախտումը ուսումնասիրվում է 7 օր, որոշումը կայացվում է 7 աշխատանքային օրում, այսինքն՝ ստացվում է 16 օր, 3 օրվա ընթացքում ուղարկում են նամակը, 2 օրվա ընթացքում էլ այն հասնում է տեղ: Ստացվում է 21 օր: Տուգանքի մասին առաջին նամակը պարտավոր է հասնել ամենաուշը 22-րդ օրը, իսկ եթե արձանագրությունը ստացվում է 22-րդ օրից սկսած, ապա այդ օրերի համար ստացած տուգանքը պետք է համարվի անվավեր: Այս դեպքում անձն ունի բոլոր իրավունքները դիմելու դատարան, եւ չվճարելու 21-րդ օրից հետո ստացած արձանագրությունների համար տուգանքների գումարները»:
Ճանապարհային ոստիկանությունից «անակնկալ» ստացած Հասմիկ Ղամբարյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ ամուսինը լինելով կարգապահ վարորդ, միշտ ուշադիր է եղել եւ երբեք մեքենայի արագությունը չի գերազանցում, իսկ այս դեպքում տուգանվել ու դրա մասին բավականին ուշ տեղեկացնելը համարում է անփութություն. «Օրինակ՝ ԱՄՆ-ում ամեն քայլափոխի գրված է թույլատրելի արագությունը, այն էլ շատ տեսանելի եւ ընկալելի: Փաստորեն, ստացվում է արագաչափերը Հայաստանում դրված են ոչ թե ճանապարհներին կարգ ու կանոն ստեղծելու, անկարգ վարորդներին պատժելու, այլ պետական գանձարանը լցնելու նպատակով»:
Ավտովարորդների իրավունքների պաշտպանն էլ վստահեցրեց, որ շատ են եղել դեպքեր, երբ քաղաքացիները տուգանքի մասին փաստաթուղթը ստացել են խախտումից 40-50 օր հետո. «Պետության կողմից սա միտումնավոր կատարված քայլ է: Իրենք ինչքան հնարավոր է ձգձգում են եւ ուշ են ուղարկում արձանագրությունը, որպեսզի որքան հնարավոր է շատ գումար կորզեն»:

 

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031