Ըստ Գագիկ Համբարյանի՝ նաեւ այս պատճառով ՌԴ-ի համար Հայաստանում իշխանափոխությունը ցանկալի չէ
-Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը Ադրբեջան: Այցի նպատակը ո՞րն էր, ներքաղաքակա՞ն՝ աջակցություն նախագահի թեկնածու Ալիեւի՞ն, տնտեսակա՞ն, թե՞ Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելը:
– Վլադիմիր Պուտինը բավական ներկայացուցչական պատվիրակությամբ մեկնեց Բաքու, մի շարք նախարարներ եւ գերատեսչությունների ղեկավարներ էին ընդգրկված պատվիրակության կազմում, սակայն ստորագրած համաձայնագրերից ամենակարեւորը «Роснефть»-ի եւ ադրբեջանական «SOCAR» պետական նավթային ընկերության միջեւ ստորագրված համաձայնագիրն էր։ ՌԴ-ն հնարավորություն ստացավ ապագայում Ադրբեջանում գազային եւ նավթային բիզնեսում նշանակալի տեղ զբաղեցնել եւ ամրապնդեց իր դիրքերը:
Պուտինի այցը Ադրբեջան՝ ադրբեջանցիների, առավելեւս՝ Ալիեւի համար կարեւոր էր, քանի որ երկու ամիս հետո Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, եւ ցավոք, ինչպես շատ նախկին խորհրդային հանրապետություններում, ինչպես նաեւ մեզ մոտ, կա ստրկամիտ այն համոզմունքը, թե ընտրություններից առաջ անպայման, «ամեն գնով» պետք է հրավիրել ՌԴ նախագահին, որպեսզի հասարակությանը ցույց տալ, որ «մեծ եղբայրը» գործող իշխանության թեկնածուին աջակցում է:
Կարդացեք նաև
Այս այցով Ադրբեջանը նաեւ նպատակ ուներ ցույց տալ հայերին, որ ռազմավարական գործընկերը կարող է «դավաճանել» հայերին: Իսկ ՌԴ ղեկավարության համար այս քայլը եւս մեկ մեթոդ էր՝ Հայաստանին ԵՄ-ի հետ սերտ կապեր հաստատելուց զերծ պահելու ուղղությամբ: ՌԴ նախագահը շատ մեծ խանդով եւ դժկամությամբ է վերաբերվում է նախկին խորհրդային հանրապետությունների փորձերին՝ ԵՄ-ի հետ փոխհարաբերություններ հաստատել, Ասոցացման համաձայնագրի բանակցություններին, որովհետեւ Պուտինը իդեա ֆիքս ունի, երրորդ ժամկետով ընտրվելուց առաջ հայտարարեց, որ փորձելու է ստեղծել Եվրասիական միություն, որին մաս պետք է կազմեն նախկին Խորհրդային միության կարեւոր հանրապետությունները, սակայն Հայաստանը այդ կարեւորագույնների մեջ չէր մտնում՝ թե իր տարածքի փոքրության, թե տնտեսական հզորության առումով:
Բայց ՌԴ-ի համար Հայաստանը կարեւոր է, քանի որ Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը մնացել է որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը:
Թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ռուսական կողմը իրենց շահ ունեին Պուտինի՝ Բաքու այցով եւ յուրաքանչյուրն իր նպատակին հասավ։
– Ռուսաստանի մաքսային ծառայությունը կասեցրել է ուկրաինական ողջ արտահանումը, ինչը գնահատվում է որպես ՌԴ-ի կողմից քաղաքական որոշում՝ կապված այն բանի հետ, որ Պուտինի՝ Կիեւ կատարած վերջին այցից հետո նրան չի հաջողվել համոզել Ուկրաինային՝ միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին: Ուկրաինան առանցքային երկիր է Եվրասիական դաշինքի ապագայի համար, եթե նա մաս չկազմի այդ կառույցին, ապա Եվրասիական դաշինքի գոյությունը կասկածի տա՞կ է:
– Այո, առանց Ուկրաինայի՝ Եվրասիական միության մասին խոսելը ավելորդ է, ինչպես առանց Ուկրաինայի չէր կարող լինել Խորհրդային միությունը, եւ սա ՌԴ-ում շատ հստակ գիտակցում են: Շատ փորձագետների կարծիքով՝ Եվրասիական միությունը Խորհրդային միության նման մի կառույցի ստեղծման փորձ է Պուտինի կողմից: Առանց Ուկրաինայի բնակչության, որը մոտավորապես 45-46 միլիոն է, առանց այդ երկրի հզոր տնտեսության՝ Եվրասիական միության գոյությունը անհնարին է:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի քաղաքականությանը, ապա նոր բան չեն հնարել: «Ռոսպոտրեբնադզոր» ընկերությունը եւ նրա անփոխարինելի ղեկավար՝ գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն դարձել են ռազմավարական նշանակության գործողություններ իրականացնողներ: Այդ գերատեսչության ղեկավարը դարձել է ԱԳ նախարարի եւ ՊՆախարարի մակարդակի պաշտոնյա: Այժմ մենք տեսնում ենք այն, ինչ ժամանակին եղավ Վրաստանի հետ, «Բորժոմի»-ի, ապա վրացական գինիների հետ, այնուհետեւ վրաց-օսական պատերազմն ու ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությունն այդ պատերազմում: Ուկրաինայի հետ այս տնտեսական սկանդալը, իհարկե, պատահականություն չէ, սա Կրեմլից ուղիղ իջեցված հրաման է Օնիշչենկոյին:
Այս քայլով ՌԴ-ն ցույց է տալիս իր սաստիկ դժգոհությունը՝ Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ վարվող բանակցություններում ձեռք բերված արդյունքների պատճառով: Ուկրաինան ԱՊՀ անդամ այն երկիրն է, որը ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ: Սա պարզապես ՌԴ-ին հիստերիայի է հասցնում եւ ՌԴ-ն չունենալով այլ պատժամիջոց՝ սկսել է օգտագործել տնտեսական լծակները, որոնցից առաջինը «շոկոլադային պատերազմն» էր՝ կապված «Ռոշենի» հետ, հիմա տարածվում է ուկրաինական խողովակների, պանրի եւ կաթնամթերքի վրա, ռուս-ուկրաինական սահմանին կանգնած է մի քանի հարյուր վագոն մթերք, ինչը ահռելի թիվ է: Բայց արդեն իսկ հայտնի է, որ Ուկրաինայի ղեկավարությունը պաշտոնական մակարդակով արդեն մեղադրում է ՌԴ-ին, պատրաստվում է բողոք ուղարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ընդդեմ Ռուսաստանի հակաօրինական գործողությունների, տնտեսական երկկողմանի համաձայնագրերը կոպտորեն խախտելու համար:
Բոլորը հստակ գիտակցում են, որ սա քաղաքականություն է, որ որեւէ սանիտարական խնդիրներ չկան, իսկ եթե եղել են՝ ինչո՞ւ հիմա ծագեցին, երբ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ինտենսիվ բանակցություններ են Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Սա Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության շարունակությունն է նաեւ՝ Ուկրաինայի նկատմամբ: Եթե Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն բանեցրեց երեք լծակներ՝ գազի սակագների բարձրացումը, դիվանագիտահոգեբանական ճնշումերը, ինչպես նաեւ՝ ՌԴ նախագահի այցը Ադրբեջան եւ հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին, ապա Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի հնարավորությունները սահմանափակ են, միակ մեթոդը տնտեսականն է:
– Իսկ կարո՞ղ է Հայաստանն էլ արժանանա նման պատժամիջոցների: Տեղեկություններ կան, որ «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Ռուսաստան հայկական սառեցված թառափի խմբաքանակի ներմուծումը:
– Տնտեսական պատժամիջոցներից մեկը հենց գազի սակագնի բարձրացումն էր: ՌԴ-ում շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, բնակչության 40 տոկոսից ավելին աղքատության շեմից անց են, եւ ըստ էության, դրանից ավելի «պատժելը» կարող է հակառուսական տրամադրություններ առաջացնել: Եւ բացի այդ, մեծ հարցական է․ եթե պատժամիջոցների հետեւանքով Սերժ Սարգսյանը զրկվի իշխանությունից՝ ապա ի՞նչ ուժ կգա իշխանության Հայաստանում, ուստի հակաքայլեր տնտեսական ոլորտում, թերեւս, չեն ձեռնարկվի․․․
-Այսինքն, ՌԴ-ի համար Հայաստանում իշխանափոխությունը ցանկալի սցենար չէ՞:
-Ոչ, որովհետեւ վերջնական արդյունքում ՌԴ-ում համոզված չեն, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինչ ուժեր կարող են իշխանության գալ Հայաստանում:
– Չկա՞ն Հայաստանում նման ռուսամետ ուժեր, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա շուրջը պոնտենցիալ համախմբողները, նրա վրա խաղադրույք դնել չի՞ կարող ՌԴ-ն․․․
– Դե կարողանալը՝ կարող է, բայց Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի, դա կապված է Մարտի 1-ի դեպքերի հետ։ Այսինքն՝ ունեն ուժեր, գործիչներ, որոնք խնդիր ունեն հասարակության հետ: Սակայն այն, որ ՌԴ-ն հիմա դժգոհ է Սերժ Սարգսյանի վարած եւ վարվող քաղաքականությունից՝ դա արդեն փաստ է, ոչ ոք չի կարող հերքել: Ռուսները հասկացնում են, որ իրենց ձեռնտու չէ Հայաստանի կոմպլեմենտարությունը՝ կամ ԵվրԱզԵս, կամ՝ մեր թշնամին եք:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հարգելի Էմմա, իսկ Գագիկ Համարյանը օվ է?Թե պարզապես ես անուշադիր եմ?
Համբարյանը
Խորագրի մեջ անուն -ազգանունի վրա սեղմի կիմանաս:
հոդվածի տակն է այդ խորագիրը:
Պարոն Համբարյան, շնորհակալություն խելացի և ծանրակշիռ մեկնաբանությունների համար: