Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ուկրաինան չկարողանա դիմադրել ռուսական ճնշմանը, Հայաստանն ավելի քիչ ռեսուրսներ կունենա»

Օգոստոս 20,2013 14:01

«Իրականում ՌԴ-ի քայլերն իսկապես պայմանավորված են Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի եվրոինտեգրմամբ, որովհետեւ ԵՄ-ի եւ այդ երկրների հարաբերությունները եւս մեկ աստիճանի են բարձրանում Ասոցացման եւ խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերի շնորհիվ: Սպասվող հաջորդ քայլը ԵՄ-ին անդամակցությունն է, եթե, իհարկե, այդ երկրները ցանկանան, եւ ԵՄ-ը պատրաստ լինի նրանց իր կազմում ընդունել: ՌԴ-ում դա լավ են հասկանում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Բանն այն է, որ անցած շաբաթ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը որոշեց Ուկրաինայից ներմուծվող ողջ ապրանքը միանգամից եւ առանց նախազգուշացման ներառել «ռիսկային խմբում»: Այսինքն, այսուհետ ռուս մաքսավորները ուկրաինական արտադրանքը ծայրից ծայր մանրազնին քննության են ենթարկելու եւ մինչեւ դրանց մուտքը ՌԴ թույլատրելը ստիպելու են ամբողջը նախ բեռնաթափել, ապա կրկին մեքենաները բարձել: Փորձագետներն ու քաղաքական գործիչները վստահ են, որ այս քայլով պաշտոնական Մոսկվան պատժում է Ուկրաինային՝ Վլադիմիր Պուտինի առաջարկած Մաքսային միությանը չմիանալու ու դեպի Եվրոպա գնալու համար: Ըստ տնտեսագիտական հաշվարկների, եթե Ռուսաստանը շարունակի այս քաղաքականությունը, Ուկրաինայի տնտեսությունն ավելի քան 2,5 միլիարդ դոլարի վնաս կկրի:

Այդ իսկ պատճառով ուկրաինական իշխանություններն առայժամ խուսափում են պաշտոնական Մոսկվայի դեմ կտրուկ հայտարարություններ անելուց: Ակնկալվում է, որ այս շաբաթվա սկզբին արդեն որոշում կընդունվի:

Մեր զրուցակիցը, իհարկե, չի կարծում, որ վերոնշյալ չորս երկրները միանգամից դառնալու են ԵՄ անդամներ, քանի որ յուրաքանչյուր երկրի պարագայում իր բարդությունները կան: Օրինակ, Հայաստանը չի գտնվում ԵՄ անդամ պետությունների հետ միեւնույն անվտանգության համակարգում: Ուկրաինայի դեպքում էլ կարող են խնդիրներ առաջանալ այդ երկրի մեծ չափերի, այնտեղ գտնվող ռուսական նավատորմի եւ այլ պատճառներով: Բայց, Ստեփան Սաֆարյանի համար մի բան ակնհայտ է. «Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից եւ ստորագրումից հետո, որը քաղաքական, տնտեսական եւ այլ համակարգերում նախատեսում է մի շարք բարեփոխումներ, այդ երկրներն, ըստ էության, պատրաստ են դարձնում անդամակցությանը:

ՌԴ-ն հենց այդ կերպ է ընկալում ու հասկանում է, որ դրա արդյունքում, ԵՄ-ն զավթում է իր «ազդեցության ավանդական գոտիները», հետեւաբար, ստորագրման նախաշեմին, փորձում է նախազգուշացում ուղարկել այդ երկրներին ու առաջին հերթին Ուկրաինային, քանի որ Արեւելյան գործընկերության մեջ ամենաառանցքայինը եւ ամենախոցելին այդ երկիրն է: Դրանով են պայմանավորված Ուկրաինայի նկատմամբ շատ ավելի տեսանելի ճնշումները, քան Հայաստանի կամ որեւէ այլ երկրի: Եթե Ուկրաինան թեքվեց դեպի ՌԴ, դեպի Եվրասիական միություն, ինչպես ՌԴ-ն է պարտադրում, ապա թե Հայաստանի, թե մյուս երկու երկրների դիմադրողականության ավելի քիչ ռեսուրսներ կունենան՝ տարբեր պատճառներով: Այդ է պատճառը, որ ՌԴ-ն գերազանցապես կենտրոնացել է Ուկրաինայի վրա»:

Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ ՌԴ-ն Ուկրաինայում շատ ավելի գործուն քայլերի գնաց, որպեսզի փոխի դեպի Եվրոպա կողմնորոշված կառավարող էլիտան: Դա Յուլիա Տիմոշենկոյի կուրսն է, նարնջագույն հեղափոխության ֆիասկոն, Յանուկովիչի ռեւանշը: Նա նաեւ պատահական չի համարում այն, որ Ուկրաինայում գտնվող ռուսական նավատորմի եւ ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազաների ժամկետները երկարաձգվեցին նույն տարում՝ նույն ժամանակահատվածով: Այժմ ՌԴ-ի՝ Ուկրաինայի դեմ հայտարարած «առեւտրային պատերազմը», Ստեփան Սաֆարյանն ամբողջ պատկերի մի դրվագն է համարում, որը դիտարկում է իբրեւ նախազգուշացում՝ սպասվող բարդությունների մասին, եթե շարունակի իր եվրաինտեգրումը: «Եթե Ուկրաինան տապալվի եւ չկարողանա դիմադրել Ռուսական ճնշմանը, ըստ էության, կոնկրետ Հայաստանը եւս շատ ավելի թույլ ռեսուրսներ ունի դիմադրելու»:

Կոնկրետ մեր երկրի նկատմամբ, ըստ մեր զրուցակցի, ՌԴ-ն կարող է օգտագործել ԼՂՀ հակամարտությունը, քանի որ ՌԴ-ն այդ հակամարտության կարգավորման վրա մեծ ազդեցություն ունեցող պետություն է: Նա պատահական չի համարում, որ 2008-ից հետո Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները մի փոքր առաջ թողեցին ՌԴ-ին՝ միջնորդական ջանքեր կիրառելու եւ ՌԴ նախագահի հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումներ կազմակերպելու առումով: «Կարող է առաջանալ պարիտետի խախտման վտանգ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ռուս-ադրբեջանական վերջին ռազմական գործարքները հենց այդ համատեքստում կարելի է դիտարկել: Նա նաեւ հիշեցնում է, Սերգեյ Լավրովի՝ ընդամենն ամիսներ առաջ արած հայտարարությունները՝ «ստատուս քվոյի» անընդունելի լինելու, ադրբեջանական «գրավված տարածքների» մասին. «Սա եւս նախազգուշացում է: Մոսկվան առայժմ հայտարարությունների մակարդակով է փորձում կպնել Հայաստանի զգայուն նյարդին»:

Սաֆարյանը չի բացառում նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանի ռազմական արկածախնդրության գնալու ուղղակի կամ անուղղակի խրախուսումը, տնտեսական լծակների կիրառումը, քանզի ՀՀ-ի էներգետիկ համակարգի կարողությունների 70 տոկոսից ավելին ՌԴ-ի վերահսկողության ներքո է, ՌԴ-ն այստեղ ունի տարբեր բիզնեսներ, երկաթուղի, հեռահաղորդակցության ոլորտում դոմինանտ դեր ունի եւ այլն: «Բայց, ՌԴ-ն ինքն էլ պիտի հասկանա, որ նման քայլերով ինքը մեկընդմիշտ կարող է կորցնել Հայաստանը: Հայաստանին ծանր դրության մեջ դնելով՝ ՌԴ-ն կվտանգի ՀՀ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները, ինչը ճակատագրական կարող է լինել հենց իր համար՝ կորցնելով ամբողջ Հարավային Կովկասը: Այս պահին ՌԴ-ն պիտի հաշվի առնի Հայաստանի զգայնությունները եւ շանտաժի չգնա, քանի որ այս պահին ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը չեն կարող դիտարկվել որպես ռուսական շահերի պլացդարմ: Առայժմ միայն Հայաստանն է դա թույլ տվել: ՌԴ-ն պետք է հասկանա, որ որքան ինքն է պետք Հայաստանին, այնքան էլ Հայաստանն է իրեն անհրաժեշտ: Կորցնելով Հայաստանը՝ ՌԴ-ն մեկընդմիշտ կկորցնի Հարավային Կովկասը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031