Լրահոս
Օրվա լրահոսը

Ռետրո. Սակարկությունն ավելորդ է

Օգոստոս 20,2013 13:15

Ուղիղ տասը տարի առաջ հողին (ավելի ճիշտ՝ Կրեմլի պատին) հանձնվեց ԽՍՀՄ ԽՄԿԿ ԿԿ նախավերջին գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյի դիակը։ Հսկայական երկրի ղեկավարի խնդիրը, ինչպես հայտնի է, որոշվում էր Քաղբյուրո կոչվող զառամյալների նեղ շրջանակում։ Եվ զառամյալները որոշեցին, որ իշխանությունը պետք է տալ նրանց միջից ամենաերիտասարդին՝ 54 տարեկան Միխայիլ Գորբաչովին։ Խորհրդային պետության պատմության մեջ ստեղծվեց մի նոր դարաշրջան՝ վերջին դարաշրջանը։

Գորբաչովը, անշուշտ, տարբերվում էր իր նախորդներից թե՛ մտավոր ավելի բարձր մակարդակով եւ թե՛ համեմատաբար առաջադիմական հայացքներով։ Բայց կապել այն, ինչ տեղի ունեցավ վերջին տասը տարվա ընթացքում, նրա անձնական առանձնահատկությունների, բարի կամ չար կամքի հետ, հավանաբար, չափազանցություն կլիներ։ Խորհրդային Միության նման հզոր երկիրը, ամուր լծակներ ունեցող ամբողջատիրական վարչակարգը, մարդկանց ենթագիտակցությունը նվաճած կոմունիստական համահարթեցման գաղափարախոսությունը չէին փլուզվի եւ վերանա մեկ, թեկուզ եւ հանճարեղ մարդու գործունեության արդյունքում։ (Ճիշտ կլիներ ասել, որ այդ ամենի կործանումը սկսվել էր 85 թվին եւ առ այսօր դեռեւս չի վերջացել, իսկ ամենադանդաղ փոփոխությունները, ինչպես եւ սպասվում էր, տեղի են ունենում մեր հոգեբանության մեջ):

Խորհրդային Միության ճգնաժամի դրսեւորումները նկատվում էին Գորբաչովից շուտ, 70-ականներին, եւ այդ ճգնաժամը նախ եւ առաջ տնտեսական էր։ Կոլխոզ-սովխոզները գյուղում եւ «համաժողովրդական սեփականությունը» քաղաքում վերջնականապես ապացուցեցին իրենց անարդյունավետությունը։ Անծայրածիր երկրի գոյությունը, որտեղ բարիքները (նաեւ բնական) ստեղծվում էին որոշակի շրջաններում կամ հանրապետություններում, բայց հավասարապես բաշխվում էին ամբողջ երկրի տարածքով, ձեռնտու չէր առաջին հերթին Ռուսաստանին։ Եթե կառույցը գործող լիներ եւ կատարյալ, այն չէին կարողանա քանդել ոչ Գորբաչովը, ոչ մասոնները, ոչ Կենտրոնական հետախուզության ծառայությունը, ոչ էլ նույնիսկ Խաչիկ Ստամբոլցյանը։ ԽՍՀՄ-ի փլուզման, նոր տնտեսակարգի ստեղծման մեջ կար պարզ, նյութական շահագրգռվածություն, որը գալիս էր Ռուսաստանի, Մոսկվայի ազդեցիկ շրջանակներից, իսկ քաղաքական առաջնորդներից դա գիտակցեց ոչ թե Գորբաչովը, այլ Անդրոպովը։ «Պերեստրոյկայի» առաջին նախագիծը ստեղծվել էր հենց նրա ցուցումներով։

Իհարկե, կոմունիստական ղեկավարները չէին կարող կանխատեսել, որ բարեփոխումների ուղղությամբ նրանց վարանոտ կիսաքայլերը կբերեն ուժեղ ցնցումների։ Սակայն նրանք բնազդորեն զգում էին, որ էլ ավելի սարսափելի պայթյուն է սպասվում համակարգի արհեստական, ուժային պահպանման դեպքում։ Եվ գորբաչովյան առաջին 3 տարիների ընթացքում քիչ բան չարվեց հնարավորին չափով հանգիստ անցում կատարելու համար։ Բայց 88 թվականից նման քաղաքականությունն իրեն սպառեց: Անդրոպովի, Գորբաչովի, նրանց աշխատակազմերի ու փորձագետների հաշվարկներում կար, հավանաբար, մի կարեւոր խոտան, նրանք հաշվի չէին առնում ազգային գործոնը, արժանապատվություն ունեցող ցանկացած ազգ, նույնիսկ ամենափոքր հնարավորության դեպքում, կձգտի ստեղծել իր պետությունը։ Եվ վերեւից կազմակերպվող բարեփոխական միջոցառումները բախվեցին ներքեւից ինքնաբերաբար ձեւավորվող ազգային-ժողովրդավարական շարժումներին։

Հայաստանում այդ շարժումը հզոր էր եւ հզոր է մնում իր համաժողովրդական բնույթով։ Որքան էլ հաճախ հնչեն այլ երկրների  գավառը  դառնալու  կամ  Խորհրդային  Միությունը  վերականգնելու կոչերը, դրանք լայն արձագանք չեն  գտնի։ Ինչպես ասում են, սակարկությունն այստեղ ավելորդ է։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

14.03.1995թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sergo says:

    Вы лучше говорите о вашем кризисе. СССР давно не существует. Или храбрости не хватает? Не надо о России и СССР. Вы думаете о вашеы стране, Россия и без Армении проживет.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031