Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Ընդդիմությունը չպետք է դադարեցնի պայքարը, թե կան ընտրակեղծիքներ»

Օգոստոս 20,2013 12:57

Հատված «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի «Առաջին լրատվական»ին տված հարցազրույցից

Իսկ ի՞նչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը:

-Նա ամառվա ընթացքում մարզային այցելությունների մեջ էր: Բացի դրանից՝ գիտեք, որ պատգամավորի մեր թեկնածուն ենք առաջադրել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, պատրաստվում ենք այնտեղ ակտիվ քարոզարշավ իրականացնել և փորձելու ենք հաղթել ու գոնե մեկ հոգով ավելացնել ընդդիմության ներկայությունը ԱԺ-ում: Բայց ամեն ինչի մասին չեմ ցանկանում այս պահին բարձրաձայնել:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին, հատկապես որ ՀՀԿ-ի թեկնածուները գրեթե միշտ և ամեն գնով հաղթում են, ինչը «Ժառանգությունն» իր վրա զգացել է նաև նախագահական ընտրություններին:

 -Վերջին 10 տարիների ընթացքում ես չեմ հիշում դեպք, որ ՀՀԿ-ն որևէ տեղ հաղթած լինի: Իսկ այն, որ կեղծում և գողանում են այլոց հաղթանակը, այլ հարց է: Ցավոք, մեզ մոտ ընտրակեղծարարության մակարդակն այսօր այնքան է զարգացել, որ ոչ միայն ՀՀԿ-ն, երբեմն նաև այլ կուսակցություններն են դիմում ընտրակաշառք բաժանելու և այլ կեղծիքների դիմելու քայլին: Բայց ընդդիմությունը չպետք է դադարեցնի պայքարը, թե կան ընտրակեղծիքներ: Բոլոր հնարավոր եղանակները պետք է օգտագործել: Նախ և առաջ՝ ընտրական մեխանիզմները, որովհետև կուսակցությունների համար քաղաքական հիմնական գործունեության ասպարեզը ընտրություններն են: Եվ չմասնակցելը նշանակում է հենց սկզբից հայտարարել պարտության մասին և հանձնել երկրի ապագան:

Այսինքն՝ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցի այդ ընտրություններին, տեղավորվում են Ձեր ասած այդ շրջանակի՞ մեջ:

 -Այդ կուսակցություններն արդեն վաղուց այդ շրջանակի մեջ են, երբ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեցին, նույնը կրկնեցին նաև խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգում և այլն: Կարծում եմ, որ դա արդյունավետ չէ և նույնիսկ վնասակար է:

Բայց նախագահական ընտրություններին գոնե Դուք տեսաք, թե ինչ եղավ, և նրանց չառաջադրվելն ինչ-որ տեղ հասկանալի էր:

 -Տեսանք ինչ եղավ. շատ կուսակցություններ ի սկզբանե հանձնեցին իրենց պատկերացրած հաղթանակը իշխանություններին՝ ասելով, որ, միևնույն է, պարտվելու ենք:

Բայց եթե դուք էլ հաղթել եք, ինչպես հայտարարում եք, չկարողացաք ձեր հաղթանակին տեր լինել:

-Կարևոր է, որ մասնակցեցինք և հաղթեցինք: Ընդդիմադիր մյուս ուժերն էլ ընդունեցին, որ Ր.Հովհաննիսյանը հաղթել է: Դա նշանակում է, որ հնարավոր էր այդ ամենն անել, եթե համախմբումը մի փոքր լայն լիներ, և ընդդիմադիր ուժերը նման կրավորական կեցվածք չընդունեին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031