Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
– Իշխանությունը պատրա՞ստ է դիմագրավելու քաղաքացիական շարժումները քաղաքականացնելու, քաղաքացիների սոցիալական դժգոհությունը քաղաքական կապիտալի վերածելու նկրտումներին։
– Հայաստանը այն երկիրն է, որտեղ հատկապես վերջին ժամանակներս հասարակական, քաղաքացիական ակտիվության պակաս չի զգացվում։ Սա լիովին տեղավորվում է մեր հռչակած քաղաքական ուղեգծի շրջանակներում, որովհետեւ առանց ակտիվ քաղաքացիների հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական պետություն եւ ունենալ առողջ քաղաքացիական հասարակություն։
Այս գիտակցմամբ է, որ իշխանությունները նաեւ, ինչու չէ, նպաստում են քաղաքացիական հասարակության կայացմանը. ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, այնպես էլ Հայաստանում, իշխանությունը պետք է կարողանա ընդառաջ գնալ քաղաքացիական նախաձեռնություններին, լսել հասարակության ձայնը, հաշվի առնել հանրային կարծիքը, որպեսզի քաղաքացիական ինստիտուտները կայանան։
Այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա, որ կցանկանայի նշել. երկու կողմն էլ՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ բողոքի ակցիաների մասնակիցները, չպետք է հատեն «կարմիր» գիծը, որից այն կողմ ամեն ինչ կարող է աղավաղվել եւ տեղափոխվել քաղաքական շահարկումների հարթություն։ Եթե կա պահանջ, եւ իշխանությունն ընդառաջում է այդ պահանջին, պետք է լինի համարժեք վերաբերմունք նաեւ ակտիվիստների կողմից։
Որպեսզի քաղաքացիական շարժումը չուղղորդվի, չօգտագործվի այս կամ այն քաղաքական ուժի կողմից, այն պետք է հստակ տարանջատվի քաղաքական ուժերից ե՛ւ իր գործունեությամբ, ե՛ւ բնույթով, ե՛ւ բովանդակությամբ։ Այդ տեսակետից, ակտիվիստները պիտի կարողանան հստակ ձեւակերպել իրենց պահանջները եւ համարժեք գնահատական տալ իշխանության կողմից ձեռնարկվող քայլերին։
-Դուք է՞լ եք այն կարծիքին, թե քաղաքացիական ակտիվության այդ դրսեւորումներն ինքնաբուխ չեն, այլ ուղղորդված են «շահագրգիռ» քաղաքական շրջանակների կողմից։
-Չէի ուզենա քաղաքացիական շարժումներն այդպես բնութագրել, որովհետեւ, նորից եմ ասում, դրանք մեր երկրի, ժողովրդավարական գործընթացների, քաղաքացիական հասարակության կարեւորագույն ատրիբուտն են։ Եթե ի սկզբանե պիտակավորենք՝ ասենք, որ այդ նախաձեռնություններն ուղղորդված են քաղաքական ուժերի կողմից, արջի ծառայություն կմատուցենք մեր ժողովրդին եւ պետությանը։
Այլ բան է, որ հասարակական ակտիվիստներն էլ պետք է զգոն լինեն, իրենց կամքից անկախ չհայտնվեն այս կամ այն քաղաքական ուժի, հայտնի եւ անհայտ գործիչների ստվերային ազդեցության դաշտում։ Օրինակ, բոլորովին վերջերս տեղեկացա, որ քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցների մեջ կա մեկը՝ Միհրան անունով, որը իբր Սպիտակի բնակիչ է։
Հետաքրքրվեցի, պարզվեց՝ մի քանի տարի բնակվել է Սպիտակում, հետո օրենքի հետ խնդիրներ է ունեցել եւ 1-1,5 տարի առաջ հեռացել է քաղաքից։ Առավոտյան, երբ ոստիկանությունն այդ մարդուն կալանավորել է հասարակական կարգը խախտելու համար, Անդրիաս անունով մեկ այլ անհայտ գործիչ, որը նախագահական ընտրությունների ժամանակ հայտնվել էր քաղաքական գործընթացների «կիզակետում», հայտարարել է, որ դա քաղաքական հետապնդում է քաղաքացիական հասարակության ներկայացուցչի նկատմամբ։
Նմանները ստվեր են նետում նստացույցին մասնակցող երիտասարդների միգուցե ազնիվ նպատակների վրա. եթե քրեական անցյալ ունեցող եւ տարբեր դրվագներով դատապարտված անձը քաղբանտարկյալ է հռչակվում՝ հետեւությունները թողնում եմ ակտիվիստներին։
Կամ՝ Տարոն Մարգարյանը ընդառաջ գնաց ուղեվարձի դեմ բողոքող ակտիվիստների պահանջներին, կասեցրեց իր կայացրած որոշումը եւ առաջարկեց գնալ, մասնակցել քննարկումներին, ներկայացնել իրենց հաշվարկները եւ առաջարկները՝ ինչ անել, ինչ մեխանիզմներ կիրառել, որպեսզի հարցը հօգուտ ժողովրդի լուծվի։ Այսինքն՝ ակտիվիստների ձայնը լսելի դարձավ։
Եվ ի՞նչ։ Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը գնահատեց քաղաքապետի քայլը՝ նույնիսկ շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, մյուսները՝ Միհրանի նմանները, գնացին այլ ճանապարհով. պահանջեցին վարչության պետի հրաժարականը, դատարանի գործառույթ ստանձնելով՝ մեղադրեցին լրագրողին կամ ակտիվիստներից մեկին հայհոյելու համար, մինչդեռ կարող էին դիմել դատարան եւ ապացուցել, որ տվյալ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Չեմ կարծում, թե այդ փաստը ապացուցվելու դեպքում օրինախախտ պաշտոնյան կարող էր տեղ ունենալ իշխանական համակարգում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում