Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Ալիկ Սարգսյանը ապօրինի ազդեցություն է ունեցել այս գործով նախաքննության վրա»

Օգոստոս 20,2013 12:26

Հատված Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ հարցազրույցից: 

– Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած վերջին նիստի ընթացքում մի շատ կարեւոր միջնորդության քննարկում հետաձգվեց։ Խոսքը գնում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին որպես վկա դատակոչելու եւ հարցաքննելու միջնորդության մասին։ Ամբաստանյալ երիտասարդները նշում են, որ Սարգսյանը 2011թ. օգոստոսի 9-ի դեպքերից մի քանի օր անց տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կարեւոր տեղեկություններ էր հայտնել։

– Պետք է ուղղեմ Ձեզ։ Այդ մասին ամբաստանյալ տղաները չէին ասում, այդ մասին ասել է հենց Ալիկ Սարգսյանը։ Ասել էր, որ իրեն հայտնի են դեպքի բոլոր մանրամասները, որ ինքը անձամբ զրուցել է միջադեպի բոլոր մասնակիցների հետ, իսկ քրեական դատավարության 86-րդ հոդվածը պարտադրում է վարույթ իրականացնող մարմնին որպես վկա հարցաքննել բոլոր այն մարդկանց, ում դեպքի մասին որեւէ բան կարող է հայտնի լինել։ Նախաքննության ժամանակ Ալիկ Սարգսյանը չի հրավիրվել որպես վկա հարցաքննվելու, հետո ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարանները չեն արել դա, եւ, բնականաբար, ամբաստանյալների այդ միջնորդությունը շատ հիմնավորված է, դա այս գործով ամենակարեւոր նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն է՝ Ալիկ Սարգսյանին հարցաքննելը եւ պարզելը, թե ինչ է տեղի ունեցել։ Ասեմ, թե ինչու։ Այստեղ խոսքը միայն նրա մասին չէ, թե Ալիկ Սարգսյանը արել է այդ հայտարարությունը, որ զրուցել է դեպքի մասնակիցների հետ եւ պարզել է, թե ինչ է տեղի ունեցել: Կա մի ավելի կարեւոր խնդիր։ Բոլոր տուժող եւ վկա ոստիկանները դատարանում հայտարարեցին, որ իրենք չեն հանդիպել Ալիկ Սարգսյանի հետ։

– Ինչի՞ մասին դա կարող է վկայել։

– Դա վկայում է մի բանի մասին։ Ալիկ Սարգսյանը ապօրինի ազդեցություն է ունեցել այս գործով նախաքննության վրա, հետագայում նախաքննական մարմինը, դրանից հետո էլ արդեն մեղադրանքի կողմը՝ դատախազի գլխավորությամբ փորձել են ուղղել այղ սխալը, կամ այնպես անել, որ առերեւույթ չերեւա այդ ապօրինի ազդեցությունը, եւ մեծ հաշվով նախաքննության եւ դատաքննության ընթացքում խաթարվել է արդար, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք Ալիկ Սարգսյանը ազդել է գործի քննության վրա, կամ եթե չի ազդել, ինչո՞ւ են ոստիկանները դատարանին կեղծ տեղեկություններ հայտնել այն պարագայում, երբ գիտենք, որ բոլորը նախազգուշացվում են, որ դատարանում կեղծ տեղեկություններ չտրվեն։

– Ինչքանո՞վ եք հավանական համարում Ալիկ Սարգսյանին դատակոչելու եւ հարցաքննելու միջնորդության բավարարումը։

– Նախ այս պահին մենք որոշակի առումով հաջողություն ունենք՝ այդ միջնորդությունր չի մերժվել դատարանի կողմից։ Դատարանը պաշտպանական կողմին լրացուցիչ խնդրեց, որ տրամադրվի Ալիկ Սարգսյանի ասուլիսի սղագրությունը, ինչը ամբաստանյալների կողմից գրավոր կից միջնորդությամբ արդեն հանձնվել է դատարանի գրասենյակ։ Հուսով եմ, որ դատարանը, այնուամենայնիվ, կհասկանա, որ Ալիկ Սարգսյանի մասնակցությունը այս քրեական գործին ցանկացած կարգավիճակով բխում է արդարադատության շահերից։ Հույս ունեմ, որ Ալիկ Սարգսյանը որպես վկա հանդես կգա դատարանում, եւ պաշտպանական կողմը իրեն հուզող հարցերը կփորձի պարզել այդ կարեւորագույն վկայից։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031