Այս տարվա հուլիսին` նախորդ տարվա հուլիսի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 8,5 տոկոս: Այս ցուցանիշը հրապարակում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Դա նշանակում է, որ զանգվածային ամենալայն սպառումն ունեցող շուրջ 500 ապրանքների (սննդամթերք, սպառողական ապրանքներ եւ այլն) եւ ծառայությունների (տրանսպորտ, կապ եւ այլն) միջին գները անցյալ տարվա հուլիս ամսվա համեմատ ավելացել են 8,5 տոկոսով: Հասկանալի է, որ որոշ ապրանքների կամ ծառայությունների գներ կարող են ավելացած լինել ավելի շատ, մյուսներինը` ավելի քիչ, հնարավոր է նաեւ որոշ ապրանքների դեպքում էլ գնանկում: Այս ամենը համադրելովՙ վիճծառայությունը հրապարակում է վերոնշյալ ապրանքների եւ ծառայությունների գնաճի միջին ցուցանիշը: Գնաճի ցուցանիշի մեջ չեն մտնում, օրինակ, անշարժ գույքի կամ ավտոմեքենաների գների փոփոխությունները, քանի որ դրանք զանգվածային սպառման ապրանքներ չեն:
Գնաճի եւ նրա զսպման մասին խոսելով եւս մեկ անգամ նշենք, որ առանց չափավոր գնաճի ոչ մի տնտեսություն չի կարող զարգանալ: Պարզապես այն պետք է պահպանել օպտիմալ վիճակում, որպեսզի չառաջացնի սոցիալական ցնցումներ` մի կողմից, եւ չխոչընդոտի տնտեսական աճին` մյուս կողմից: Սակայն բնակչության գերակշիռ մասին այս պարզ ճշմարտությունը հասկանալի չէ: Նրանք գտնում են, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ գնաճ լինի, ժողովրդական լեզվով ասած` «թանկացումներ», որն, ի դեպ, ամբողջությամբ նույնը չէ, ինչ գնաճը: Ավագ սերնդի մեջ դա ավելի շուտ ենթագիտակցորեն գալիս է խորհրդային անցյալից, որտեղ գները սահմանում էր պետությունը` առանց հաշվի առնելու տվյալ ապրանքի իրական ինքնարժեքը եւ ավելի ցածր պահելով ավելի շատ սպառվող ապրանքների գները` փոխհատուցելով դա ավելի թանկարժեք ապրանքների գներն ավելի բարձրացնելով: Թե ինչո՞վ վերջացավ նման գործելաոճը այդ երկրի համար, բոլորս գիտենք: Առավել քան արտասովոր է, ինչի մասին առիթ ունեցել ենք գրել, որ «թանկացումների» վերաբերյալ նույն սուբյեկտիվ ընկալումն ունեն նաեւ երիտասարդները, որոնք չեն էլ տեսել խորհրդային երկիրն ու պլանային տնտեսությունը:
Այսպես կոչված «թանկացումները» բնական է, որ արտացոլվում են գնաճի ցուցանիշի մեջ, բայց դրանք կարող են լինել չհիմնավորված: Այսինքնՙ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ կամ իջնել ոչ թե տնտեսական իրողությունների, այլ սուբյեկտիվ գործոնների հաշվին:
Այսպիսով` ամփոփելով նշենք, որ բնականոն գնաճ պետք է լինի: Կենտրոնական բանկը պարտավոր է թույլ չտալ, որ այն դուրս գա սահմանված նպատակային միջակայքից: Չհիմնավորված գների թանկացումներ չպետք է լինեն: Դրանք չպետք է թույլ տա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Բնակչությունն էլ պետք է սկսի տարբերել այս երեւույթները եւ պահանջի թույլ չտալ չհիմնավորված թանկացումները, զսպել գնաճը, բայց ոչ երբեք` ընդհանրապես գնաճ թույլ չտալ: Փոխարենը նա իրավունք ունի պետությունից պահանջելու գնաճի սոցիալական հետեւանքները մեղմացնելու քայլեր իրականացնել` բարձրացնել աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները (աշխատավարձերի բարձրացում կարող են պահանջել նաեւ մասնավոր կազմակերպություններում աշխատողները): Այլապես մենք մշտապես կլինենք նույն աղքատ երկիրը եւ մշտապես կպահանջենք չբարձրացնել գները, ինչն, ի վերջո, կվերացնի ցանկացած տնտեսական գործունեություն:
Կարդացեք նաև
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում