Hetq.am «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն օֆշորի սկանդալային պատմության մեջ առանցքային դերակատարում ունի: Հիշեցնենք, որ հենց այս բանկն է ադամանդագործ Սուքիսայանին տրամադրել 12 մլն դոլար վարկ, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններն են`
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
«Ամերիաբանկը» չի ստուգել Աշոտ Սուքիասյանի ներկայացրած բիզնես ծրագրում առկա փաստաթղթերը: Ըստ գործող կարգի՝ բանկի ներկայացուցիչը պետք է նաեւ տեղում` Սիերա Լիոնեում, ստուգեր այդ փաստաթղթերում առկա տեղեկությունները: Վարկառու Աշոտ Սուքիասյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ բանկի իրավաբանը պետք է մեկներ Սիերա Լիոնե, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի մեկնել: Բայց բանկը շարունակել է պարտաճանաչ փոխանցումներ կատարել Կիպրոս: «Ամերիաբանկը» ընդհանուր առմամբ 10 մլն 700 հազար դոլար է փոխանցել Աշոտ Սուքիասյանին:
Իսկ եթե բանկը ժամանակին հետևեր իր վարկային ծրագրին, վարկառուի պարտավորությունների կատարմանը, ապա կտեսներ, որ Աշոտ Սուքիասյանը վարկային գումարներով ձեռք է բերել մեծ քանակությամբ ոսկի, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, տուն, ներդրում է կատարել սրճարանի շինարարության մեջ, «Մետաքս Գոլդ» ՍՊԸ –ում և այլն:
Աշոտ Սուքիասյանին ներկայացված մեղադրանքներից մեկն էլ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելն է (ՀՀ քր. օր.-ի 190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ): Սա փողերի լվացման հայտնի հոդվածն է: Իսկ Աշոտ Սուքիասյանը փողերը լվացել է «Ամերիաբանկի» միջոցով: Արդեն հարցաքննվել են բանկի մի քանի աշխատակիցներ, բայց առաժմ չի հարցաքննվել բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Կարդացեք նաև
Ընդհանրապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան պետք է պարզաբանի, թե ինչու է այս գործն ուղարկել ոստիկանություն` ոստիկանության քրեական գլխավոր վարչություն: Այս գործով անցնում են բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում` նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օֆշորային սկանդալի բացահայտման բանալին գուցե հենց նրա՝ ոստիկանապետի ձեռքում է, եթե ասի, թե ում զանգով է Աշոտ Սուքիասյանին թույլատրել լքել Հայաստանի տարածքը: Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, եւ նույն օրը Աշոտ Սուքիասյանը ցանկացել է լքել Հայաստանի տարածքը, սակայն նա արդեն «սեւ ցուցակում» էր, եւ նրան սահմանից բերման են ենթարկել ոստիկանություն: Նա հարցաքննվել է, ապա ազատ արձակվել: Ինչ-որ մեկի զանգով նրա անունը հանվել է «սեւ ցուցակից», ու նա կարողացել է հեռանալ Հայաստանից: Դրանից հետո Ա. Սուքիասյանն այլևս Հայաստան չի վերադարձել:
Իսկ ովքե՞ր են բանկի սեփականատերերը: Նախ ասենք, որ «Ամերիաբանկն» էլ է գրանցված օֆշորում` Կիպրոսում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում